Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Մեծացրեք հոգատար երեխաներ այս եսասեր աշխարհում

Մեծացրեք հոգատար երեխաներ այս եսասեր աշխարհում

ԱՄԵՆ մի օրը ուրիշների համար բարի գործեր անելու բազում առիթներ է տալիս մարդկանց։ Սակայն շատերը այսօր մտածում են միայն իրենց մասին։ Դա ակնհայտ է ամենուր. մարդիկ անամոթաբար խաբում են միմյանց, ագրեսիվորեն մեքենա են վարում, կոպիտ են խոսում և շատ տաքարյուն են։

Եսասիրական մտածելակերպ դրսևորվում է նաև շատ ընտանիքներում։ Օրինակ՝ որոշ ամուսնական զույգեր ամուսնալուծվում են զուտ այն պատճառով, որ կողակիցներից մեկը կարծում է, թե ինքը «ավելի լավին է արժանի»։ Անգամ ծնողները կարող են անգիտակցաբար եսասիրական ոգի սերմանել երեխաների մեջ։ Ինչպե՞ս։ Բավարարելով նրանց քմահաճույքները և չկիրառելով որևէ պատժամիջոց։

Ի տարբերություն այս պատկերի՝ շատ ծնողներ էլ սովորեցնում են իրենց երեխաներին, որ ուրիշների շահերը իրենց շահերից բարձր դասեն։ Արդյունքում օգուտները շատ են լինում։ Այն երեխաները, ովքեր հոգատար են, ընկերներ են ձեռք բերում և մարդկանց հետ կարողանում են կայուն փոխհարաբերություն հաստատել։ Նրանք նաև գոհացող են։ Ինչո՞ւ։ Քանի որ, ինչպես Աստվածաշունչն է ասում, «ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35

Եթե ծնող ես, ինչպե՞ս կարող ես օգնել երեխաներիդ հնձելու բարի վերաբերմունքի օգուտները և չվարակվելու սեփական «ես»-ով տարված աշխարհի ոգով, որ շրջապատում է նրանց։ Քննենք երեք ծուղակ, որ կարող են եսասիրական ոգի առաջացնել երեխաների մեջ, և տեսնենք, թե ինչպես կարող ես չընկնել այդ ծուղակները։

 1 Չափից շատ գովեստի խոսքեր

Խնդիր։ Մասնագետները անհանգստացնող տենդենց են նկատել։ Շատ երիտասարդներ աշխատանքի են ընդունվում կոչում ստանալու մտադրությամբ. մի մտավիճակ, երբ նրանք ակնկալում են հաջողությունների հասնել, անգամ եթե չնչին բան են արել կամ ընդհանրապես բան չեն արել նման վերաբերմունքի արժանանալու համար։ Ոմանք պարզապես մտածում են, որ իրենք արագ առաջ կգնան ու դիրք կունենան այն դեպքում, երբ նույնիսկ չգիտեն, թե ինչպես պետք է անեն իրենց գործը։ Մյուսներն էլ համոզված են, որ իրենք յուրահատուկ անձնավորություն են և արժանի են այդպիսի վերաբերմունքի, բայց հետո վհատվում են, երբ հասկանում են, որ աշխարհը նույն տեսակետը չունի։

Ո՞րն է խնդրի արմատը։ Երբեմն պատճառը, թե ինչու անհատը չափից մեծ կարծիք ունի իր մասին, դաստիարակությունն է։ Օրինակ՝ որոշ ծնողների վրա մեծ ազդեցություն է գործում սեփական «ես»-ի շարժումը, որը վերջին տարիներին մեծ տարածում է գտել։ Եվ թվում է, թե նման գաղափարի վրա հիմնված սկզբունքները ճշմարտացի են. եթե փոքր գովասանքը լավ է երեխաների համար, ապա շատ գովասանքը ավելի լավ կլինի։ Մինչդեռ անհավանության ցանկացած դրսևորում միայն կվհատեցնի երեխային։ Եվ ծնողները, ովքեր չեն հետևում այս աշխարհի տենդենցին՝ ինքնահարգանքի զգացում զարգացնել, համարվում են անպատասխանատու ծնող։ Ծնողներին թելադրում են անել ամեն բան, որ երեխաները երբեք իրենց վատ չզգան։

Հետևաբար, շատ հայրեր ու մայրեր սկսում են գովասանքի խոսքերով հեղեղել երեխաներին, անգամ երբ նրանք գովեստի արժանի հատուկ ինչ-որ բան չեն արել։ Յուրաքանչյուր «սխրանք» տոնվում է, անկախ նրանից, թե որքան փոքր է, իսկ յուրաքանչյուր սխալ անտեսվում է, անկախ նրանից, թե որքան մեծ է։ Այդպիսի ծնողները մտածում են, թե ինքնահարգանք զարգացնելու գաղտնիքը այն է, որ անտեսես վատը և գովաբանես ամեն բան։ Ոմանց համար շատ ավելի կարևոր է երեխաներին լավ զգացողություն պարգևել, քան նրանց սովորեցնել անել բաներ, որոնց համար նրանք հետո լավ կզգան։

Ինչ է ասում Աստվածաշունչը։ Այն նշում է, որ պետք է գովել, բայց տեղին (Մատթեոս 25։19–21)։ Եթե երեխային գովես զուտ այն պատճառով, որ նա իրեն լավ զգա, ապա նրա մեջ իր «ես»-ի նկատմամբ աղավաղված տեսակետ կզարգանա։ Աստվածաշունչը ասում է. «Եթե որևէ մեկը կարծում է, թե իրենից ինչ- որ բան է ներկայացնում, մինչդեռ ոչինչ է, ինքն իրեն է խաբում» (Գաղատացիներ 6։3)։ Ուստի հիմնավոր պատճառ կա, երբ Աստվածաշունչը ծնողներին հետևյալ խորհուրդն է տալիս. «Երեխայից խրատը հետ մի՛ պահիր։ Եթե գավազանով ծեծես նրան, նա չի մեռնի» * (Առակներ 23։13

Ինչ կարող ես անել։ Նպատակ դիր ուղղելու երեխային, երբ անհրաժեշտ է, և գովելու այն ժամանակ, երբ իրոք արժանի է դրան։ Մի՛ գովիր նրան զուտ այն բանի համար, որ իրեն լավ զգա։ Այդ տարբերակը թերևս այդքան արդյունավետ չէ։ «Եսասիրական սերունդ» գրքում ասվում է. «Իսկական ինքնավստահություն անհատը ձեռք է բերում, երբ բարելավում է իր շնորհալի ունակությունները և շատ բաներ է սովորում ու ոչ թե երբ լսում է, որ իրեն ասում են «դու շատ լավն ես» զուտ այն բանի համար, որ գոյություն ունի» (Generation Me)։

«Քո մասին մի՛ մտածիր ավելին, քան հարկավոր է մտածել։ Եղիր համեստ» (Հռոմեացիներ 12։3, Good News Translation)։

 2 Չափից շատ պաշտպանություն

Խնդիր։ Շատ երիտասարդներ աշխատանքի են ընդունվում՝ անպատրաստ դժվարություններ հաղթահարելու։ Ոմանք չնչին քննադատությունից արդեն մեծ սթրես են ապրում։ Մյուսները դժվարահաճ են և համաձայնվում են կատարել միայն այն գործը, որը համապատասխանում է իրենց մեծ ակնկալիքներին։ «Փախչել անվերջ երեխայությունից» գրքում դոկտոր Ջոզեֆ Ալենը պատմում է մի երիտասարդ տղայի մասին, որը աշխատանքի ընդունվելու հարցազրույցի ժամանակ ասել է հետևյալը. «Իմ կարծիքով՝ գործի մեջ որոշ բաներ կարող են մի քիչ ձանձրալի լինել, իսկ ես չեմ ուզում ձանձրանալ»։ Դոկտոր Ալենը գրում է. «Այս տղան չի հասկանում, որ բոլոր գործերի մեջ էլ ձանձրալի տարրեր կան։ Ինչպե՞ս է նա դարձել քսաներեք տարեկան՝ առանց այդ մասին իմանալու» (Escaping the Endless Adolescence)։

Ո՞րն է խնդրի արմատը։ Վերջին տարիներին շատ ծնողներ իրենց պարտավորված են զգում պաշտպանելու երեխաներին ցանկացած դժվարությունից։ Աղջիկդ կտրվե՞լ է քննությունից։ Միջամտիր և պահանջիր, որ ուսուցիչը բարձրացնի գնահատականը։ Տղադ երթևեկության տուգա՞նք է ստացել։ Դու վճարիր նրա փոխարեն։ Չստացված սե՞ր։ Ասա, որ մեղավորը ամբողջությամբ մյուս անհատն է։

Թեև բնական է, որ ցանկանում ես պաշտպանել երեխայիդ, սակայն չափից շատ պաշտպանելը կարող է սխալ ուղղությամբ նրան տանել. նա կարող է մտածել, որ իր արարքների համար պատասխանատվություն չի կրելու։ «Դրական դաստիարակություն պատանիների համար» գրքում ասվում է. «Փոխանակ սովորեն, որ կարող են հաղթահարել ցավ ու հիասթափություն և նույնիսկ շատ բան սովորել դրանցից, [այդպիսի] երեխաները մեծանում են եսակենտրոն՝ համոզված, որ աշխարհը և ծնողները իրենց ինչ-որ բան են պարտք» (Positive Discipline for Teenagers)։

Ինչ է ասում Աստվածաշունչը։ Դժվարությունները մեր կյանքի մի մասն են։ Սուրբ Գրքում անգամ ասվում է. «Ժամանակ և պատահար բոլորին է լինում» (Ժողովող 9։11)։ Դա նշանակում է, որ վատ բաներ պատահում են նաև լավ մարդկանց։ Պողոս առաքյալը, օրինակ, իր ծառայության ընթացքում բախվեց ամեն տեսակի դժվարությունների։ Եվ այդ դժվարություններից շատ բան սովորեց։ Նա գրեց. «Ինչպիսի հանգամանքներում էլ որ գտնվեմ, սովորել եմ գոհ լինել.... թե՛ կուշտ և թե՛ քաղցած, թե՛ առատության և թե՛ կարիքի մեջ, ես սովորել եմ գոհ լինելու գաղտնիքը» (Փիլիպպեցիներ 4։11, 12

Ինչ կարող ես անել։ Հաշվի առնելով երեխայիդ հասունության աստիճանը՝ ձգտիր կիրառել հետևյալ աստվածաշնչյան սկզբունքը. «Յուրաքանչյուր մարդ իր բեռն է կրելու» (Գաղատացիներ 6։5)։ Եթե տղադ տուգանք է ստանում, գուցե ճիշտ կլինի, որ նա վճարի այդ տուգանքը իր աշխատավարձից կամ հավաքած գումարից։ Եթե աղջիկդ կտրվել է քննությունից, թերևս դա պետք է ազդանշան լինի նրա համար, որ հաջորդ անգամ ավելի լավ պատրաստվի։ Եթե տղայիդ ռոմանտիկ հարաբերությունները անհաջողության են մատնվել, մխիթարիր նրան, բայց պատեհ ժամանակին օգնիր մտածելու հետևյալ հարցի շուրջ. «Երբ հետ եմ նայում, տեսնո՞ւ եմ, թե որ հարցերում դեռ հասունանալու տեղ ունեմ»։ Այն երեխաները, ովքեր կարողանում են անցնել խնդիրների միջով, դառնում են ուժեղ և ինքնավստահ, հատկություններ, որ չեն ունենա, եթե որևէ մեկը մշտապես փրկի նրանց դժվար իրավիճակներից։

«Ամեն մեկը թող իր գործը կշռի, և այդ ժամանակ ուրախանալու պատճառ կունենա» (Գաղատացիներ 6։4

 3 Չափից շատ իրեր

Խնդիր։ Երիտասարդների շրջանում անցկացրած մի հարցման ժամանակ 81 տոկոսը ասաց, որ իրենց սերնդի գլխավոր նպատակը «հարուստ դառնալն է», քանի որ հարստանալը շատ ավելի կարևոր է, քան ուրիշներին օգնելը։ Սակայն հարստության ձգտելը բավականության զգացում չի պարգևում։ Իրականում, հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանք, ովքեր կենտրոնանում են նյութական իրերի վրա, ավելի շատ են ընկճված և այդքան էլ երջանիկ չեն։ Այդպիսի մարդկանց մոտ բարձր է նաև ֆիզիկական և մտավոր խնդիրների ցուցանիշը։

Ո՞րն է խնդրի արմատը։ Որոշ դեպքերում երեխաները մեծանում են նյութապաշտ ընտանիքներում։ «Ծնողները ուզում են իրենց երեխաներին երջանկացնել, իսկ երեխաները նյութական իրեր են ուզում»,— գրված է «Ինքնասիրահարվածության համաճարակ» գրքում։ «Հետևաբար ծնողները գնում են նրանց ուզած բաները։ Արդյունքում երեխաները երջանկանում են, բայց շատ կարճ ժամանակով։ Հետո նրանք ավելի շատ բաներ են սկսում ցանկանալ» (The Narcissism Epidemic)։

Ինչ խոսք, գովազդի ինդուստրիան պատրաստ է շահագործելու այդ քաղցած սպառողների շուկային։ Գովազդի միջոցով այսպիսի մտքեր են հնչում. «Դու արժանի ես լավագույնին», «դու արժանի ես դրան»։ Շատ երիտասարդներ կուլ են գնացել նման գովազդներին ու խրվել են պարտքերի մեջ՝ անկարող վճարելու այն բաների համար, որոնց «արժանի» են։

Ինչ է ասում Աստվածաշունչը։ Սուրբ Գիրքը կարևորում է փողի անհրաժեշտությունը (Ժողովող 7։12)։ Սակայն միևնույն ժամանակ զգուշացնում է, որ «բոլոր վնասակար բաների արմատը փողասիրությունն է»։ Նաև ավելացնում է. «Որին ձգտելով՝ ոմանք.... իրենց շատ ցավերով են խոցել» (1 Տիմոթեոս 6։10)։ Աստվածաշունչը քաջալերում է մեզ հետամուտ չլինել նյութական իրերին, այլ բավարարվել անհրաժեշտ բաներով (1 Տիմոթեոս 6։7, 8

«Նրանք, ովքեր որոշում են հարստանալ, ընկնում են փորձության և որոգայթի, բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ» (1 Տիմոթեոս 6։9

Ինչ կարող ես անել։ Որպես ծնող՝ ինքնավերլուծություն արա և տես, թե ինչպիսի վերաբերմունք ունես փողի և նյութական իրերի նկատմամբ։ Առաջնահերթություններ դիր և օգնիր երեխաներին նույնպես այդպես վարվելու։ Վերոհիշյալ գրքում գրված է. «Ծնողներն ու երեխաները կարող են միասին քննարկել այսպիսի թեմաներ. «Ե՞րբ է զեղչով ապրանքներ գնելու հարմար ժամանակը։ Ե՞րբ է ոչ ճիշտ ժամանակը։ Ի՞նչ է տարադրամի արտարժույթը։ Գնումներ կատարե՞լ եմ զուտ ինչ-որ մեկի դրդմամբ»» (The Narcissism Epidemic)։

Զգույշ եղիր, որ գնումներ կատարելով՝ չծածկես ընտանիքում առկա խնդիրները, որոնց հարկավոր է լուրջ ուշադրություն դարձնել։ Մի գրքում ասվում է հետևյալը. «Խնդիրների վրա նյութական իրեր նետելը անհաջող լուծում է։ Խնդիրները պետք է լուծել բանականությամբ, խոհեմությամբ և կարեկցանքով, ոչ թե կոշիկներով և պայուսակներով» (The Price of Privilege)։

^ պարբ. 11 Աստվածաշունչը չի խրախուսում ֆիզիկական կամ էմոցիոնալ առումով երեխաներին վնասել (Եփեսացիներ 4։29, 31; 6։4)։ Երեխային ուղղելու նպատակը ոչ թե ծնողի վրդովմունքը նրա վրա թափելն է, այլ նրան սովորեցնելը։