Անցնել բովանդակությանը

Ի՞նչ է Աստվածաշունչը ասում տարեց ծնողներին հոգ տանելու մասին

Ի՞նչ է Աստվածաշունչը ասում տարեց ծնողներին հոգ տանելու մասին

Աստվածաշնչի պատասխանը

 Չափահաս երեխաները կարևոր պարտականություն ունեն ապահովելու իրենց տարեց ծնողների խնամքը։ Աստվածաշունչն ասում է, որ նրանք պետք է «սովորեն բարեպաշտությունը կիրառել նախ իրե՛նց տանը՝ ծնողներին իրենց տրված խնամքի փոխարեն հոգ տանելով.... որովհետև ա՛յդ է ճշմարիտ և ընդունելի բարեպաշտությունն Աստծու համար» (1 Տիմոթեոս 5։4, ԱՆԹ)։ Ամեն ինչ անելով, որ իրենց տարեց ծնողները խնամք ստանան՝ չափահաս երեխաները նաև հնազանդվում են ծնողներին պատվելու մասին աստվածաշնչյան պատվիրանին (Եփեսացիներ 6։2, 3

 Աստվածաշնչում կոնկրետ հրահանգներ չկան տարեց ծնողներին հոգ տանելու մասին։ Սակայն այնտեղ նշված են հավատի տեր տղամարդկանց ու կանանց օրինակներ, ովքեր հոգ են տարել իրենց ծնողներին։ Սուրբ Գիրքը նաև գործնական խորհուրդներ է պարունակում, որոնք կարող են օգտակար լինել տարեցներին խնամողների համար։

 Աստվածաշնչյան ժամանակներում ինչպե՞ս են որոշ ընտանիքների անդամներ հոգ տարել իրենց տարեց ծնողներին

 Նրանք դա արել են տարբեր կերպերով՝ կախված հանգամանքներից։

  •   Հովսեփը հեռու էր ապրում իր ծեր հորից՝ Հակոբից։ Երբ նա ի վիճակի եղավ, քայլեր ձեռնարկեց, որ Հակոբը տեղափոխվի ապրելու իրեն մոտ մի վայրում։ Հովսեփն իր հորը ապահովեց տնով և ուտելիքով ու պաշտպանեց նրան (Ծննդոց 45։9–11; 47։11, 12

  •   Հռութը տեղափոխվեց իր սկեսրոջ երկիր և ջանասիրաբար աշխատեց, որ հոգ տանի նրան (Հռութ 1։16; 2։2, 17, 18, 23

  •   Հիսուսը մահից կարճ ժամանակ առաջ իր մոր՝ Մարիամի խնամքը, որն, ըստ ամենայնի, արդեն այրի էր, հանձնեց իր աշակերտներից մեկին (Հովհաննես 19։26, 27 a

 Աստվածաշնչյան ո՞ր գործնական խորհուրդները կարող են օգնել տարեցներին խնամողներին

 Երբեմն տարեց ծնողների խնամքը կարող է ֆիզիկապես և զգացապես ուժասպառ անել։ Սակայն Աստվածաշնչում կան սկզբունքներ, որոնք կօգնեն նրանց խնամողներին։

  •   Պատվեք ձեր ծնողներին։

     Ինչ է ասում Աստվածաշունչը. «Պատվիր քո հորն ու մորը» (Ելք 20։12

     Ինչպե՞ս կարելի է կիրառել այս սկզբունքը։ Պատիվ տվեք ծնողներին՝ թույլ տալով իրենց կարողությունների սահմաններում պահպանել ինքնուրույնությունը։ Հնարավորինս թույլ տվեք, որ իրենց խնամքի հետ կապված որոշումներն իրենք կայացնեն։ Միևնույն ժամանակ պատվեք ձեր ծնողներին՝ ողջամտության սահմաններում անելով այն, ինչը կնպաստի նրանց բարօրությանը։

  •   Հասկացող և ներողամիտ եղեք։

     Ինչ է ասում Աստվածաշունչը. «Մարդու ըմբռնողականությունը հանդարտեցնում է իր բարկությունը, և նրա գեղեցկությունը հանցանքին ուշադրություն չդարձնելն է» (Առակներ 19։11

     Ինչպե՞ս կարելի է կիրառել այս սկզբունքը։ Եթե ձեր տարեց ծնողը կոպիտ բան է ասում, կամ թվում է, թե չի գնահատում ձեր հոգատարությունը, հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ կզգայի, եթե ինքս լինեի նման վհատեցնող հանգամանքներում կամ ունենայի այդպիսի սահմանափակ հնարավորություններ»։ Ձգտելով հասկացող և ներողամիտ լինել՝ թերևս չեք բարդացնի առանց այն էլ դժվար իրավիճակը։

  •   Խորհուրդ հարցրեք ուրիշներից։

     Ինչ է ասում Աստվածաշունչը. «Անկեղծ զրույց չլինելիս ծրագրերը խափանվում են, բայց խորհրդատուների շատության դեպքում հաջողություն է լինում» (Առակներ 15։22

     Ինչպե՞ս կարելի է կիրառել այս սկզբունքը։ Փնտրտուքներ արեք այն մասին, թե ինչպես կարող եք օգնել ձեր ծնողներին դիմագրավելու առողջական խնդիրները։ Պարզեք, թե ձեր տեղանքում օգնության ինչ միջոցներ են առաջարկվում նրանց հոգ տանելու համար։ Զրուցեք այն մարդկանց հետ, ովքեր խնամում են իրենց տարեց ծնողներին։ Եթե եղբայր կամ քույր ունեք, կարող եք ընտանիքով հավաքվել քննարկելու համար, թե ինչի կարիք ունեն ձեր ծնողները, ինչպես հոգ տանել նրանց և բաշխել պարտականությունները։

    Կարող եք ընտանիքով հավաքվել քննարկելու համար, թե ինչպես հոգ տանել ձեր տարեց ծնողներին

  •   Համեստ եղեք։

     Ինչ է ասում Աստվածաշունչը. «Իմաստությունը համեստների հետ է» (Առակներ 11։2

     Ինչպե՞ս կարելի է կիրառել այս սկզբունքը։ Ընդունեք, որ ձեր հնարավորությունները, օրինակ՝ ժամանակը և ուժերը սահմանափակ են։ Այդ սահմանափակումները թերևս որոշիչ դեր կունենան այն հարցում, թե իրականում որքան բան կկարողանաք անել ծնողների համար։ Եթե զգում եք, որ խնամք տանելու պատճառով ձեր ուժերը քամվել են, դիմեք ընտանիքի մյուս անդամների կամ մասնագետների օգնությանը։

  •   Հոգ տարեք ձեր մասին։

     Ինչ է ասում Աստվածաշունչը. «Ոչ ոք երբեք չի ատել իր մարմինը, այլ կերակրում ու քնքշորեն խնամում է նրան» (Եփեսացիներ 5։29

     Ինչպե՞ս կարելի է կիրառել այս սկզբունքը։ Թեև դուք պարտականություն ունեք հոգ տանելու ձեր ծնողների մասին, սակայն պետք է նաև հոգ տանեք ձեր և, եթե ամուսնացած եք, ձեր ընտանիքի կարիքների մասին։ Պետք է լավ սնվեք, բավականաչափ քնեք ու հանգստանաք (Ժողովող 4:6)։ Երբ հնարավոր է, կտրվեք ձեր առօրյայից։ Անելով այդ բաները՝ զգացապես, ֆիզիկապես և մտային առումով ավելի լավ վիճակում կլինեք ու կկարողանաք հոգ տանել ձեր ծնողներին։

 Աստվածաշունչն ասո՞ւմ է, որ տարեց ծնողներին պարտադիր տանը պետք է հոգ տանել

 Աստվածաշունչը կոնկրետ չի ասում, որ չափահաս երեխաները պարտադիր տանը պետք է հոգ տանեն ծնողների մասին։ Որոշ ընտանիքներ նախընտրում են, որ տարիքն առած ծնողները հնարավորինս երկար ապրեն իրենց հետ նույն հարկի տակ։ Սակայն ժամանակի ընթացքում նրանք գուցե զգան, որ ծնողին ծերանոց տանելը հարցի ավելի լավ լուծում է։ Ընտանիքի անդամները կարող են հավաքվել, որպեսզի որոշեն, թե որն է լավագույն տարբերակը յուրաքանչյուրի համար (Գաղատացիներ 6։4, 5

a Այս արձանագրության մասին Աստվածաշնչի վերաբերյալ մի մեկնաբանության մեջ նշվում է. «Հնարավոր է՝ Հովսեփը [Մարիամի ամուսինը] երկար ժամանակ էր, ինչ մահացած էր, և Մարիամի մասին հոգ էր տանում նրա որդին՝ Հիսուսը։ Բայց հիմա, երբ Հիսուսը մահանում էր, ի՞նչ էր լինելու նրա հետ.... Այստեղ Քրիստոսը երեխաներին սովորեցնում է, որ նրանք պետք է հոգ տանեն իրենց տարեց ծնողների հարմարավետության մասին» (The NIV Matthew Henry Commentary in One Volume, էջ 428–429)։