Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Ի՞նչ է իսկական հաջողությունը

Ի՞նչ է իսկական հաջողությունը

ՄԱՐԴԻԿ մտածում են, թե անհաջողությունից վատ բան չկա, սակայն իրականում թվացյալ հաջողությունը ավելի վատ բան է։ Չէ՞ որ անհաջողության մատնվելիս անհատը կարող է միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու համար։ Ծայրահեղ դեպքում նա կարող է դասեր քաղել իր դառը փորձից և վճռել ճիշտ վարվել հաջորդ անգամ։

Մինչդեռ այլ է պարագան թվացյալ հաջողության դեպքում։ Մարդը գուցե կարծի, թե հաջողություն է ձեռք բերում, քանի որ շատ բաների է հասնում, այնինչ իրականում շատ բան կորցնում է։ Իսկ երբ հասկանում է, որ պետք է որևէ բան փոխի, թերևս արդեն շատ ուշ է լինում։

Մի անգամ Հիսուսն ասաց. «Ի՞նչ օգուտ կլինի մարդուն, եթե նա շահի ողջ աշխարհը, բայց զրկվի իր հոգուց» (Մատթեոս 16։26)։ Այս խոսքերը կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրում են փող և նյութական բաներ ձեռք բերելուն՝ մտածելով, թե այդպես հաջողության են հասնում, բայց իրականում դա թվացյալ հաջողություն է։ «Եթե մարդը միայն մտածում է ավելի բարձր դիրքի հասնելու, ավելի շատ փող վաստակելու կամ նյութական իրեր ձեռք բերելու մասին, հոգեպես բավարարված չի լինում,— գրում է կարիերայի հարցերով խորհրդատու Թոմ Դենամը։— Հաջողությունը փողով չափելը անմտություն է և ի վերջո դատարկության զգացում է առաջացնում»։

Ակներևաբար, շատերը կհամաձայնեն վերոհիշյալ խոսքերին։ Միացյալ Նահանգներում անցկացված մի հարցման ժամանակ մարդիկ «հաջողության հասնելու 22 գործոնների շարքում շատ փող ունենալը» 20-րդ տեղում են դասել։ Ցուցակի առաջին տեղերում եղել են առողջությունը, լավ փոխհարաբերությունները և սիրած աշխատանքը։

Ինչպես երևում է, շատերը կարողանում են տարբերել իսկական հաջողությունը թվացյալից։ Համենայն դեպս, երբ նրանց հարցնում են, թե ինչ է իսկական հաջողությունը, նրանք ճիշտ տեսակետ են հայտնում։ Սակայն որոշումներ կայացնելիս դժվար է լինում առաջնորդվել հաջողության մասին ճիշտ տեսակետով։