Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ | ԴԱՎԻԹ

«Պատերազմը Եհովայինն է»

«Պատերազմը Եհովայինն է»

ԴԱՎԻԹԸ փորձում էր առաջ գնալ իրեն դեմ հանդիման վազող զինվորների բազմության միջով։ Նրանք խուճապահար փախչում էին ռազմի դաշտից։ Ի՞նչն էր նրանց այդքան վախեցրել։ Հավանաբար, այդ խառնաշփոթի մեջ Դավթի ականջին էր հասնում մի բառ, որը սարսափահար կրկնում էին փախչող զինվորները. նրանք ինչ-որ մարդու անուն էին տալիս։ Շուտով Դավիթը տեսավ այդ մարդուն։ Նա իր ահռելի հասակով մեկ հանդուգն կեցվածքով կանգնած էր հովտում։ Դավիթն, ակներևաբար, երբեք չէր տեսել այդպիսի հսկայի։

Այդ հսկան Գողիաթն էր։ Այժմ Դավթի համար պարզ էր՝ ինչու էին զինվորներն այդքան վախեցել նրանից։ Գողիաթն այնքան հաղթանդամ էր, որ ասես ոչ թե մարդ լիներ, այլ լեռ։ Նույնիսկ առանց զենքուզրահի նա, ակներևաբար, երկու խոշարակազմ մարդու քաշ ուներ։ Բացի այդ, շատ ուժեղ և փորձառու ռազմիկ էր ու ոտքից գլուխ սպառազինված էր։ Նա ողջ ուժով բղավում էր՝ մարտահրավեր նետելով Իսրայելի զինվորներին և նրանց թագավոր Սավուղին։ Նրա ահեղ, բամբ ձայնը թնդում էր գետահովտով մեկ. հսկան ծաղրանքով ասում էր, որ նա, ով կհամարձակվի իր դեմ դուրս գալ, թող մենամարտի իր հետ, ու այդպիսով վճռվի պատերազմի ելքը (1 Սամուել 17։4–10

Իսրայելացիները սարսափած էին։ Սարսափի մեջ էր նաև Սավուղ թագավորը։ Եվ, ինչպես տեղեկացավ Դավիթը, այդ իրավիճակը շարունակվում էր արդեն ավելի քան մեկ ամիս։ Գողիաթն ամեն օր կրկնում էր իր ծաղրական խոսքերը, և այդ ողջ ընթացքում իսրայելացիների ու փղշտացիների զորքերը ոչինչ չէին ձեռնարկում։ Այս ամենը խիստ մտահոգում ու ցավ էր պատճառում Դավթին։ Շատ ամոթալի էր, որ Իսրայելի թագավորն ու զինվորները, նաև իր իսկ եղբայրները, այդքան վախեցել էին Գողիաթից։ Դավիթը հասկանում էր, որ այդ հեթանոս փղշտացին անարգում է ոչ միայն Իսրայելի զորքին, այլև իրենց Աստծուն՝ Եհովային։ Բայց այս իրավիճակում ի՞նչ կարող էր անել Դավիթը, որը դեռ պատանի էր։ Իսկ մենք ի՞նչ կարող ենք սովորել Դավթի օրինակից (1 Սամուել 17։11–14

«ՕԾԻՐ ՆՐԱՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՍԱ Է»

Եկեք հետ պտտենք ժամանակի անիվը և տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ այս դեպքերից շատ ամիսներ առաջ։ Արդեն իջնում էր երեկոն, և Դավիթը Բեթլեհեմի մոտակա բլուրների վրա արածեցնում էր իր հոր ոչխարներին։ Նա մի բարեկազմ, կարմրաշեկ պատանի էր՝ գեղեցիկ, խելացի աչքերով։ Հանգիստ առնելիս նա հաճախ քնար էր նվագում։ Աստծու չքնաղ ստեղծագործություններով ոգեշնչված՝ նա ժամեր շարունակ նվագում ու երգում էր, և նրա երաժշտական տաղանդն ավելի ու ավելի էր զարգանում։ Այդ երեկո Դավթի հայրը շտապ կանչեց նրան (1 Սամուել 16։12

Երբ Դավիթը տուն հասավ, տեսավ, որ իր հայրը խոսում է մի ծերունու հետ։ Դա Սամուել մարգարեն էր։ Եհովան այդ հավատարիմ մարդուն ուղարկել էր, որ նա Հեսսեի որդիներից մեկին օծի որպես Իսրայելի հաջորդ թագավոր։ Սամուելն արդեն տեսել էր Դավթի յոթ ավագ եղբայրներին, բայց Եհովան նրան հայտնել էր, որ նրանցից ոչ մեկին էլ չի ընտրել։ Բայց երբ եկավ Դավիթը, Եհովան ասաց Սամուելին. «Վեր կաց օծիր նրան, որովհետև սա է»։ Դավթի բոլոր եղբայրների աչքի առաջ Սամուելը բացեց մի եղջյուր, որը լցված էր հատուկ յուղով, և յուղը լցրեց Դավթի գլխին։ Այդ պահից սկսած՝ Դավթի կյանքը կտրուկ փոխվեց։ Աստվածաշունչն ասում է. «Այդ օրվանից Եհովայի ոգին սկսեց գործել Դավթի վրա» (1 Սամուել 16։1, 5–13

Դավիթը խոնարհաբար ասաց, որ Եհովայի օգնությամբ է հաղթել վայրի գազաններին

Արդյո՞ք Դավիթը դրանից հետո սկսեց գահին տիրանալու նկրտումներ զարգացնել իր սրտում։ Ո՛չ, նա խոնարհաբար սպասում էր, որ Եհովան իր ոգու միջոցով առաջնորդի իրեն և հայտնի, թե երբ է ավելի մեծ պատասխանատվություններ ստանձնելու ժամանակը։ Իսկ մինչ այդ նա շարունակում էր անել հովվի՝ իր համեստ գործը։ Այդ գործն անելիս Դավիթը դրսևորում էր առանձնահատուկ նվիրվածություն և քաջություն։ Երկու անգամ նրա հոր ոչխարները հարձակման ենթարկվեցին վտանգավոր գիշատիչների կողմից. մի անգամ հոտի վրա առյուծ հարձակվեց, մի անգամ էլ՝ արջ։ Երկու անգամն էլ Դավիթը ոչ թե պարզապես փորձեց քշել գիշատիչներին՝ մնալով ապահով հեռավորության վրա, այլ խիզախորեն կռվի բռնվեց նրանց հետ՝ իր հոր անօգնական գառներին պաշտպանելու համար։ Նա մեն-մենակ առանց զենքի սպանեց այդ ամեհի գազաններին (1 Սամուել 17։34–36; Եսայիա 31։4

Որոշ ժամանակ անց Դավթին կրկին կանչեցին։ Այս անգամ նրան կանչողը Սավուղ թագավորն էր։ Դավթի համբավը հասել էր նրա ականջին։ Թեև Սավուղը զորեղ ռազմիկ էր, բայց զրկվել էր Եհովայի հավանությունից, քանի որ չէր հնազանդվել նրա տված առաջնորդությանը։ Եհովան իր ոգին վերցրել էր Սավուղի վրայից, այդ պատճառով թագավորը հաճախ բացասական ոգի՝ վատ տրամադրվածություն էր ունենում. նա դարձել էր կասկածամիտ, ունենում էր զայրույթի պոռթկումներ և նույնիսկ բռնության էր դիմում։ Երբ նա այդպիսի հոգեվիճակի մեջ էր լինում, միակ բանը, որ հանդարտեցնում էր նրան, երաժշտությունն էր։ Սավուղի մարդկանցից ոմանք լսել էին, որ Դավիթը հիանալի երաժիշտ է և լավ ռազմիկ։ Ուստի նրան կանչեցին պալատ ու շուտով նա դարձավ Սավուղի զինակիրներից և արքունական երաժիշտներից մեկը (1 Սամուել 15։26–29; 16։14–23

Բոլորն էլ, հատկապես երիտասարդները կարող են շատ բան սովորել Դավթից։ Նա իր ազատ ժամերին զբաղվում էր այնպիսի բաներով, որոնք օգնում էին նրան ավելի մտերմանալու Եհովայի հետ։ Դավիթը նաև այնպիսի հմտություններ ձեռք բերեց, որոնք գործնական էին, և որոնց շնորհիվ նա հեշտությամբ կարող էր աշխատանք գտնել։ Իսկ ամենակարևորն այն էր, որ նա հետևում էր Եհովայի ոգու առաջնորդությանը։ Այս բոլոր հարցերում Դավիթը հիանալի օրինակ է մեզ համար (Ժողովող 12։1

«ԹՈՂ ՈՉ ՄԵԿԻ ՍԻՐՏԸ ՉԴՈՂԱ»

Սավուղի արքունիքում ծառայելու ընթացքում Դավիթը իր հոր ոչխարներին հոգ տանելու համար հաճախ վերադառնում էր տուն, երբեմն՝ երկար ժամանակով։ Մի անգամ, երբ նա տուն էր վերադարձել, Հեսսեն նրան ուղարկեց տեսնելու՝ ինչպես են նրա երեք ավագ եղբայրները, որոնք ծառայում էին Սավուղի բանակում։ Դավիթը հնազանդորեն վերցրեց իր եղբայրների համար նախատեսված ուտելիքի պաշարն ու ճանապարհ ընկավ դեպի Էլայի հովիտ։ Տեղ հասնելով՝ նա ականատես եղավ այն խառնաշփոթ իրավիճակին, որը նկարագրվեց հոդվածի սկզբում. երկու զորքերը դասավորված էին դեմ հանդիման՝ լայն, ոլորապտույտ գետահովտի երկու հանդիպակաց բլրալանջերին (1 Սամուել 17։1–3, 15–19

Ստեղծված իրավիճակը խիստ վրդովեցրեց Դավթին։ Ինչպե՞ս կարող էր կենդանի Աստծու՝ Եհովայի զորքը այդպես սարսափահար փախչել թշնամուց, որն ընդամենը մարդ էր, այն էլ հեթանոս։ Դավիթը Գողիաթի ծաղրական խոսքերը ընդունում էր որպես անարգանք՝ ուղղված Եհովային։ Ուստի սկսեց զինվորների մոտ մեծ ոգևորությամբ խոսել Գողիաթի դեմ կռվելու ու նրան հաղթելու մասին։ Դավթի ավագ եղբայրը՝ Եղիաբը, լսեց նրա խոսքերը ու սկսեց խստորեն հանդիմանել նրան՝ ասելով, թե նա եկել է միայն կռիվը դիտելու համար։ Բայց Դավիթն ասաց նրան. «Ի՞նչ եմ արել։ Ես միայն հարցրի»։ Ապա շարունակեց համոզվածությամբ պնդել, որ կարող է հաղթել Գողիաթին, և շուտով ինչ-որ մեկը նրա ասածները հաղորդեց Սավուղին։ Թագավորը հրամայեց, որ Դավթին իր մոտ բերեն (1 Սամուել 17։23–31

Թագավորի հետ խոսելիս Դավիթը սրտապնդող խոսքեր ասաց. «Թող ոչ մեկի սիրտը չդողա»։ Սավուղի ու նրա մարդկանց սիրտը իրոք որ դողում էր վախից։ Հավանաբար, նրանք մարդուն հատուկ սխալ դատողությամբ էին մոտենում իրավիճակին՝ Գողիաթին համեմատելով իրենց հետ։ Նրանք այդ հսկայի գոտկատեղից էին ու թերևս պատկերացնում էին, թե ինչպես է նա արագորեն հաշվեհարդար տեսնում իրենց հետ։ Բայց Դավիթն այդպես չէր մտածում։ Ինչպես դեռ կտեսնենք, նա բոլորովին այլ տեսանկյունից էր նայում այդ իրավիճակին։ Ուստի համարձակորեն ասաց, որ կկռվի Գողիաթի դեմ (1 Սամուել 17։32

Սավուղն առարկեց. «Դու չես կարող գնալ այդ փղշտացու դեմ ու կռվել նրա հետ, քանի որ դեռ պատանի ես, իսկ նա մանկությունից ի վեր ռազմիկ է»։ Թեև Դավիթը երեխա չէր, բայց դեռ փոքր էր զորքին միանալու համար, բացի այդ, թերևս իր տարիքից փոքր էր երևում։ Այդուհանդերձ, նա արդեն հայտնի էր որպես խիզախ ռազմիկ և, ամենայն հավանականությամբ, արդեն մոտ էր չափահասության տարիքին (1 Սամուել 16։18; 17։33

Սավուղի վստահությունն ամրացնելու համար Դավիթը պատմեց, թե ինչպես է կռվել առյուծի ու արջի դեմ։ Արդյոք նա պարծենո՞ւմ էր։ Ամենևի՛ն։ Դավիթը գիտեր՝ ում շնորհիվ է կարողացել հաղթել այդ գիշատիչներին։ Նա ասաց. «Եհովան, որն ազատեց ինձ առյուծի և արջի ճանկերից, այս փղշտացու ձեռքից էլ կազատի»։ Դա լսելով՝ Սավուղը տեղի տվեց և ասաց. «Գնա՛, և թող Եհովան քեզ հե՛տ լինի» (1 Սամուել 17։37

Հավանաբար, կցանկանայիր Դավթի պես՝ ամուր հավատ ունենալ։ Դավիթը կուրորեն չէր հավատում և անիրականանալի երազանքներ չէր փայփայում։ Նրա հավատը հիմնված էր իր կյանքում տեղի ունեցած դեպքերի և այն ամենի վրա, ինչ նա գիտեր Եհովայի մասին։ Նա գիտեր, որ Եհովան սիրառատ հոր պես պաշտպանում է իր ծառաներին և իր խոստումները երբեք չի դրժում։ Եթե ուզում ենք, որ մեր հավատն էլ այդպես ամուր լինի, պետք է շարունակենք Աստվածաշնչից գիտելիքներ ձեռք բերել Աստծու մասին։ Եվ երբ մեր կյանքում կիրառենք այն, ինչ սովորում ենք, հիանալի արդյունքներ կտեսնենք, ինչը նույնպես կամրացնի մեր հավատը (Եբրայեցիներ 11։1

«ԵՀՈՎԱՆ ՔԵԶ ԻՄ ՁԵՌՔՆ Է ՄԱՏՆԵԼՈՒ»

Սավուղը փորձեց Դավթին սպառազինել իր զենքուզրահով, որը շատ նման էր Գողիաթի զենքուզրահին և պատրաստված էր պղնձից։ Այդ սպառազինությունն ակներևաբար ներառում էր նաև մեծ զրահ՝ պաշտպանական հագուստ՝ պատրաստված մետաղյա թիթեղներից, որոնք եզրամասով մեկը մյուսի վրա էին դասավորված։ Դավիթը հագավ այդ ծանր հանդերձանքը, բայց տեսնելով, որ չի կարողանում ազատ շարժվել, որոշեց հրաժարվել դրանից։ Նա զինվորական մարզում չէր ստացել ու սովոր չէր ռազմական հանդերձանքին, հատկապես որ դա Սավուղինն էր, ով ամենաբարձրահասակ տղամարդն էր ողջ Իսրայելում (1 Սամուել 9։2)։ Դավիթը հանեց Սավուղի զենքուզրահը, հագավ իր սովորական հագուստը և վերցրեց այն ամենը, ինչ սովորաբար հովիվն ունենում էր հոտը պաշտպանելու համար (1 Սամուել 17։38–40

Նա ուսին գցեց հովվական պարկը և վերցրեց իր պարսատիկը։ Գուցե թվա, թե պարսատիկով ոչինչ հնարավոր չէր անել զորեղ թշնամու դեմ, բայց իրականում այն բավականին վտանգավոր զենք էր։ Պարսատիկը կազմված էր երկու կաշվե փոկերից, որոնց եզրին ամրացված էր փոքրիկ գրպանանման մաս։ Հովվի համար դա հիանալի զենք էր։ Նա քար էր դնում գրպանանման միջնամասում և մեծ արագությամբ պտտելով այն իր գլխավերևում՝ բաց էր թողնում կաշեփոկերից մեկն ու քարը նետում նշանակետին։ Այդ հասարակ զենքն այնքան արդյունավետ էր, որ զորքերի կազմում երբեմն ընդգրկում էին պարսավորների զորամիավորումներ։

Պարսատիկով զինված՝ Դավիթը դուրս եկավ իր հակառակորդի դեմ։ Ակներևաբար, ջերմեռանդորեն աղոթելով՝ նա կռացավ, չորացած գետահունից հինգ փոքր, հարթ քար վերցրեց և վազեց դեպի կռվի դաշտ։

Ինչպիսի՞ն էր Գողիաթի արձագանքը, երբ տեսավ իր հակառակորդին։ Աստվածաշնչում կարդում ենք. «Երբ փղշտացին նայեց ու տեսավ Դավթին՝ արհամարհանքով լցվեց, որովհետև նա մի պատանի էր՝ կարմրաշեկ ու գեղեցիկ արտաքինով»։ Ապա Գողիաթը բղավեց. «Ես շո՞ւն եմ, ի՛նչ է, որ ինձ վրա ձեռնափայտով ես գալիս»։ Ակներևաբար, նա տեսել էր Դավթի ձեռնափայտը, բայց պարսատիկը չէր նկատել։ Հսկան սկսեց նզովել Դավթին իր փղշտական աստվածների անունով և երդվեց, որ նրա մարմինը որպես կերակուր կտա երկնքի թռչուններին ու դաշտի գազաններին (1 Սամուել 17։41–44

Դավիթը խրոխտ ձայնով ասաց Գողիաթին. «Դու ինձ վրա սրով, նիզակով ու տեգով ես գալիս, բայց ես քեզ վրա գալիս եմ Զորքերի Տեր Եհովայի անունով՝ Իսրայելի զորքերի Աստծու, որին դու ծաղրում ես»։ Խիզախ պատանու այս պատասխանը ամուր հավատի դրսևորում էր, որը մինչ օրս հիացնում է մարդկանց։ Դավիթը լավ գիտեր, որ մարդկային ուժն ու զենքերը մեծ դեր չէին խաղում այդ կռվում։ Գողիաթը անհարգալից վերաբերմունք էր դրսևորել Եհովա Աստծու հանդեպ, ուստի Եհովան էր պատասխան տալու նրան։ Դավիթը համոզվածությամբ ասաց. «Պատերազմը Եհովայինն է» (1 Սամուել 17։45–47

Դավիթը տեսնում էր Գողիաթի վիթխարի չափերը և զենքերը, բայց այդ ամենը նրան չէր վախեցնում։ Նա չուներ այն սխալ մտածելակերպը, որ ունեին Սավուղն ու նրա զինվորները. նա Գողիաթին համեմատում էր ոչ թե իր հետ, այլ Եհովայի։ Ճիշտ է, Գողիաթը իր՝ գրեթե երեք մետր հասակով անհամեմատ բարձր էր մյուս բոլոր մարդկանցից, բայց Տիեզերքի Գերիշխանի հետ համեմատած՝ նա, ինչպեսև ցանկացած մարդ, ընդամենը մի միջատ էր, այս դեպքում՝ միջատ, որին Եհովան շուտով ոչնչացնելու էր։

Մեծ վստահությամբ լցված՝ Դավիթը վազեց թշնամուն ընդառաջ։ Այդ ընթացքում նա, պայուսակից մի քար հանելով, դրեց պարսատիկի մեջ և սկսեց արագ պտտեցնել իր գլխավերևում, այնպես, որ սուլոց էր լսվում։ Գողիաթը, որի առջևից գնում էր նրա վահանակիրը, առաջ եկավ դեպի Դավիթը։ Գողիաթի վիթխարի հասակը այս դեպքում ամենևին էլ առավելություն չէր նրա համար, քանի որ սովորական հասակ ունեցող վահանակիրը հազիվ թե կարողանար վահանը այնքան բարձր պահել, որ պաշտպաներ հսկայի գլուխը։ Մինչդեռ Դավիթը հենց գլխին էր նշան բռնել (1 Սամուել 17։41

Դավիթը հասկանում էր, որ Եհովայի հետ համեմատած՝ անգամ հսկան շատ փոքր է ու աննշան

Դավիթը նետեց քարը, և այն սուրաց դեպի թիրախը։ Կարելի է պատկերացնել, թե ինչ լռություն տիրեց այդ պահին։ Անկասկած, Եհովան հոգ տարավ, որ երկրորդը նետելու անհրաժեշտություն չլինի։ Քարը դիպավ ճիշտ նշանակետին՝ մխրճվելով Գողիաթի ճակատի մեջ։ Հսկան երեսնիվայր գետին տապալվեց։ Հավանաբար, դա տեսնելով՝ նրա վահանակիրը սարսափահար փախավ։ Դավիթը մոտեցավ, վերցրեց Գողիաթի սուրը և կտրեց նրա գլուխը (1 Սամուել 17։48–51

Սավուղն ու նրա զինվորները, հսկայի պարտությունը տեսնելով, սիրտ առան և հզոր մարտական կանչով հարձակվեցին փղշտացիների վրա։ Պատերազմն ավարտվեց ճիշտ այնպես, ինչպես Դավիթն ասել էր Գողիաթին. «Եհովան.... ձեզ մեր ձեռքն է մատնելու» (1 Սամուել 17։47, 52, 53

Ներկայումս Աստծու ծառաները բառացի պատերազմների չեն մասնակցում։ Այդ ժամանակներն անցել են (Մատթեոս 26։52)։ Բայց այսօր նույնպես անհրաժեշտ է, որ Դավթի պես՝ հավատ դրսևորենք։ Նրա նման՝ մենք պետք է վստահ լինենք, որ Եհովան իրական անձնավորություն է, և որ նա միակ Աստվածն է, ում պետք է ծառայենք և ակնածանքով վերաբերվենք։ Երբեմն գուցե մեծ խնդիրների բախվենք ու մեզ անզոր զգանք դրանց առջև։ Այդ ժամանակ պետք է հիշենք, որ Եհովայի անսահման զորության համեմատ այդ խնդիրները շատ փոքր են։ Եթե մենք ծառայում ենք Եհովային՝ որպես մեր Աստծու, և Դավթի պես՝ անսասան հավատ ունենք նրա հանդեպ, ապա ոչ մի դժվարություն, ոչ մի խնդիր չի կարող վախեցնել մեզ, որովհետև չկա մի բան, որ հնարավոր չլինի հաղթահարել Եհովայի անսահման զորությամբ։