Անցնել բովանդակությանը

Ի՞նչ է նշանակում լինել «բարի սամարացի»

Ի՞նչ է նշանակում լինել «բարի սամարացի»

Աստվածաշնչի պատասխանը

Սովորաբար «բարի սամարացի» են անվանում այն մարդուն, որը օգնության ձեռք է մեկնում կարիքի մեջ եղողներին։ Այդ արտահայտությունը ծագել է Հիսուսի պատմած առակից, որում մի մարդ ողորմածաբար վարվեց իր մերձավորի հանդեպ՝ չնայած նրա ազգությանը և ծագմանը։

Այս հոդվածում՝

 Ինչի՞ մասին է «բարի սամարացու» առակը

Ահա Հիսուսի առակի համառոտ բովանդակությունը։ Մի հրեա մարդ Երուսաղեմից գնում էր Երիքով, երբ ավազակները նրան կողոպտեցին, ծեծեցին և կիսամեռ թողեցին ճանապարհին ընկած։

Այդ վիրավոր մարդու կողքով անցան մի հրեա քահանա և կրոնական առաջնորդ, ու թեև նրանք նույն ազգից էին, սակայն օգնության ձեռք չմեկնեցին։

Ավելի ուշ մի այլազգի մարդ անցավ այդ ճանապարհով։ Նա սամարացի էր (Ղուկաս 10։33; 17։16–18)։ Սամարացին խղճաց այդ մարդուն և մշակեց նրա վերքերը, այնուհետև տարավ իջևանատուն, որտեղ ամբողջ գիշեր հոգ տարավ նրա մասին։ Հաջորդ օրը սամարացին վճարեց իջևանատիրոջը և ասաց, որ եթե հավելյալ ծախսեր առաջանան, դրանք էլ կվճարի (Ղուկաս 10։30–35

 Հիսուսը ինչո՞ւ պատմեց այդ առակը

Հիսուսը այդ առակը պատմեց մի մարդու, որը կարծում էր, թե մերձավորը միայն իր ազգությանը պատկանող և իր կրոնը դավանող մարդն է։ Հիսուսը ցանկանում էր կարևոր դաս սովորեցնել նրան. «մերձավոր» միայն հրեաները չէ, որ կարող էին լինել (Ղուկաս 10։36, 37)։ Այս առակը տեղ է գտել Աստվածաշնչում, որպեսզի օգտակար լինի բոլոր այն մարդկանց համար, որոնք ցանկանում են հաճեցնել Աստծուն (2 Տիմոթեոս 3։16, 17

 Ի՞նչ դաս ենք սովորում այդ առակից

Այս պատմությունից սովորում ենք, որ պետք է գործերով ցույց տանք մեր կարեկցանքը, ձեռք մեկնենք տառապող մարդուն՝ անկախ նրա ծագումից, ռասայից ու ազգությունից և ուրիշների հետ վարվենք այնպես, ինչպես կցանկանայինք, որ մեզ հետ վարվեին (Մատթեոս 7։12

 Ովքե՞ր էին սամարացիները

Սամարացիները ապրում էին Հուդայից հյուսիս ընկած տարածքներում։ Նրանց մեջ շատ էին հրեաների և ոչ հրեաների ամուսնությունից առաջացած սերունդները։

Մինչև մ. թ. առաջին դարը սամարացիները արդեն իրենց կրոնն ունեին։ Նրանք ընդունում էին միայն Եբրայերեն գրությունների առաջին հինգ գրքերը։

Հիսուսի օրերում շատ հրեաներ արհամարհում էին սամարացիներին և հեռու էին մնում նրանցից (Հովհաննես 4։9)։ Որոշ հրեաներ էլ «սամարացի» բառը որպես վիրավորանք էին օգտագործում (Հովհաննես 8։48

 «Բարի սամարացու» առակը իրակա՞ն պատմություն է

Աստվածաշնչում չի նշվում՝ բարի սամարացու մասին պատմությունը իրականում տեղի է ունեցել, թե ոչ։ Սակայն Հիսուսը հաճախ էր անդրադառնում իր ունկնդիրներին ծանոթ սովորույթներին ու վայրերին, քանի որ դրանք ավելի հասկանալի էին դարձնում իր խոսքը, և այս առակը բացառություն չէր։

Դրանում նշված շատ մանրամասներ պատմականորեն ճշգրիտ են։ Օրինակ՝

  • Երուսաղեմից Երիքով տանող ուղին ավելի քան 20 կմ (12 մղոն) երկարություն ունեցող զառիթափ ճանապարհ էր, իսկ Երուսաղեմը Երիքովից 1 կմ (0,6 մղոն) բարձրության վրա էր գտնվում։ Առակում ճշգրտորեն նշվում է, որ ճանապարհորդները «Երուսաղեմից իջնում էին Երիքով» (Ղուկաս 10։30

  • Երիքովում ապրող քահանաներն ու ղևտացիները Երուսաղեմ գնալու համար կանոնավոր անցնում էին այս ճանապարհով։

  • Ավազակները հաճախ թաքնվում էին այդ ճանապարհի ամայի հատվածներում և հարձակվում ու թալանում էին հատկապես մենակ ճամփորդողներին։