Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

TՎրանանման տներ Տաշ-Ռաբատ հովտում, որոնք կոչվում են յուրդեր

ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ

Այցելություն Ղրղզստան

Այցելություն Ղրղզստան

ԲԱՐՁՐԱԲԵՐՁ, ձյունածածկ լեռներով շրջապատված այս երկիրը գտնվում է Միջին Ասիայում։ Ղրղզստանը սահմանակից է Ղազախստանին, Ուզբեկստանին, Տաջիկստանին և Չինաստանին։ Լեռները կազմում են երկրի տարածքի մոտ 90 տոկոսը։ Այստեղ է գտնվում Տյան Շան լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը, որը ծովի մակերևույթից բարձր է 7 439 մետր։ Երկրի մոտ չորս տոկոսը անտառածածկ է։ Ղրղզստանում է գտնվում վայրի աճող ընկուզենիների ամենամեծ անտառը։

Ղրղզստանում Եհովայի վկաները Աստվածաշունչ են ուսուցանում հազարավոր մարդկանց

Ղրղզները հայտնի են իրենց հյուրասիրությամբ և հարգալից վարմունքով։ Ղրղզստանում ընդունված է տարիքով ավելի մեծ մարդկանց դիմել «Դուք»-ով, հանրային տրանսպորտում տեղը զիջել նրանց, և սեղանի շուրջ նրանց տալ ամենապատվավոր տեղերը։

Ղրղզ ընտանիքները սովորաբար երեք կամ ավելի երեխաներ են ունենում։ Երեխաներից ամենակրտսերը նույնիսկ ամուսնությունից հետո շարունակում է ապրել ծնողների հետ և հոգ է տանում նրանց մասին, երբ վերջիններս ծերանում են։

Աղջիկներին փոքրուց սովորեցնում են լավ տնային տնտեսուհիներ լինել։ Եվ արդեն դեռահաս տարիքում նրանք լիարժեքորեն կարողանում են տնային տնտեսություն վարել։ Հարսնացուին սովորաբար օժիտ են տալիս։ Հիմնականում այն ներառում է ամեն տեսակի անկողնային պարագաներ, զանազան հագուստներ և ձեռագործ գորգ։ Իսկ փեսան հարսնագին է վճարում։ Դա կարող է լինել փող կամ ընտանի կենդանիներ։

Տոնախմբությունների և սգո արարողությունների ժամանակ ոչխար ու ձի են մորթում։ Կենդանու մարմնի յուրաքանչյուր մասը հատկացնում են որոշակի մարդու։ Թե ինչ կտոր կհասնի հյուրին, կախված է նրա տարիքից ու դիրքից։ Այս սովորության մեջ կրկին մեծ դեր է խաղում հարգանքը։ Հետո մատուցվում է ազգային ուտեստը՝ բեշբարմակը։ Այն ուտում են ձեռքերով։

Կոմուզը հայտնի երաժշտական գործիք է