Անցնել բովանդակությանը

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Ծովապնակիկի ատամների կառուցվածքը

Ծովապնակիկի ատամների կառուցվածքը

 Սովորական ծովապնակիկը կոնաձև խեցիով ջրային փափկամարմինների մի տեսակ է, որն ունի արտասովոր ամուր ատամներ։ Դրանք կազմված են գյոտիտ կոչվող կարծր հանքանյութի բարակ և խիտ-խիտ դասավորված մանրաթելերից, որոնք գտնվում են շատ ավելի փափուկ սպիտակուցային հիմնաշերտի մեջ։

 Նկատի առնենք հետևյալը։ Ծովապնակիկի ռադուլան, կամ՝ քերիչը բերանի խոռոչում գտնվող լեզվանման ելուստ է, որը ծածկված է խարտոցի դեր տանող մի քանի շարք կեռաձև ատամնիկներով։ Յուրաքանչյուր ատամի երկարությունը չի հասնում անգամ 1 միլիմետրի (3/64 դյույմ)։ Որպեսզի ծովապնակիկը կարողանա քարերի վրայից քերել ջրիմուռները և սնվել դրանցով, նրա ամեն մի ատամը չափազանց ամուր և կարծր պետք է լինի։

 Հետազոտողները ատոմա-ուժային մանրադիտակի միջոցով չափել են այն առաձգականության ուժը, որին կարող են դիմանալ նրա ատամնիկները։ Նրանք հայտնաբերել են, որ իրենց հետազոտած կենսանյութերից ամենաբարձր ամրության սահմանը ունի ծովապնակիկի ատամը, որը սարդոստայնից էլ ավելի ամուր է։ Հետազոտողների խմբի ղեկավարն ասում է. «Մենք պետք է փորձենք կրկնօրինակել նրա ատամների կառուցվածքը»։

 Գիտնականները կարծում են, որ ծովապնակիկի ատամնանյութի սինթետիկ տարբերակները կարող են օգտագործվել մեքենաների, նավերի և ինքնաթիռների արտադրության մեջ։ Դրանց օգնությամբ կարելի է նույնիսկ ատամների վերականգնում կատարել։

 Ի՞նչ եք կարծում։ Ծովապնակիկի ատամների զարմանալի կառուցվածքը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։