Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

ԻՆՉՈ՞Ւ 60-ամյա մի կին հրաժարվեց կուռքերին երկրպագելուց։ Ի՞նչը մղեց սինտոյական քրմին թողնելու իր ծառայությունը տաճարում և դառնալու քրիստոնյա։ Ինչպե՞ս մի կին, որին որդեգրել էին ծնվելուց մի քանի օր հետո, կարողացավ պայքարել լքվածության զգացումի դեմ։ Տեսնենք, թե ինչ են պատմում նրանք։

«Այլևս կուռքերի գերին չեմ» (ԱԲԱ ԴԱՆՍՈՒ)

ԾՆՎԵԼ Է՝ 1938​թ.

ԵՐԿԻՐԸ՝ ԲԵՆԻՆ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԿՈՒՌՔԵՐԻ ԵՐԿՐՊԱԳՈՒ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Մեծացել եմ Սո-Չահուվեյում՝ մի գյուղում, որն ընկած է լճի մոտ գտնվող ճահճոտ տարածքում։ Գյուղացիներն այստեղ զբաղվում են թռչնաբուծությամբ, ձկնորսությամբ և անասնաբուծությամբ՝ պահելով խոշոր եղջերավոր անասուններ, այծեր, ոչխարներ, խոզեր։ Գյուղում ճանապարհներ չկան, այդ պատճառով էլ մարդիկ տեղաշարժվելու նպատակով օգտագործում են նավակներ ու մակույկներ։ Չնայած ոմանք իրենց տները կառուցում են աղյուսներով, տեղացիները սովորաբար օգտագործում են փայտ և խոտ։ Մարդկանց մեծ մասն այստեղ աղքատ է, այնուամենայնիվ հանցագործությունն այնքան տարածված չէ, որքան քաղաքներում։

Դեռ փոքր հասակում հայրս ինձ ու քրոջս ուղարկեց ֆետիշական մենաստան, որտեղ մենք գիտելիքներ ստացանք մեր ավանդական կրոնի մասին։ Երբ մեծացա, սկսեցի պաշտել յորուբական Դուդուա (Օդուդուա) աստծուն։ Տանս մեջ սրբատեղի կառուցեցի այս աստծու համար և կանոնավորաբար քաղցրահամ կարտոֆիլ, արմավենու յուղ, խխունջներ, հավեր, աղավնիներ և տարբեր այլ կենդանիներ էի մատուցում որպես զոհ։ Դրանք թանկ արժեին, և հաճախ գրեթե բոլոր միջոցներս վատնում էի այդ ամենը ձեռք բերելու համար։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Երբ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել, իմացա, որ Եհովան է միակ ճշմարիտ Աստվածը։ Նաև սովորեցի, որ նրան հաճելի չէ, երբ երկրպագության մեջ կուռքեր են գործածում (Ելք 20։4, 5; 1 Կորնթացիներ 10։14)։ Ուստի հասկացա, թե ինչ պիտի անեմ. դեն նետեցի բոլոր սրբապատկերները և մաքրեցի տունս այն ամենից, ինչն առնչվում էր կռապաշտությանը, խզեցի կապերս գուշակների հետ և դադարեցի տեղի ծեսերին ու թաղման հետ կապված ծիսակատարություններին մասնակցելուց։

Ամենևին էլ հեշտ չէր 60 տարեկան կնոջ համար նման փոփոխություններ անել։ Ընկերներս, հարազատներս ու հարևաններս հակառակվում ու ծաղրում էին ինձ։ Սակայն աղոթում էի Եհովային, որ ուժ տա անելու այն, ինչ ճիշտ է։ Ինձ մխիթարում էր Առակներ 18։10 համարը. «Եհովայի անունը ամուր աշտարակ է։ Նրա մեջ է փախչում արդարը և պաշտպանություն ստանում»։

Մյուս բանը, որ ինձ օգնեց, Եհովայի վկաների հանդիպումներին հաճախելն էր։ Այնտեղ էր, որ զգացի, թե ինչ է քրիստոնեական սերը, և դա ինձ շատ տպավորեց, քանի որ այս մարդիկ փորձում էին ապրել Աստվածաշնչի բարձր բարոյական չափանիշներով։ Այն, ինչ տեսա, համոզեց ինձ, որ Եհովայի վկաները ճշմարիտ կրոնն են դավանում։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Աստվածաշնչի խորհուրդները կիրառելն օգնել է ինձ բարելավելու երեխաներիս հետ ունեցած փոխհարաբերություններս։ Նաև զգում եմ, որ ուսերիցս մի ծանր բեռ է ընկել։ Նախկինում միջոցներս վատնում էի անկենդան կուռքերի վրա, որոնք չէին կարող որևէ ձևով օգնել ինձ։ Այժմ երկրպագում եմ Եհովային, նրան, ով վերջնականապես կլուծի բոլոր մեր խնդիրները (Հայտնություն 21։3, 4)։ Անչափ երջանիկ եմ, քանի որ այլևս կուռքերի գերին չեմ, այլ Եհովայի ծառան։ Նրա մոտ ես գտել եմ իսկական ապահովություն ու պաշտպանություն։

«Մանկուց փնտրել եմ Աստծուն» (ՇԻՆՋԻ ՍԱՏՈ)

ԾՆՎԵԼ Է՝ 1951​թ.

ԵՐԿԻՐԸ՝ ՃԱՊՈՆԻԱ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՍԻՆՏՈՅԱԿԱՆ ՔՈՒՐՄ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Մեծացել եմ Ֆուկուոկայի պրեֆեկտուրայում։ Ծնողներս շատ կրոնասեր էին և փոքրուց իմ մեջ ակնածանք էին սերմանում սինտոյական աստվածների հանդեպ։ Երբ փոքր էի, հաճախ մտածում էի իմ փրկության մասին և մեծ ցանկություն ունեի օգնելու նրանց, ովքեր դժվարությունների մեջ են։ Հիշում եմ, թե ինչպես մի անգամ տարրական դասարանում ուսուցիչը մեզ հարցրեց, թե ինչ ենք ցանկանում դառնալ։ Երեխաները կոնկրետ նպատակներ թվարկեցին, ինչպես օրինակ՝ դառնալ գիտնական։ Իսկ ես ասացի, որ իմ երազանքն է ծառայել Աստծուն։ Բոլորը ծիծաղեցին ինձ վրա։

Ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի կրոնական ուսուցիչների համար նախատեսված դպրոց։ Այդ դասընթացների ժամանակ հանդիպեցի սինտոյական քրմերից մեկին, որն ազատ ժամանակ սև կազմով մի գիրք էր կարդում։ Մի օր նա հարցրեց. «Սատո՛, գիտե՞ս, թե ինչ գիրք է սա»։ Ես նկատել էի գրքի կազմը, ուստի պատասխանեցի՝ Աստվածաշունչ։ Ապա ասաց. «Նա, ով ուզում է սինտոյական քուրմ դառնալ, պետք է կարդա այս գիրքը»։ Անմիջապես դուրս գնացի և Աստվածաշունչ գնեցի։

Այդ գիրքը դրել էի իմ գրապահարանում՝ աչքի ընկնող տեղում, և ամեն անգամ խնամքով վերցնում էի փոշին։ Սակայն ժամանակ չէի տրամադրում այդ գիրքն ընթերցելուն, քանի որ դպրոցական գրաֆիկս շատ խիտ էր։ Երբ ավարտեցի ուսումս, սկսեցի ծառայել տաճարում որպես սինտոյական քուրմ։ Ի վերջո, մանկության երազանքս կատարվեց։

Շուտով, սակայն, հասկացա, որ սինտոյական քուրմ դառնալը չիրականացրեց իմ ակնկալիքները։ Շատ քրմեր, կարելի է ասել, սեր չէին դրսևորում ուրիշների հանդեպ ու հետաքրքրված չէին մարդկանցով։ Նրանցից շատերը հավատ չունեին։ Վերադասներիցս մեկը նույնիսկ ասաց ինձ. «Եթե ուզում ես հաջողության հասնել այստեղ, պետք է միայն փիլիսոփայական հարցերի շուրջ խոսես։ Հավատի մասին խոսելն արգելված է»։

Այդ ամենի պատճառով ես հիասթափվեցի սինտոյական կրոնից։ Տաճարում ծառայելուն զուգահեռ սկսեցի ուսումնասիրել մյուս կրոնները։ Այնուամենայնիվ, դրանցից ոչ մեկի մեջ ավելի լավ բան չգտա։ Որքան շատ կրոններ էի ուսումնասիրում, այնքան ավելի էի հիասթափվում։ Հասկացա, որ ոչ մի կրոնի մեջ չկա ճշմարտություն։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ 1988​թ.-ին հանդիպեցի մի բուդդայականի, որը խորհուրդ տվեց ինձ կարդալ Աստվածաշունչը։ Այդ ժամանակ հիշեցի այն սինտոյական քրմին, որը տարիներ առաջ հորդորել էր ինձ նույնն անել։ Ես որոշեցի հետևել նրա խորհրդին։ Երբ սկսեցի կարդալ Աստվածաշունչը, այն անմիջապես կլանեց ինձ։ Երբեմն կարդում էի ամբողջ գիշեր, մինչև որ լուսաբացի շողերը թափանցում էին պատուհանից ներս։

Այն, ինչ կարդացի, մղեց ինձ աղոթելու Աստվածաշնչի Աստծուն։ Ես սկսեցի արտասանել տիպար աղոթքը, որ բերված է Մատթեոս 6։9–13 համարներում, և ամեն երկու ժամը մեկ կրկնում էի այն, նույնիսկ երբ սինտոյական տաճարում ծառայություն էի կատարում։

Շատ բաներ չէի հասկանում և հարցեր ունեի կարդացածիս վերաբերյալ։ Գիտեի, որ Եհովայի վկաները մարդկանց սովորեցնում են Աստվածաշնչի մասին, քանի որ մի ժամանակ նրանք այցելում էին կնոջս։ Ես գտա Վկաներից մեկին և իրար հետևից հարցեր տվեցի նրան։ Ինձ տպավորեց այն, որ այդ կինը յուրաքանչյուր հարցին պատասխանելիս օգտվում էր Աստվածաշնչից։ Նա հոգ տարավ, որ Վկաներից մեկը ուսումնասիրի ինձ հետ։

Կարճ ժամանակ անց սկսեցի հաճախել Եհովայի վկաների հանդիպումներին։ Այնտեղ կային անհատներ, որոնց հետ (ինչպես հետագայում իմացա) նախկինում կոպիտ էի վարվել, սակայն նրանք ջերմորեն ողջունեցին ինձ և բարյացակամ վերաբերմունք ցույց տվեցին։

Այդ հանդիպումների ժամանակ սովորեցի, որ Աստված ակնկալում է ամուսիններից սեր ու հարգանք դրսևորել ընտանիքի անդամների հանդեպ։ Մինչ այդ այնքան էի կենտրոնացել քրմի ծառայության վրա, որ անուշադրության էի մատնել կնոջս ու երկու երեխաներիս։ Բայց վերջապես սկսեցի գիտակցել, որ թեև ուշադրությամբ լսում եմ տաճար հաճախող մարդկանց, բայց երբեք չեմ լսում, թե ինչ է ուզում ասել կինս։

Ժամանակի ընթացքում Եհովայի մասին շատ բաներ սովորեցի, որի արդյունքում մտերմացա նրա հետ։ Ինձ հատկապես տպավորել էին այնպիսի համարներ, ինչպես օրինակ՝ Հռոմեացիներ 10։13-ն է, որտեղ ասվում է. «Ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի»։ Ես մանկուց փնտրել եմ Աստծուն և հիմա վերջապես գտա նրան։

Զգում էի, որ տաճարը հետզհետե օտար մի վայր է դառնում ինձ համար։ Սկզբում անհանգստանում էի, թե ինչ կմտածեն ուրիշները, եթե թողնեմ սինտոյական կրոնը։ Բայց միշտ ասում էի ինքս ինձ, որ կթողնեմ այն, եթե գտնեմ ճշմարիտ Աստծուն մեկ այլ տեղ։ Ուստի 1989​թ.-ի գարնանը որոշեցի վարվել խղճիս թելադրանքով. թողեցի տաճարը և ինձ հանձնեցի Եհովայի ձեռքը։

Իհարկե, դա հեշտ չէր։ Վերադասներս վիճում էին ինձ հետ և փորձում էին ճնշում բանեցնել, որ չհեռանամ։ Շատ ավելի դժվար էր որոշմանս մասին տեղեկացնել ծնողներիս։ Անհանգստացած էի։ Նրանց տուն գնալու ճանապարհին կրծքավանդակումս ցավ զգացի, ոտքերս սկսեցին դողալ։ Մինչ տուն հասնելը բազմիցս կանգ առա ու աղոթեցի Եհովային, որ զորացնի ինձ։

Սկզբում շատ էի վախենում այդ թեմայի շուրջ նրանց հետ խոսելուց։ Ժամեր անցան։ Վերջապես, երկար աղոթելուց հետո ամեն ինչ բացատրեցի հորս։ Ասացի, որ գտել եմ ճշմարիտ Աստծուն և նրան ծառայելու նպատակով թողել եմ սինտոյական կրոնը։ Հայրս ցնցված էր։ Դա շատ տխրեցրեց նրան։ Հետո հարազատներս եկան և փորձեցին մտքափոխ անել ինձ։ Չէի ուզում ցավ պատճառել նրանց, բայց միևնույն ժամանակ հասկանում էի, որ Եհովային ծառայելը ճիշտ ընտրություն է։ Ժամանակի ընթացքում ընտանիքս սկսեց հարգանքով վերաբերվել իմ որոշմանը։

Տաճարը ֆիզիկապես թողնելը մի բան է, սրտով թողնելը մեկ ուրիշ բան։ Քրմի կյանքը խորապես արմատացած էր իմ մեջ։ Ես շատ ջանքեր էի թափում, որ մոռանամ, սակայն ամեն ինչ շուրջս նախկին կյանքս էր հիշեցնում։

Ահա թե ինչն օգնեց, որ ազատվեմ անցյալի ազդեցությունից։ Նախ՝ տանս մեջ մանրակրկիտ կերպով փնտրեցի ու գտա սինտոյականության հետ կապված ամեն ինչ և այրեցի բոլոր այդ գրքերը, նկարներն ու նույնիսկ թանկարժեք իրերը։ Երկրորդ՝ ամեն առիթ օգտագործեցի, որ շփվեմ Վկաների հետ։ Նրանց հետ ընկերակցելն ու նրանց աջակցությունը շատ օգնեցին ինձ։ Աստիճանաբար նախկին ապրելակերպը ջնջվեց հիշողությունիցս։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Ես միշտ արհամարհանքով եմ վերաբերվել կնոջս ու երեխաներիս։ Այդ պատճառով էլ նրանք իրենց միայնակ են զգացել։ Սակայն երբ սկսեցի ժամանակ տրամադրել նրանց, ինչպես որ Աստվածաշունչն է սովորեցնում ամուսիններին, մենք ավելի մտերմացանք։ Ժամանակի ընթացքում կինս նույնպես միացավ ինձ և սկսեց ծառայել Եհովային։ Այժմ մեր որդու, դստեր և նրա ամուսնու հետ միասին երկրպագում ենք ճշմարիտ Աստծուն։

Երբ հիշում եմ, թե մանկուց որքան էի երազում ծառայել Աստծուն և օգնել մարդկանց, հասկանում եմ, որ գտել եմ այն, ինչ ուզում էի, դեռ մի բան էլ ավել։ Հնարավոր չէ խոսքերով արտահայտել երախտագիտությունս Եհովային։

«Զգում էի, որ ինչ-որ բան պակաս է իմ կյանքում»

(ԼԻՆԵԹ ՀԱՈՒԹԻՆԳ)

ԾՆՎԵԼ Է՝ 1958​թ.

ԵՐԿԻՐԸ՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՖՐԻԿԱ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՏԱՌԱՊԵԼ Է ԼՔՎԱԾՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԻՑ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ծնվել եմ Գերմիստոն կոչվող հանքարդյունաբերական քաղաքում, որտեղ բնակիչներից շատերը միջին խավին են պատկանում։ Հասկանալով, որ չեն կարողանա հոգ տանել իմ մասին՝ ծնողներս որոշեցին որդեգրության տալ։ Երբ 14 օրական քնքուշ մանկիկ էի, ինձ որդեգրեց մի հրաշալի ամուսնական զույգ։ Նրանց համարում էի իմ հայրն ու մայրը։ Բայց երբ հետագայում իմացա ճշմարտությունը, լքվածության զգացումով լցվեցի։ Մտածում էի, որ նրանք իրականում ինձ չեն ընդունում և չեն հասկանում։

16 տարեկանում սկսեցի գնալ բարեր, որտեղ ընկերներիս հետ պարում էի կենդանի երաժշտության տակ։ 17 տարեկանում սկսեցի ծխել։ Ես ուզում էի ծխախոտի գովազդներում պատկերված մոդելների նման նիհար լինել։ Երբ լրացավ 19 տարիս, աշխատանքի անցա Յոհաննեսբուրգում, որտեղ անմիջապես ընկա վատ շրջապատ։ Շուտով «հարուստ» բառապաշար ձեռք բերեցի։ Չափից շատ էի ծխում, իսկ հանգստյան օրերին այնքան ալկոհոլ էի օգտագործում, որ անցնում էի բոլոր թույլատրելի սահմանները։

Դրա հետ մեկտեղ կանոնավորաբար զբաղվում էի աերոբիկայով, կանանց ֆուտբոլով և այլ մարզաձևերով։ Նաև տքնաջան աշխատում էի համակարգչային ընկերությունում, որ կարիերա ստեղծեմ։ Ինչ խոսք, ֆինանսապես ապահովված էի և շատերի կարծիքով՝ հաջողակ, բայց իրականում դժբախտ էի, որովհետև մոլորված էի ու հիասթափված։ Հոգուս խորքում զգում էի, որ ինչ-որ բան պակաս է իմ կյանքում։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Երբ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել, իմացա, որ Եհովան սիրո Աստված է։ Նաև սովորեցի, որ նա սեր է դրսևորել՝ տալով իր Խոսքը՝ Աստվածաշունչը։ Աստված կարծես յուրաքանչյուրիս նամակ է գրել, որպեսզի ուղղություն տա մեր քայլերին (Եսայիա 48։17, 18)։ Հասկացա, որ եթե ուզում եմ օգուտներ քաղել Եհովայի՝ սիրով տրված առաջնորդությունից, պետք է մեծ փոփոխություններ կատարեմ իմ կյանքում։

Նախ պետք է փոխեի շրջապատս։ Առակներ 13։20 համարը մինչև հոգուս խորքը հուզեց ինձ. «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա, բայց հիմարների հետ գործ ունեցողը կտուժի»։ Այդ սկզբունքը մղեց ինձ թողնելու հին ընկերներիս և նոր ընկերներ գտնելու Եհովայի վկաների մեջ։

Ամենադժվարը ծխախոտից հրաժարվելն էր, քանի որ շատ ուժեղ կախվածություն ունեի։ Սակայն այդ խնդիրն աստիճանաբար հաղթահարելուց հետո բախվեցի մեկ այլ դժվարության։ Ծխելը թողնելու պատճառով քաշս ավելացել էր 13,6 կիլոգրամով։ Դա նվաստացուցիչ էր ինձ համար։ Մոտ տասը տարի պահանջվեց, որ ավելորդ քաշս գցեմ։ Չնայած այդ ամենին՝ գիտեի, որ ճիշտ եմ վարվել։ Անդադար աղոթում էի Եհովային, և նա ինձ ուժ տվեց, որ հաղթանակած դուրս գամ այդ պայքարից։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Այժմ առողջական վիճակս բարելավվել է։ Ես ինձ բավարարված եմ զգում և այլևս չեմ ձգտում հասնել այն թվացյալ երջանկությանը, որը բերում է կարիերան, դիրքը և հարստությունը։ Փոխարենը՝ ուրախություն եմ գտնում աստվածաշնչյան ճշմարտությունները ուրիշներին սովորեցնելու մեջ։ Այդ գործին մասնակցելու շնորհիվ նախկին աշխատակիցներիցս երեքը ամուսնուս և ինձ հետ միասին այժմ ծառայում են Եհովային։ Խորթ ծնողներս դեռ կենդանի էին, երբ նրանց պատմեցի Աստվածաշնչի այն խոստման մասին, որ դրախտ-երկրի վրա հարություն է լինելու։

Եհովայի հետ ունեցած մտերիմ փոխհարաբերությունների շնորհիվ կարողացա պայքարել լքվածության զգացումի դեմ։ Ես ինձ այլևս լքված չեմ զգում, քանի որ Աստված ընդունել է ինձ, և ես այժմ նրա ծառաների համաշխարհային ընտանիքի մի անդամն եմ։ Նրանց մեջ ես գտել եմ հայրեր, մայրեր, եղբայրներ ու քույրեր (Մարկոս 10։29, 30

[նկար 12-րդ էջի վրա]

Եհովայի վկաների մեջ ես զգացի, թե ինչ է քրիստոնեական սերը

[նկար 13-րդ էջի վրա]

Սինտոյական տաճարը, որտեղ մի ժամանակ երկրպագություն էի մատուցում