Անցնել բովանդակությանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեխաները և սմարթֆոնները (մաս 1): Արժե՞, որ երեխաս սմարթֆոն ունենա

Երեխաները և սմարթֆոնները (մաս 1): Արժե՞, որ երեխաս սմարթֆոն ունենա

 Գնալով աճում է սմարթֆոն a ունեցող երեխաների թիվը, և նրանցից շատերը ինտերնետից օգտվում են նույնիսկ այն ժամանակ, երբ մենակ են։ Իսկ որո՞նք են երեխային սմարթֆոն տալու դրական և բացասական կողմերը։ Որքա՞ն ժամանակ պետք է թույլ տալ, որ երեխան օգտվի հեռախոսից։

 Ինչ պետք է իմանաս

 Դրական կողմերը

  •   Երեխաների համար՝ ապահովություն, ծնողների համար՝ հանգստություն։ Բեթանին, որը երկու անչափահաս երեխաների մայր է, ասում է. «Մենք ապրում ենք վտանգավոր աշխարհում։ Ուստի շատ կարևոր է, որ երեխաները միշտ կարողանան կապ հաստատել իրենց ծնողների հետ»։

     Քեթրին անունով մի մայր էլ հետևյալն է ասում. «Որոշ հավելվածների օգնությամբ հնարավոր է միանալ երեխայի հեռախոսին և տեսնել, թե որտեղ է նա»։

  •   Տնային աշխատանքներ։ «Երեխաներն իրենց հանձնարարությունները ստանում են էլեկտրոնային փոստով կամ տեքստային հաղորդագրություններով, նաև այդպես կապ են պահում իրենց ուսուցիչների հետ»,— ասում է Մարի անունով մի մայր։

 Բացասական կողմերը

  •   Չափից շատ ժամանակ էկրանի առաջ։ Պատանիները սովորաբար օրը մի քանի ժամ անցկացնում են հեռախոսի մեջ։ Ընդ որում, ծնողներն իրենց սարքերին նույնքան ժամանակ են տրամադրում, որքան երեխաների հետ շփմանը։ Երեխաների հարցերով խորհրդատու Թոմաս Քերսթինգը նշում է, որ որոշ ընտանիքներ վերածվել են «իրար հետ ամեն օր հավաքվող անծանոթների, որոնք չեն կարողանում պոկվել իրենց էլեկտրոնային սարքերից»։ b

  •   Պոռնկագրություն։ Ըստ մի հետազոտության՝ պատանիների մեծ մասը ամիսը առնվազն մեկ անգամ մուտք է գործում պոռնկագրական կայքեր։ Այս վիճակագրությունը այդքան էլ չի զարմացնում՝ հաշվի առնելով, թե որքան հեշտ է սմարթֆոնով ինտերնետ մուտք գործել։ Երկու անչափահաս երեխաների հայր Ուիլյամն ասում է. «Երեխային սմարթֆոն տալով՝ ծնողներն առանց գիտակցելու պոռնկագրություն դիտելու դուռ են բացում նրա առաջ»։

  •   Կախվածություն։ Շատ մարդիկ կապվածություն ունեն իրենց հեռախոսների հետ։ Եթե հանկարծ չեն կարողանում գտնել այն, նրանք խուճապի են մատնվում, անհանգստանում են ու նույնիսկ սկսում են վատ զգալ իրենց։ Որոշ ծնողներ նկատել են, որ իրենց երեխաները էլեկտրոնային սարքերից օգտվելիս կոպիտ են դառնում։ «Երբ ցանկանում եմ խոսել որդուս հետ, նա երբեմն պտտեցնում է աչքերը կամ մի անհարգալից բան է ասում՝ ցույց տալով, որ չի ցանկանում՝ իրեն խանգարեն»,— ասում է Կարմեն անունով մի մայր։

  •   Այլ վտանգներ։ Սմարթֆոնի պատճառով երեխան կարող է կիբերբուլիիգի և սեքստինգի զոհ դառնալ։ Բացի այդ՝ սմարթֆոնները կարող են կեցվածքի հետ կապված խնդիրներ և քնի խանգարումներ առաջացնել, որոնք էլ իրենց հերթին կարող են ավելի լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ։ Որոշ պատանիներ օգտագործում են գաղտնի հավելվածներ, որոնք կարող են ունենալ, օրինակ, հաշվիչի տեսք։ Այդ հավելվածները առաջին հայացքից կարող են անվնաս թվալ, սակայն դրանց օգնությամբ պատանին կարող է իր ծնողներից թաքցնել այն, ինչ ուզում է։

     Դանիել անունով մի հայր ասում է. «Սմարթֆոնը երեխային սկուտեղի վրա մատուցում է այն, ինչ առաջարկվում է ինտերնետում՝ լինի լավ, թե վատ»։

 Հարցեր, որոնք պետք է հաշվի առնես

  •   Իմ երեխային հարկավո՞ր է սմարթֆոն։

     Աստվածաշնչում ասվում է. «Խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակներ 14։15)։ Սա ի մտի ունենալով՝ հարցրու ինքդ քեզ.

     «Անվտանգության կամ այլ պատճառներից ելնելով՝ խելամիտ կլինի՞ երեխային սմարթֆոն տալ։ Հաշվի առե՞լ եմ դրական և բացասական կողմերը։ Սմարթֆոնի փոխարեն ի՞նչ այլընտրանք կա»։

     «Դեռևս հնարավոր է գնել այնպիսի հեռախոսներ, որոնք ինտերնետ մտնելու հնարավորություն չունեն։ Դրանցով կարող ես կա՛մ զանգել, կա՛մ հաղորդագրություն գրել երեխային։ Նաև շատ գումար կխնայես»,— ասում է Թոդ անունով մի հայր։

  •   Երեխաս պատրա՞ստ է կրելու այդ պատասխանատվությունը։

     Աստվածաշնչում ասվում է. «Խորագետի իմաստությունը իր ճանապարհը հասկանալն է» (Առակներ 14։8)։ Սա ի մտի ունենալով՝ հարցրու ինքդ քեզ.

     «Երեխայիս վստահելու ի՞նչ հիմքեր ունեմ։ Նրա հետ բաց հաղորդակցություն ունե՞մ։ Երեխաս միշտ ազնի՞վ է եղել ինձ հետ, չի՞ թաքցրել իր ընկերների ինքնությունը։ Այլ էլեկտրոնային սարքերից, օրինակ՝ հեռուստացույցից, պլանշետից կամ համակարգչից օգտվելիս ինքնատիրապետում դրսևորո՞ւմ է»։ «Սմարթֆոնը հիանալի, բայցև վտանգավոր գործիք է։ Նախքան երեխային սմարթֆոն տալը մտածիր, թե փոքր տարիքում նրա ուսերին ինչ պատասխանատվություն ես դնում»,— ասում է Սերենա անունով մի մայր։

  •   Իսկ ես պատրա՞ստ եմ կրելու այդ պատասխանատվությունը։

     Աստվածաշնչում ասվում է. «Կրթիր երեխային ճիշտ ճանապարհի համաձայն» (Առակներ 22։6)։ Սա ի մտի ունենալով՝ հարցրու ինքդ քեզ.

     «Այդ հեռախոսից գլուխ հանո՞ւմ եմ այնքան, որ կարողանամ օգնել երեխայիս խուսափելու հավանական վտանգներից։ Կարողանո՞ւմ եմ օգտվել այն ծրագրերից, որոնք օգնում են վերահսկողության տակ պահել երեխայի հեռախոսը։ Ինչպե՞ս կարող եմ օգնել երեխայիս ճիշտ որոշումներ կայացնել հեռախոսից օգտվելիս»։ Դանիել անունով մի հայր, որի մասին նշեցինք ավելի վաղ, ասում է. «Նկատել եմ, որ շատ ծնողներ սմարթֆոնը դնում են երեխայի ձեռքն ու մի կողմ քաշվում»։

 Ամփոփում: Սմարթֆոնից ճիշտ օգտվելու համար երեխաներին մարզում է հարկավոր։ Մի գրքում հետևյալն է ասվում. «Էլեկտրոնային սարքերից չափից շատ օգտվելու գայթակղությունն այնքան մեծ է, որ դժվար թե երեխան կարողանա դիմակայել դրան, հատկապես ծնողների վերահսկողության բացակայության պայմաններում» (Indistractable)։

a Այս հոդվածում «սմարթֆոն» բառը վերաբերում է ցանկացած հեռախոսի, որը ինտերնետ մուտք գործելու հնարավորություն ունի։

b Վերցված է «Disconnected» գրքից։