Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Աստվածաշնչյան ժամանակներում ի՞նչ գործ էին կատարում տնտեսները

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ժամանակներում տնտեսը կազմակերպում էր տան մյուս ծառաների աշխատանքը և հոգ էր տանում իր տիրոջ ունեցվածքի մասին։ «Տնտես» թարգմանված եբրայերեն և հունարեն բառերը կարող են նշանակել «վերակացու» կամ «տան կառավարիչ»։

Երբ Հակոբ նահապետի որդի Հովսեփը Եգիպտոսում ստրուկ էր, նրա եգիպտացի տերը, «ինչ որ ուներ, [նրա] ձեռքը տվեց», այսինքն՝ իր տան վրա տնտես նշանակեց (Ծննդ. 39։2–6)։ Հետագայում, երբ Հովսեփը Եգիպտոսում մեծ պաշտոն ստացավ, ինքն էլ իր տան վրա տնտես նշանակեց (Ծննդ. 44։4

Հիսուսի օրերում կալվածատերերը սովորաբար իրենց ագարակներից բավականին հեռու էին բնակվում։ Որպեսզի ինչ-որ մեկը ամեն օր հետևեր ագարակում կատարվող աշխատանքներին, նրանք սովորաբար տնտեսներ էին նշանակում։

Իսկ ի՞նչ չափանիշների պետք է համապատասխաներ տնտեսը։ Ըստ առաջին դարում ապրած հռոմեացի գրող Կոլումելայի՝ վերակացու կամ տնտես նշանակված ստրուկը պետք է «աշխատանքի մեծ փորձ ունենար»։ Լավ տնտեսը պետք է կարողանար այնպես անել, որ իր հսկողության տակ «աշխատողները ինչպես հարկն է կատարեին իրենց հանձնարարված գործը, բայց դրա համար չպետք է դիմեր կոպտության կամ բռնության»։ Բացի այդ՝ «նա չպետք է կարծեր, թե գիտի այն, ինչ իրականում չգիտի, ուստի պետք է միշտ պատրաստ լիներ սովորելու»։

Աստծու Խոսքը տնտեսի կատարած աշխատանքը համեմատում է քրիստոնեական ժողովում արվող որոշ գործերի հետ։ Օրինակ՝ Պետրոս առաքյալը քրիստոնյաներին հորդորում է, որ իրենց աստվածատուր ունակությունները օգտագործեն՝ «իրար ծառայելով որպես հիանալի տնտեսներ Աստծու անզուգական բարության» (1 Պետ. 4։10

Հիսուսը նույնպես տնտեսի մասին օրինակ է բերել, որը գրված է Ղուկաս 16։1–8 համարներում։ Ավելին, երբ նա խոսում էր այն մասին, թե ինչ նշաններ էին լինելու, երբ ինքը ներկա լիներ որպես Թագավոր, աշակերտներին հավաստիացրեց, որ իր տան անդամների վրա նշանակելու էր «հավատարիմ և իմաստուն ծառային», կամ՝ «հավատարիմ և իմաստուն տնտեսին»։ Այդ տնտեսի գլխավոր պարտականությունը պետք է լիներ այն, որ աշխարհի վերջին օրերի ընթացքում Քրիստոսի հետևորդներին ապահովեր անհրաժեշտ հոգևոր սննդով (Մատթ. 24։45–47; Ղուկ. 12։42)։ Որքա՜ն ուրախ ենք, որ կարող ենք օգտվել հավատ զորացնող այդ հոգևոր սննդից, որը հավատարիմ տնտեսը պատրաստում և մատակարարում է մեր համաշխարհային եղբայրությանը։