Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂՆԵՐԻՆ

Երբ ձեր դեռահաս աղջիկը սթրեսի մեջ է

Երբ ձեր դեռահաս աղջիկը սթրեսի մեջ է

ԽՆԴԻՐ

Ձեր աղջիկն ասում է, որ սթրեսի մեջ է։ «13 տարեկանո՞ւմ,— թերահավատորեն հարցնում եք ինքներդ ձեզ։— Նա դեռ շատ փոքր է, որ իմանա, թե ինչ է սթրեսը»։ Սակայն նախքան ձեր աղջկան նման խոսքեր ասելը լավ կլինի, որ նկատի առնեք որոշ պատճառներ, թե ինչու նա գուցե այդպիսի իրավիճակում լինի։

ԻՆՉՈՒ Է ՆՄԱՆ ԲԱՆ ԼԻՆՈՒՄ

Ֆիզիկական փոփոխություններ։ Սեռական հասունացման շրջանում կտրուկ փոփոխությունների պատճառով դեռահաս աղջիկը գուցե շատ անհանգստություններ ունենա, հատկապես եթե նա իր հասակակիցներից ավելի շուտ է հասունացել կամ ընդհակառակը՝ ավելի ուշ։ «Դասարանի աղջիկների մեջ ես առաջիններից էի, որ սկսեցի կրծկալ կրել, այնքան էի ամաչում, կարծես սպիտակ ագռավ լինեի»,— ասում է Աննան * (այժմ 20 տարեկան)։

Էմոցիոնալ փոփոխություններ։ Քարենը, որն այժմ 17 տարեկան է, պատմում է. «Վհատվում էի, որ չէի հասկանում, թե ինչու եմ օրվա ընթացքում շատ ուրախ լինում, իսկ գիշերները շարունակ լաց լինում։ Չգիտեի՝ ինչ է կատարվում ինձ հետ։ Թվում էր՝ զգացմունքներս անկառավարելի են»։

Առաջին դաշտանային ցիկլը։ «Թեև մայրս նախապատրաստել էր ինձ, բայց երբ սկսեց իմ առաջին դաշտանային ցիկլը, անակնկալի եկա,— ասում է Քեթլին անունով մի աղջիկ։— Օրը մի քանի անգամ ցնցուղ էի ընդունում. ինձ անընդհատ թվում էր՝ մաքուր չեմ։ Բացի այդ, եղբայրներս էին ինձ շարունակ ծաղրում»։

Շրջապատի ճնշումը։ Մերին, որն այժմ 18 տարեկան է, հիշում է. «Ինձ համար հասակակիցների ճնշումը մեծ էր հատկապես 12–14 տարեկանում։ Մեր դպրոցի երեխաները վատ էին վերաբերվում ցանկացած մեկին, ով տարբերվում էր իրենցից»։ Իսկ 14-ամյա Անիտան ասում է. «Իմ տարիքի պատանիների համար շատ կարևոր է ընդունված լինել ընկերների կողմից, իսկ ընդունված չլինելը ահավոր բան է»։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Խրախուսեք ձեր աղջկան արտահայտվելու։ Սկզբում դեռահասը գուցե դժկամությամբ խոսի։ Սակայն փորձեք լինել համբերատար և հետևեք աստվածաշնչյան հետևյալ խորհրդին. «Արագ [եղեք] լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ» (Հակոբոս 1։19

Լուրջ վերաբերվեք նրա սթրեսներին։ Հիշեք՝ դեռահասը չունի կյանքի այն փորձը, որ դուք ունեք։ Նրա կյանքում քիչ սթրեսներ են եղել, և նա դեռ չգիտի, թե ինչպես հաղթահարի իր ունեցած սթրեսները։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Հռոմեացիներ 15։1։

Մի ծանրաբեռնեք դեռահասին չափից շատ արտադասարանային պարապմունքներով։ Մի գրքում ասվում է, որ «չափազանց հագեցած գրաֆիկ ունեցող պատանիները ավելի հաճախ են ունենում սթրեսի նշաններ, հատկապես գլխացավեր և ստամոքսի ցավեր» (Teach Your Children Well)։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Փիլիպպեցիներ 1։9, 10։

Հոգ տարեք, որ ձեր աղջիկը բավականաչափ հանգստանա։ Քունը առաջին բանն է, որ դեռահասները հաճախ անտեսում են։ Սակայն քնի պակասի պատճառով թուլանում են մտային ունակությունները, և դժվար է լինում պայքարել սթրեսի դեմ։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Ժողովող 4։6։

Օգնեք ձեր աղջկան սթրեսից ազատվելու միջոցներ գտնել։ Որոշ դեռահասներ զգացել են, որ ֆիզիկական վարժությունները նվազեցնում են անհանգստությունը։ Աստվածաշունչը նշում է, որ «մարմնի մարզումը.... օգտակար» է (1 Տիմոթեոս 4։8)։ Իսկ ոմանք ասում են, որ հուշատետր պահելը շատ է օգնում իրենց ճիշտ վերաբերվելու խնդրին։ 22-ամյա Բրիթանին պատմում է. «Երբ ավելի փոքր էի, գրում էի այն խնդիրների մասին, որոնց դեմ չէի կարողանում պայքարել։ Դա ինձ օգնում էր հասկանալու, թե իրականում ինչպես եմ վերաբերվում այդ խնդրին, և հետո ավելի հեշտ էր լինում հաղթահարել այն կամ պարզապես չմտահոգվել»։

Օրինակ եղեք։ Ինչպե՞ս եք դուք պայքարում սթրեսի դեմ։ Արդյոք ձեր ուսերին վերցնո՞ւմ եք ավելին, քան կարող եք անել և հետո խուճապի մեջ ընկնում՝ չիմանալով՝ ինչպես հասցնել բոլոր գործերը։ Ուժասպա՞ռ եք լինում՝ չափից շատ աշխատելով և ժամանակ չհատկացնելով ավելի կարևոր բաներին։ «Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի բոլոր մարդկանց»,— ասվում է Փիլիպպեցիներ 4։5-ում։ Հիշեք, որ ձեր երեխան ձեր օրինակին է նայում և սովորում է կա՛մ լավը, կա՛մ վատը։

^ պարբ. 6 Այս հոդվածում անունները փոխված են։