Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՎԻՇՏԸ ՄԵՂՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ինչպես մեղմել վիշտը. ինչ կարող եք անել

Ինչպես մեղմել վիշտը. ինչ կարող եք անել

Եթե վիշտը հաղթահարելու համար խորհուրդներ փնտրեք, անթիվ անհամար առաջարկներ կգտնեք, մի քանիսը՝ օգտակար, մի քանիսը՝ ոչ այնքան։ Պատճառը թերևս այն է, որ, ինչպես արդեն նշեցինք, ամեն մեկը յուրովի է վիշտ ապրում։ Այն, ինչ օգնում է մեկին, գուցե չօգնի մեկ ուրիշին։

Ամեն դեպքում, կան որոշ հիմնական խորհուրդներ, որոնք օգնել են շատերին։ Դրանք հաճախ են տրվում հոգեբան-խորհրդատուների կողմից և հիմնված են երբեք չհնացող սկզբունքների վրա, սկզբունքներ, որոնք վերցված են իմաստության հնագույն մի աղբյուրից՝ Աստվածաշնչից։

1 ԸՆԴՈՒՆԵՔ ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

  • Շատ մասնագետներ սա համարում են կորստի ցավը հաղթահարելու ամենակարևոր գործոնը։ Սակայն երբեմն գուցե ցանկանաք մենակ մնալ։ Հնարավոր է՝ նույնիսկ զայրանաք նրանց վրա, ովքեր փորձում են օգնել ձեզ։ Դա բնական է։

  • Մի՛ մտածեք, թե պետք է միշտ մարդկանցով շրջապատված լինեք, բայց միևնույն ժամանակ մի՛ վանեք նրանց ձեզանից։ Ի վերջո գուցե հետագայում նրանց օգնության կարիքն ունենաք։ Նրբանկատորեն ասեք նրանց, թե այդ պահին ինչի կարիքն ունեք և ինչի կարիքը չունեք։

  • Ըստ ձեր կարիքների՝ որոշեք՝ ինչքան ժամանակ շփվել ուրիշների հետ և ինչքան ժամանակ մենակ մնալ։

ՍԿԶԲՈՒՆՔ։ «Երկուսով ավելի լավ է, քան մենակ, որովհետև.... եթե մեկն ընկնի, մյուսն իր ընկերոջը կբարձրացնի» (Ժողովող 4։9, 10

2 ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ ՍՆՆԴԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԵՔ

  • Ճիշտ սննդակարգը կօգնի հաղթահարել սթրեսը, որը սովորաբար առաջանում է, երբ մարդ վիշտ է ապրում։ Օգտագործեք զանազան մրգեր, բանջարեղեն և սպիտակուցով հարուստ ցածր յուղայնության սննդամթերք։

  • Խմեք շատ ջուր և այլ օգտակար ըմպելիքներ։

  • Եթե այդքան էլ ախորժակ չունեք, սնվեք քիչ չափաբաժիններով և հաճախակի։ Նաև կարելի է խորհուրդ հարցնել բժշկից սննդային հավելումներ օգտագործելու վերաբերյալ։ a

  • Արագ քայլքը և այլ ֆիզիկական վարժությունները կարող են նվազեցնել բացասական էմոցիաները։ Ֆիզիկական վարժություններ անելիս դուք ժամանակ կունենաք խորհրդածելու ձեր ապրած կորստի մասին, կամ ընդհակառակը՝ դա կարող է օգնել, որ ժամանակավորապես կտրվեք այդ մտքերից։

ՍԿԶԲՈՒՆՔ։ «Ոչ ոք երբեք չի ատել իր մարմինը, այլ կերակրում ու քնքշորեն խնամում է նրան» (Եփեսացիներ 5։29

3 ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՔՆԵՔ

  • Քունը միշտ էլ կարևոր է, հատկապես նրանց համար, ովքեր վիշտ են ապրում, քանի որ վիշտը խլում է մարդու ուժերը։

  • Ուշադիր եղեք, թե որքան կոֆեին և ալկոհոլ եք օգտագործում, քանի որ դրանք կարող են խանգարել քունը։

ՍԿԶԲՈՒՆՔ։ «Ավելի լավ է մի բուռ հանգիստ, քան երկու բուռ տքնաջան աշխատանք և վազք՝ քամու հետևից» (Ժողովող 4։6

4 ԳՏԵՔ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՎԸ

  • Հիշեք, որ ամեն մեկը յուրովի է վիշտ ապրում։ Պետք է փորձեք գտնել վիշտը հաղթահարելու այն ձևը, որը լավագույնը կլինի ձեզ համար։

  • Շատերը կարողանում են վիշտը մեղմել՝ իրենց սրտի ցավը պատմելով ուրիշներին, իսկ ոմանք էլ նախընտրում են չարտահայտվել։ Մասնագետները տարբեր կարծիքներ ունեն այն մասին, թե զգացմունքներ արտահայտելը ինչ չափով է դեր խաղում վիշտը հաղթահարելու հարցում։ Եթե ցանկանում եք ձեր սիրտը բացել ինչ-որ մեկի առաջ, բայց վարանում եք դա անել, գուցե սկսեք ձեր ապրումների մասին աստիճանաբար որոշ բաներ պատմել ձեր մտերիմ ընկերոջը։

  • Ոմանք զգացել են, որ արտասվելը օգնում է մեղմել իրենց սրտի կսկիծը, մինչդեռ մյուսները կարողանում են հաղթահարել իրենց վիշտը առանց շատ արտասվելու։

ՍԿԶԲՈՒՆՔ։ «Մարդու սիրտը տեղյակ է իր հոգու դառնությունից» (Առակներ 14։10

5 ԽՈՒՍԱՓԵՔ ՎՆԱՍԱԿԱՐ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

  • Հարազատ կորցրած որոշ մարդիկ փորձում են թեթևացնել իրենց սրտի ցավը՝ չարաշահելով ալկոհոլը և թմրանյութեր օգտագործելով։ Փորձելով վշտի ցավը այդ կերպով խեղդել՝ մարդը միմիայն վնասում է ինքն իրեն։ Ինչ թեթևացում էլ բերի ալկոհոլի և թմրանյութերի օգտագործումը, դա միայն ժամանակավոր է, և բավականին լուրջ հետևանքներ է բերում։ Ավելի լավ է անհանգստությունները փարատելու անվտանգ կերպեր գտնել։

ՍԿԶԲՈՒՆՔ։ «Եկեք մաքրենք մեզ.... ամեն պղծությունից» (2 Կորնթացիներ 7։1

6 ԺԱՄԱՆԱԿ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ ՓՈՐՁԵՔ ԿՏՐՎԵԼ ՁԵՐ ՑԱՎԻՑ

  • Շատերը նկատել են, որ սգալու (ցավ ապրելու և հույզերը հաղթահարելու) հետ մեկտեղ, օգտակար է ժամանակ առ ժամանակ այլ բանով զբաղվել ու, եթե հնարավոր է, երբեմն չմտածել իրենց ցավի մասին։

  • Գուցե ձեր ցավը ինչ-որ չափով թեթևանա, եթե փորձեք նոր ընկերներ գտնել կամ ամրացնեք կապը ձեր ընկերների հետ, նոր հմտություններ սովորեք, հաճելի ժամանակ անցկացնեք, հանգստանաք։

  • Ժամանակի ընթացքում, ըստ ամենայնի, փոփոխություններ կնկատեք. գուցե ավելի երկար ժամանակով և ավելի հաճախ կտրվեք ձեր ցավից, ինչը ապաքինվելու բնական ընթացքն է։

ՍԿԶԲՈՒՆՔ։ «Ամեն ինչ իր ժամանակն ունի.... [կա] լացելու ժամանակ և ծիծաղելու ժամանակ, ողբալու ժամանակ և պարելու ժամանակ» (Ժողովող 3։1, 4

7 ԱՌՕՐՅԱ ԳՐԱՖԻԿ ՈՒՆԵՑԵՔ ԵՎ ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎԵԼ ԴՐԱՆ

  • Որքան հնարավոր է շուտ վերադարձեք առօրյա կյանքին։

  • Եթե քնելու, աշխատանքի և այլ գործերի համար գրաֆիկ ունենաք և հետևեք դրան, դա կօգնի որ հնարավորինս շուտ վերադառնաք ձեր կյանքի բնականոն ընթացքին։

  • Օգտակար և դրական բաներով զբաղված լինելը կօգնի նվազեցնել բացասական հույզերը։

ՍԿԶԲՈՒՆՔ։ «Մարդն իր կյանքի օրերի վաղանցիկության մասին հազվադեպ կհիշի, քանի որ ճշմարիտ Աստված նրան զբաղված է պահում նրա սրտի ուրախությամբ» (Ժողովող 5։20

8 ՄԻ՛ ՇՏԱՊԵՔ ԼՈՒՐՋ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼ

  • Շատերը, ովքեր հարազատ կորցնելուց անմիջապես հետո լուրջ որոշումներ են կայացրել, հետագայում ափսոսացել են դրանց համար։

  • Եթե հնարավոր է, թողեք որոշ ժամանակ անցնի, նախքան կորոշեք տեղափոխվել, փոխել ձեր աշխատանքը, դեն նետել ձեր հարազատի անձնական իրերը։

ՍԿԶԲՈՒՆՔ։ «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն, բայց ամեն շտապող կարիքի մեջ կընկնի» (Առակներ 21։5

9 ՎԱՌ ՊԱՀԵՔ ՁԵՐ ՀԱՐԱԶԱՏԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԵՐԸ

  • Վիշտ ապրող շատ մարդիկ զգացել են, որ երբ որոշ բաներ են անում, որ մահացածի մասին իրենց հիշողությունը վառ պահեն, դա իրենց շատ է օգնում։

  • Գուցե ձեր ցավը փոքր-ինչ թեթևանա, եթե հավաքեք տարբեր նկարներ, հուշաիրեր կամ հուշատետր պահեք և այնտեղ գրի առնեք բոլոր դեպքերն ու պատմությունները, որ կուզեիք միշտ հիշել։

  • Հավաքեք և պահեք այն ամենը, ինչը ձեր մեջ հաճելի հիշողություններ կարթնացնի, և հետագայում, երբ զգաք, որ պատրաստ եք, աչքի անցկացրեք դրանք։

ՍԿԶԲՈՒՆՔ։ «Հիշիր վաղեմի օրերը» (2 Օրենք 32։7

10 ՓՈԽԵՔ ՁԵՐ ՄԻՋԱՎԱՅՐԸ

  • Գուցե որոշեք արձակուրդ վերցնել։

  • Եթե երկարատև արձակուրդ վերցնելը նպատակահարմար չէ, թերևս կարող եք պարզապես մեկ կամ երկու օր որևէ հաճելի բանով զբաղվել, օրինակ՝ զբոսնել, այցելել թանգարան կամ մեքենայով ինչ-որ տեղ գնալ։

  • Միջավայրի անգամ կարճատև փոփոխությունը կօգնի մեղմել ձեր վիշտը։

ՍԿԶԲՈՒՆՔ։ «Եկեք առանձին մի մեկուսի վայր գնանք և մի փոքր հանգիստ առեք» (Մարկոս 6։31

11 ՕԳՆԵՔ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ

  • Հիշեք. ամեն անգամ ուրիշներին օգնելով՝ դուք էլ ձեզ ավելի լավ կզգաք։

  • Գուցե ցանկանաք նախ օգնել նրանց, ովքեր նույնպես սգում են ձեր հարազատի կորուստը։ Դրանք կարող են լինել ձեր հարազատները կամ ընկերները, ովքեր վշտակից մարդու կարիք ունեն։

  • Ուրիշներին աջակցելով ու մխիթարելով՝ դուք կրկին ուրախություն կստանաք, և ձեր կյանքը, որ թվում էր, թե դարձել է աննպատակ, կիմաստավորվի։

ՍԿԶԲՈՒՆՔ։ «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35

12 ՎԵՐԱՆԱՅԵՔ ՁԵՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Վիշտը կարող է օգնել կյանքին ուրիշ աչքերով նայելու, հասկանալու, թե ինչն է ավելի կարևոր։

  • Սա հարմար ժամանակ է մտածելու, թե ինչպես եք ապրում ձեր կյանքը։

  • Ըստ անհրաժեշտության՝ փոփոխություններ արեք ձեր առաջնահերթությունների մեջ։

ՍԿԶԲՈՒՆՔ։ «Ավելի լավ է գնալ սգո տուն, քան խնջույքի տուն, որովհետև դա է բոլոր մարդկանց վերջը, և կենդանի եղողը իր սրտում պետք է պահի դա» (Ժողովող 7։2

Իրականում, ոչ մի բան չի կարող ամբողջությամբ վերացնել ձեր սրտի ցավը։ Այնուամենայնիվ, հարազատ կորցրած շատ մարդիկ իրենց փորձից կարող են հաստատել, որ որոշ դրական քայլեր, ինչպես, օրինակ, այս հոդվածում նշվածները, իսկապես օգնում են մխիթարություն գտնել։ Ինչ խոսք, այստեղ թվարկված չեն վիշտը մեղմելու բոլոր միջոցները։ Բայց եթե փորձեք կիրառել վերը նշված առաջարկներից մի քանիսը, թերևս բավականին թեթևացում կզգաք։

a «Արթնացե՛ք»-ը բուժման որևէ կոնկրետ ձև չի առաջարկում։