Անցնել բովանդակությանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Երբ ձեր տեսակետները տարբերվում են

Երբ ձեր տեսակետները տարբերվում են

 Տարբեր հետաքրքրությունները, սովորություններն ու բնավորության գծերը գուցե բավականին խնդիրներ ստեղծեն ամուսնական զույգերի համար։ Սակայն ստորև նշված հարցերը կարող են ավելի մեծ խնդիրներ առաջ բերել։

  •   Որքա՞ն ժամանակ անցկացնել հարազատների հետ։

  •   Ինչպե՞ս տնօրինել գումարը։

  •   Երեխաներ ունենա՞լ, թե՞ ոչ։

 Ի՞նչ կարող եք անել, եթե դուք և ձեր կողակիցը հակառակ տեսակետներ ունեք։

 Ինչ պետք է իմանաք

 Համապատասխան լինել չի նշանակում նույն տեսակետներն ունենալ։ Անգամ ամենահամապատասխան զույգերը միշտ չէ, որ միևնույն տեսակետն ունեն, նույնիսկ լուրջ հարցերի վերաբերյալ։

 «Ես մեծացել եմ ջերմ կապվածություն ունեցող ընտանիքում։ Հանգստյան օրերը մենք անցկացնում էինք պապիկներիս, տատիկներիս, քեռիներիս, հորեղբայրներիս, հորաքույրներիս, մորաքույրներիս ու նրանց երեխաների հետ։ Իսկ ամուսնուս ընտանիքն այդպիսին չէ։ Ուստի մենք տարբեր տեսակետներ ունենք այն բանի վերաբերյալ, թե որքան ժամանակ պետք է անցկացնենք ընտանիքի հետ կամ որքան ժամանակ պետք է հաղորդակցվենք հեռվում բնակվող հարազատների հետ» (Թամարա)։

Երկու հոգի կարող է նայել միևնույն տեսարանին և տարբեր կերպերով ընկալել այն։ Նույնը կարելի է ասել այն հարցերի մասին, որոնց հետ կապված՝ ամուսնական զույգը տարակարծիք է

 «Քանի որ մեր ընտանիքները գումարը տնօրինելու հետ կապված տարբեր առաջնահերթություններ են ունեցել, ես ու կինս տարբեր տեսակետներ ունենք այդ հարցի վերաբերյալ։ Ամուսնության առաջին ամիսներին մենք մի քանի անգամ վիճել ենք այդ պատճառով։ Սակայն խնդիրը չի լուծվել ո՛չ առաջին և ո՛չ էլ երկրորդ զրույցից հետո» (Թայլեր)։

 Փոխզիջման գնալը որոշ խնդիրների դեպքում լուծում չէ։ Օրինակ՝ ինչպե՞ս վարվել, եթե ամուսնու կամ կնոջ ծնողներից մեկը հիվանդացել է և խնամքի կարիք ունի։ Կամ ի՞նչ անել, եթե ամուսիններից մեկը ուզում է երեխա ունենալ, իսկ մյուսը՝ ոչ։ a

 «Ես ու կինս մի քանի անգամ երկար զրուցել ենք երեխաներ ունենալու հարցի շուրջ։ Նա ավելի ու ավելի շատ է մտածում այդ մասին, և մեր տեսակետները գնալով տարբերվում են։ Չգիտեմ, թե այս իրավիճակում ինչպես կարող ենք փոխզիջումների գնալ» (Ալեքս)։

 Տարբեր տեսակետներ ունենալ չի նշանակում անհաջող ամուսնություն ունենալ։ Որոշ մասնագետներ ասում են, որ եթե դուք և ձեր կողակիցը լուրջ հարցի լուծման հետ կապված փակուղու առաջ եք հայտնվել, պետք է հնարավորինս ամեն բան անեք, որ հասնեք ձեր ուզածին, անգամ ամուսնալուծության գնով։ Բայց այդպիսի «լուծում» ընտրելով՝ դուք ցույց կտաք, որ չափից շատ եք կարևորություն տալիս ձեր զգացմունքներին և շատ քիչ եք կարևորում Աստծու առաջ տված երդումը՝ հավատարիմ մնալ ձեր կողակցին, ինչ էլ որ լինի։

 Ինչ կարող եք անել

 Հավատարիմ եղեք ձեր ամուսնական երդմանը։ Դա կօգնի, որ բարդ խնդիրների առաջ կանգնելիս դրանք լուծեք որպես թիմակիցներ, ոչ թե որպես հակառակորդներ։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթեոս 19:6

 Հաշվիր ծախսը։ Ենթադրենք՝ կողակիցներից մեկը ուզում է երեխա ունենալ, բայց մյուսը չի ուզում։ Կան մի շարք գործոններ, որոնք պետք է հաշվի առնել։ Նկատի առեք դրանցից մի քանիսը.

  •   Ձեր փոխհարաբերությունները։

     Արդյո՞ք ձեր ամուսնական կապը այնքան ամուր է, որ երեխա մեծացնելու հետ կապված լրացուցիչ սթրեսը վտանգի չի ենթարկի այն։

  •   Ծնող լինելու պարտականությունները։

     Դա ավելին է, քան երեխային սննդով, հագուստով և կացարանով ապահովելը։

  •   Ձեր ֆինանսական վիճակը։

     Կարո՞ղ եք հավասարակշռել աշխատանքը, ընտանիքը և այլ պարտականություններ։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Եթե ձեզանից մեկը ցանկանա աշտարակ կառուցել, մի՞թե նախ չի նստի և չի հաշվի ծախսը» (Ղուկաս 14:28

 Հարցը քննեք բոլոր կողմերից։ Դուք գուցե կարողանաք որոշ չափով լուծել տարաձայնությունը։ Օրինակ՝ եթե հարցը երեխա ունենալ կամ չունենալն է, ապա կողակիցներից նա, ով չի ուզում ունենալ երեխա, կարող է ինքն իրեն հետևյալ հարցերը տալ.

  •   Ես ընդհանրապե՞ս չեմ ուզում երեխա ունենալ, թե՞ այս պահին։

  •   Մտածում եմ, որ չե՞մ կարող լավ ծնող լինել։

  •   Վախենում եմ, որ կողակիցս ինձ անուշադրությա՞ն կմատնի։

 Մյուս կողմից՝ երեխա ունենալ ցանկացող կողակիցը կարող է մտածել հետևյալ հարցերի շուրջ.

  •   Մենք պատրա՞ստ ենք ստանձնել ծնող դառնալու պատասխանատվությունը։

  •   Բավականաչափ ֆինանսական միջոցներ ունե՞նք երեխա մեծացնելու համար։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Վերին իմաստությունը.... խոհեմ է» (Հակոբոս 3:17

 Երբ ձեր կողակցի տեսակետը ճիշտ է, ընդունեք այն։ Երկու հոգի կարող է նայել միևնույն տեսարանին և տարբեր կերպերով ընկալել այն։ Նույն ձևով էլ ամուսինները կարող են տարբեր տեսակետներ ունենալ միևնույն հարցի վերաբերյալ, օրինակ, թե ինչպես ծախսել գումարը։ Եթե ուզում եք քննարկել մի իրավիճակ, որի շուրջ տարակարծություն ունեք, նախ սկսեք այն բանից, ինչի վերաբերյալ համակարծիք եք։

  •   Ի՞նչ ընդհանուր նպատակներ ունեք։

  •   Ի՞նչ դրական կողմ ունի յուրաքանչյուր տեսակետ։

  •   Հանուն ամուսնության՝ ձեզնից մեկը կամ երկուսդ էլ պատրա՞ստ եք որևէ հարցում զիջումների գնալու։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Թող ամեն մեկը ոչ թե իր օգուտը փնտրի, այլ իր դիմացինի օգուտը» (1 Կորնթացիներ 10:24

a Լուրջ հարցերը պետք է նախքան ամուսնանալը քննարկվեն։ Այնուամենայնիվ, կարող են անսպասելի հանգամանքներ առաջ գալ, կամ ժամանակի ընթացքում գուցե ամուսիններից մեկի զգացմունքները փոխվեն (Ժողովող 9:11