Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչ է նշանակում իմանալ Աստծու անունը

Ի՞նչ է նշանակում իմանալ Աստծու անունը

ՈՐՈՇ երկրներում, սովորության համաձայն, երեխային հատուկ նշանակություն ունեցող անուն են տալիս։ Անունը կարող է ցույց տալ, թե ինչ հավատալիքներ և արժեքներ ունեն ծնողները, կամ թե ինչ հույսեր ու երազանքներ ունեն իրենց երեխայի ապագայի հետ կապված։ Իսկ գիտե՞ս, թե ինչ է նշանակում քո անունը։

Երեխաներին այդպիսի անուններ դնելը հին սովորություն է։ Աստվածաշնչյան ժամանակներում անուններ դնելիս հաշվի էին առնում դրանց նշանակությունը։ Անունները կարող էին ցույց տալ, թե ինչ դեր կունենա այդ երեխան կյանքում։ Օրինակ՝ երբ Եհովան Դավթին ասաց, թե ինչ դեր պետք է ունենա նրա որդին հետագայում, նա նշեց. «Նորա անունը Սողոմոն կլինի [այս անունը ծագում է «խաղաղություն» բառից], եւ ես խաղաղութիւն եւ հանդարտութիւն պիտի տամ Իսրայէլին նորա օրերումը» (Ա Մնացորդաց 22։9

Երբեմն Եհովան նոր անուն էր տալիս նրան, ով պետք է նոր դեր ունենար։ Օրինակ՝ Աբրահամի կինը, որը ամուլ էր, ստացավ «Սառա» անունը, որը նշանակում է «իշխանուհի»։ Ինչո՞ւ։ Եհովան ասաց. «Նորան կ’օրհնեմ, նաեւ նորանից մի որդի կ’տամ քեզ. եւ կ’օրհնեմ նորան, եւ նա ազգեր կ’լինի. ժողովուրդների թագաւորներ կ’լինին նորանից» (Ծննդոց 17։16)։ Երբ հասկանում ենք, թե ինչու Աբրահամի կինը նոր անուն ստացավ, հասկանում ենք նաև, թե ինչ դեր նա պետք է ունենար։

Իսկ ի՞նչ կարելի է ասել ամենակարևոր անվան՝ «Եհովա» անվան մասին։ Ի՞նչ է այն նշանակում։ Մի առիթով Մովսեսը Աստծուն հարց տվեց նրա անվան մասին։ Եհովան պատասխանեց. «Ես եմ ՈՐ եմ [«Ես կդառնամ այն, ինչ կկամենամ դառնալ», ՆԱ»] (Ելից 3։14)։ «Եհովա» անվան նշանակությունը ցույց է տալիս, որ Աստված շատ դերեր ունի։ Պարզաբանելու համար քննենք հետևյալ օրինակը։ Հաճախ իր երեխային խնամելիս մայրը տարբեր դերեր է կատարում։ Օրվա ընթացքում գուցե անհրաժեշտ լինի դառնալ բուժքույր, խոհարար, ուսուցիչ՝ կախված նրանից, թե տվյալ իրավիճակում ինչ է անհրաժեշտ։ Եհովան նույնպես սիրառատ ծնող է, սակայն նա կարող է ավելին անել։ Մարդկության առնչությամբ իր նպատակը իրականացնելու համար նա կարող է դառնալ այն, ինչ կամենում է, որպեսզի կատարի անհրաժեշտ դերը։ Ուստի իմանալ Եհովայի անունը նշանակում է հասկանալ, թե ինչ դերեր ունի Աստված և գնահատանք դրսևորել նրա հանդեպ։

Ցավոք, Աստծու էության գեղեցկությունը պահված է այն մարդկանցից, ովքեր չգիտեն նրա անունը։ Սակայն Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով դու կարող ես իմանալ Աստծու անունը, ճանաչել նրան ու հասկանալ, թե ինչ դերեր նա ունի որպես իմաստուն Խորհրդատու, զորեղ Փրկիչ, առատաձեռն Կերակրող և այլն։ Իրոք, Եհովայի անվան նշանակությունը ակնածանք է ներշնչում։

Սակայն միշտ չէ, որ հեշտ է իմանալ Աստծու անունը։ Հաջորդ հոդվածը կլուսաբանի այս հարցը։