Անցնել բովանդակությանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչո՞ւ է ընթերցանությունը կարևոր երեխաների համար (մաս 2): Էլեկտրոնայի՞ն, թե՞ տպագիր

Ինչո՞ւ է ընթերցանությունը կարևոր երեխաների համար (մաս 2): Էլեկտրոնայի՞ն, թե՞ տպագիր

 Որտեղի՞ց է նախընտրում կարդալ ձեր երեխան՝ տպագիր էջի՞ց, թե՞ էլեկտրոնային սարքից։

 Շատ երեխաներ նախընտրում են էլեկտրոնային սարքը։ «Մի սերունդ, որը սովոր է մեկ սեղմումով անցնել հաջորդ հղմանը կամ վայրկենական անցնել հաջորդ էջ, չի կարող կենտրոնանալ գրքի վրա»,— գրում է պրոֆեսոր Ջեն Թուինջը։ a

 Անշուշտ, էլեկտրոնային սարքից ընթերցելն ունի իր առավելությունները։ 20-ամյա Ջոնը ասում է. «Դպրոցում գրքերը կարդում էի էլեկտրոնային ձևաչափով։ Փնտրտուքներ անելու ֆունկցիայի շնորհիվ արագ գտնում էի անհրաժեշտ ինֆորմացիան»։

 Էլեկտրոնային սարքից ընթերցողները իրենց ձեռքի տակ ունեն շատ օգտակար գործիքներ։ Օրինակ՝ մի պարզ հպումով ընթերցողները կարող են գտնել որևէ բառի սահմանում, հավելյալ տեղեկություններ, ձայնագրություն միացնել կամ դիտել նյութին առնչվող տեսանյութ։ Սակայն արդյո՞ք դա նշանակում է, որ տպագիր նյութ կարդալուց օգուտ չկա։

 Երբ խոսքը վերաբերում է խորը ուսումնասիրություն անցկացնելուն, որոշ մարդիկ նախընտրում են տպագիր նյութերը։ Իսկ ինչո՞ւ։

  •   Կենտրոնացում։ Նաթան անունով մի պատանի ասում է. «Էլեկտրոնային սարքից ընթերցելիս գովազդներն ու ծանուցումները հաճախ խանգարում են ինձ և չեն թողնում կենտրոնանալ»։

     20-ամյա Քերընը նմանատիպ խնդրի է բախվել։ Նա ասում է. «Հեռախոսով կամ պլանշետով ընթերցելիս հեշտությամբ շեղվում եմ, սկսում եմ մեկ այլ հավելված օգտագործել կամ խաղ խաղալ»։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Ձեզ համար գնելով հարմար ժամանակը» (Կողոսացիներ 4։5

     Մտածիր։ Արդյո՞ք ձեր երեխան այնքան կարգապահ է, որ էլեկտրոնային սարքով ուսումնասիրություն անելիս կամ ընթերցելիս չշեղվի հավելյալ բաներով։ Եթե ոչ, ինչպես կարող եք օգնել նրանց, որ սովորեն կենտրոնանալ։

     Առաջարկ։ Օգնիր երեխայիդ հասկանալ, որ այլ հավելվածներով շեղվելը միայն կձգձգի տնային աշխատանքը կատարելու ընթացքը և կկրճատի այն ժամանակը, որը գուցե նա ցանկանար հատկացնել իր նախասիրություններին։

  •   Ընկալում։ Մի գրքում ասվում է. «Բազմաթիվ ուսումնասիրություններ փաստել են, որ էլեկտրոնային սարքից կարդալիս ընթերցողները այնքան լավ չեն ըմբռնում ընթերցածը, որքան տպագիր տեքստից ընթերցելիս» (Be the Parent, Please)։

     Պատճառներից մեկն այն է, որ էլեկտրոնային սարքից ընթերցում են արագ ու թռուցիկ և չեն կարողանում խորհրդածել կարդացածի շուրջ։ Գրող Նիկոլաս Քարը ասում է. «Ինտերնետում մենք ցանկանում ենք տեղեկություններ ձեռք բերել այնքան արագ, որքան կարող են ընկալել մեր աչքերն ու շարժվել մատները»։ b

     Ինչ խոսք, թռուցիկ ընթերցանությունը իր դրական կողմերն ունի։ Սակայն Քարը նշում է. «Դա խնդրի է վերածվում այն ժամանակ, երբ դառնում է ընթերցանության հիմնական ձև»։ Արդյունքում նյութը մակերեսորեն կարդալ-անցնելը կարող է սովորություն դառնալ երեխայի մոտ և թույլ չտալ նրան հասկանալ դրա իմաստը։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Ինչ էլ որ ձեռք ես բերում, դրա հետ միասին հասկացողություն ձեռք բեր» (Առակներ 4։7

     Մտածիր։ Ինչպե՞ս կարող ես օգնել երեխայիդ ավելի խորը փնտրտուքներ անել որևէ թեմայի վերաբերյալ, լինի դա տպագիր, թե էլեկտրոնային հրատարակություններում։

     Առաջարկ։ Եղիր հավասարակշռված։ Հարցն այն չէ, որ պետք է օգտագործես կա՛մ մեկը, կա՛մ մյուսը։ Երկուսն էլ իրենց առավելություններն ունեն։ Էլեկտրոնային սարքերի որոշ ֆունկցիաներ կարող են օգնել լավ ընկալել նյութը։ Ուստի ողջամիտ եղիր, երբ երեխաներիդ հետ քննարկում ես ընթերցանության երկու տարբերակների դրական ու բացասական կողմերը։ Հիշիր նաև, որ երեխաները տարբեր են։

  •   Մտապահում։ Ֆերիս Ջեբըրը իր հոդվածում նշում է. «Էլեկտրոնային սարքից ընթերցելիս մեր ուղեղը ավելի շատ է հոգնում, քան տպագիր տեքստից... արդյունքում կարդացածը մտապահելը համեմատաբար դժվարանում է» (Scientific American)։

     Օրինակ՝ տպված գիրք ընթերցելիս ուղեղը կարող է մտային «քարտեզ» կազմել, թե էջի որ մասում ինչի մասին է խոսվում՝ այդպիսով օգնելով մեզ մտապահել ընթերցածը։ Դա էջանիշի նման կօգնի նորից գտնել ընթերցածդ տեղեկությունը։

     Բացի այդ՝ գիտնականները պարզել են, որ գրքից ընթերցելիս մարդիկ խորությամբ են ընկալում նյութը։ Նրանք հիշում են նյութը, քանի որ հիմնովին են հասկացել այն։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Իմաստություն և խորհելու կարողություն պահպանիր» (Առակներ 3։21

     Մտածիր։ Երեխադ դժվարանո՞ւմ է հասկանալ կամ հիշել կարդացածը։ Եթե այո, կարո՞ղ ես օգնել նրան բարելավել ուսումնասիրություն անելու հմտությունները։ Տպված հրատարակությունից օգտվելը կարո՞ղ է ավելի օգտակար լինել նրա համար։

     Առաջարկ։ Երեխայիդ նախասիրությունները հաշվի առնելու փոխարեն մտածիր նրա ունակությունների մասին։ Մարդիկ հաճախ գերագնահատում են էլեկտրոնային սարքից ընթերցելու իրենց ունակությունը։

a «iGen» գրքից։

b «The Shallows» գրքից։