Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աշխարհի վերջ. անտարբեր չի թողնում ոչ մեկին

Աշխարհի վերջ. անտարբեր չի թողնում ոչ մեկին

ԱՊԱԳԱՆ քեզ անհանգստացնո՞ւմ է։ Եթե այո, ապա դու միակը չես։ Դեռ հին ժամանակներից մարդիկ տարբեր կարծիքներ են հայտնել մարդկության ու աշխարհի ապագայի վերաբերյալ, և շատերը հորիզոնում ոչ մի լավ բան չեն նշմարել։ Աշխարհի վերջ հասկացությունը հազարամյակներ շարունակ հետաքրքրել է մարդկանց։

Կոմիքսները, հեռուստատեսությունը, հարյուրավոր ֆիլմեր, հազարավոր գրքեր տարբեր պատմություններ են ներկայացնում աշխարհի վերջի մասին։ Դրանցում կան անթիվ-անհամար բացասական կերպարներ՝ սպանող ռոբոտներ, հրեշներ, այլմոլորակայիններ, ուրվականներ, վիշապներ, կապիկներ, թռչուններ, հսկա առնետներ ու կրետներ, որոնք պատրաստ են հարձակվելու և ոչնչացնելու մարդկությանը։ Սակայն դժվար թե որևէ մեկը լուրջ վերաբերվի նման պատմություններին։

Կան պատմություններ ու տեսություններ էլ, որոնք նյարդայնացնում են որոշ մարդկանց։ Դրանցից մի քանիսը ներկայացվում են գիտական տեսանկյունից։ Օրինակ՝ որոշները կանխագուշակում են, թե ամբողջ երկրակեղևը հանկարծակի շարժվելու է, և արդյունքում ցունամիներ, երկրաշարժեր և հրաբուխներ են լինելու։ Մյուսներն ասում են, թե մոլորակները մի գծի վրա են շարվելու, ինչի հետևանքով արևային քամիներ են լինելու, որոնք կործանելու են երկիրը։ Ուրիշներն էլ պնդում են, թե երկրի մագնիսական բևեռները հանկարծակի փոխվելու են, ինչի պատճառով արևից եկող ճառագայթումը սպանելու է բոլորիս։ Բայց մի՛ անհանգստացիր։ Նման բաներ տեղի չեն ունենալու։ Այդուհանդերձ, այդպիսի ֆանտաստիկ պատմությունները շարունակում են հրապուրել շատերին։

Իսկ ի՞նչ կարելի է ասել այն անթիվ-անհամար գրքերի ու վեբ կայքերի վերաբերյալ,  որոնք կանխագուշակում են, թե աշխարհի վերջը գալու է այս տարվա դեկտեմբերի 21-ին։ Դրանցից մեկը ասում է, որ մի ենթադրյալ մոլորակ, որը կոչվում է Նիբիրու (կամ՝ X մոլորակ), դեպի երկիր է սուրում և հասնելու է այստեղ 2012թ. դեկտեմբերին։ Այս և նման այլ թեորիաներ, որոնց համար ոչ մի փաստ չկա, հիմնված են մայաների հին օրացույցի մեկնության վրա, որը ոմանց կարծիքով՝ ավարտվելու է 2012թ. ձմեռային արևադարձին։

Նման աղետալի կանխագուշակումներից խաբվելով՝ ոմանք իրենց տան հետնամասում ապաստան են կառուցել կամ բավականին փողեր են տրամադրել, որպեսզի գետնի տակ բունկերներ փորեն։ Մյուսներն էլ տեղափոխվել են լեռներ և դարձել են ինքնամփոփ ու չեն օգտվում կոմունալ ծառայություններից՝ ջրից, ջեռուցումից կամ էլեկտրականությունից։

Սակայն կան մարդիկ, որ չեն հավատում այս ամենին։ Նրանք չեն ընդունում այն տեսակետը, թե աշխարհը շուտով վերանալու է։ ՆԱՍԱ-ի գիտնականները, օրինակ, նշում են. «2012թ.-ին ոչ մի վատ բան չի լինի Երկրին։ Մեր մոլորակը ավելի քան 4 միլիարդ տարի շատ լավ գործում է, և ողջ աշխարհում վստահելի գիտնականները գիտեն, որ 2012թ. հետ կապված ոչ մի սպառնալիք չկա»։

Այդուհանդերձ, սխալ կլինի մտածել, որ մարդկությանը վտանգ չի սպառնում։ Սխալ կլինի նաև մտածել, որ դյուրահավատ մարդիկ են հավատում, թե աշխարհի վերջը միայն հորինված պատմություն կամ ֆանտազիա չէ։ Ուրեմն ի՞նչ, աշխարհի վերջը իրո՞ք գալու է։ Ե՞րբ և ինչպե՞ս։