Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընդլայնեք ձեր ընկերների շրջանակը

Ընդլայնեք ձեր ընկերների շրջանակը

Ինչու

Եթե խուսափենք այն մարդկանցից, ում դեմ կանխատրամադրված ենք, ավելի կխորացնենք մեր նախապաշարումները։ Եվ եթե սահմանափակվենք միայն մեզ նման մարդկանց հետ ընկերություն անելով, ժամանակի ընթացքում կսկսենք մտածել, թե միայն մեր մտածելակերպն ու գործելակերպն են ճիշտ, կամ որ ճիշտ է միայն այն, ինչ մենք ենք զգում։

Աստվածաշնչյան սկզբունք

«Ընդլայնեք ձեր սրտերը» (2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 6։13

Ինչ են նշանակում այս խոսքերը։ «Սիրտ» բառը վերաբերում է մեր զգացմունքներին։ Եթե սիրենք միայն այն մարդկանց, ովքեր նման են մեզ, մեր սիրտը շատ նեղ կդառնա, այլ կերպ ասած՝ դրա դռները կփակվեն մյուսների առաջ։ Որպեսզի նման խնդիր չունենանք, պետք է պատրաստ լինենք ընկերանալ այնպիսի մարդկանց հետ, ովքեր տարբերվում են մեզանից։

Ընկերական շրջանակն ընդլայնելը ինչով է օգտակար

Երբ ծանոթանում ենք ուրիշների հետ, աստիճանաբար հասկանում ենք, թե նրանք ինչու են որոշ բաներ այլ կերպ անում։ Երբ մտերմանում ենք նրանց հետ, ավելի շատ ենք գնահատում այդ մարդկանց ու դառնում ենք հարազատներ։ Հետևաբար սկսում ենք կիսել նրանց ուրախությունն ու ցավը։

Քննենք Նազարեի օրինակը։ Նա կանխատրամադրված էր ներգաղթյալների դեմ։ Նազարեն պատմում է, թե ինչը օգնեց իրեն հաղթահարել այդ նախապաշարումները. «Ես սկսեցի ժամանակ անցկացնել և աշխատել նրանց հետ։ Ու նկատեցի, որ նրանք բոլորովին այնպիսին չեն, ինչպիսին ներկայացնում էին հայրենակիցներս։ Երբ ընկերանում ես այլ մշակույթի պատկանող մարդկանց հետ, ազատվում ես կարծրատիպերից, սկսում ես նրանց սիրել ու գնահատել՝ դիտելով ոչ թե որպես խումբ, այլ որպես առանձին անհատներ»։

Ինչ կարող եք անել

Առիթի դեպքում զրուցեք այն մարդկանց հետ, ովքեր ուրիշ երկրից են, ազգից կամ այլ լեզվով են խոսում։ Օրինակ՝ կարող եք...

  • խնդրել նրանց, որ մի փոքր պատմեն իրենց մասին,

  • ճաշի հրավիրել նրանց,

  • ուշադրությամբ լսել, երբ նրանք պատմում են իրենց կյանքից, և փորձել հասկանալ, թե ինչն է նրանց համար կարևոր։

Եթե հասկանաք, թե կյանքի որ իրադարձություններն են կերտել նրանց անհատականությունը, կսկսեք ավելի դրական լույսի ներքո դիտել այդ խմբի մարդկանց։