Մատթեոս 22։1-46

22  Հիսուսը կրկին առակներով խոսեց նրանց հետ ու ասաց+.  «Երկնքի թագավորությունը նման է մի թագավորի, որն իր որդու համար հարսանեկան խնջույք+ արեց։  Նա իր ծառաներին ուղարկեց, որ կանչեն հարսանեկան խնջույքին հրավիրվածներին+, բայց նրանք չուզեցին գալ+։  Հետո ուրիշ ծառաներ ուղարկեց+ ու ասաց. «Ասացե՛ք հրավիրվածներին. «Ահա պատրաստել եմ իմ ճաշկերույթը+, իմ ցլերն ու պարարտ անասունները մորթված են, և ամեն ինչ պատրաստ է։ Եկեք խնջույքին»»+։  Բայց նրանք անտարբեր մնացին. մեկն իր արտը գնաց, մյուսն՝ իր առևտրին+,  իսկ մնացածները բռնեցին նրա ծառաներին և անարգելով սպանեցին+։  Թագավորն էլ զայրացավ և իր զորքն ուղարկելով՝ կոտորեց այդ մարդասպաններին ու այրեց նրանց քաղաքը+։  Ապա ասաց իր ծառաներին. «Հարսանեկան խնջույքն արդեն պատրաստ է, բայց հրավիրվածները արժանի չէին+։  Ուստի դուրս եկեք գլխավոր ճանապարհները և ում որ գտնեք, հրավիրեք խնջույքին»+։ 10  Ծառաներն էլ դուրս եկան և ճանապարհներից հավաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ թե՛ չարերին, թե՛ բարիներին+. և հարսանեկան սրահը լցվեց սեղանի շուրջ թիկնած+ մարդկանցով։ 11  Երբ թագավորը ներս մտավ՝ հյուրերին տեսնելու, այնտեղ մի մարդու նկատեց, որը հարսանեկան հագուստով չէր+։ 12  Նրան ասաց. «Բարեկա՛մ, առանց հարսանեկան հագուստի+՝ ինչպե՞ս մտար այստեղ»։ Նա պապանձվեց։ 13  Այնուհետև թագավորը հրամայեց իր ծառաներին. «Կապե՛ք նրա ձեռքերն ու ոտքերը և նետե՛ք նրան դրսի խավարը, որտեղ նա լաց կլինի ու կկրճտացնի իր ատամները»+։ 14  Շատերն են հրավիրված, բայց քչերն են ընտրված»+։ 15  Այդ ժամանակ փարիսեցիները գնացին ու խորհրդակցեցին իրար հետ, թե ինչպես նրան իր իսկ խոսքերով ծուղակը գցեն+։ 16  Ուստի իրենց աշակերտներին Հերովդեսի կողմնակիցների+ հետ նրա մոտ ուղարկեցին։ Նրանք ասացին. «Ուսուցի՛չ, գիտենք, որ դու ճշմարտախոս ես, Աստծու ճանապարհը ճշմարտությամբ ես սովորեցնում և ուրիշների կարծիքով չես առաջնորդվում, որովհետև դու մարդկանց արտաքինին չես նայում+։ 17  Ուրեմն ասա՛ մեզ. ի՞նչ ես կարծում, օրենքով թույլատրելի՞ է կայսրին գլխահարկ տալ, թե՞ ոչ»+։ 18  Սակայն Հիսուսը, իմանալով նրանց չար մտադրությունը, ասաց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում, կեղծավորնե՛ր+։ 19  Ցույց տվեք ինձ գլխահարկի մետաղադրամը»։ Նրանք էլ մի դինար* բերեցին։ 20  Եվ նա հարցրեց. «Ո՞ւմ պատկերը և ո՞ւմ գիրն է սա»+։ 21  Նրանք պատասխանեցին. «Կայսրինը»։ Այդ ժամանակ ասաց նրանց. «Ուրեմն կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն»+։ 22  Սա լսելով՝ նրանք զարմացան և թողեցին նրան ու հեռացան+։ 23  Սադուկեցիները, որ ասում էին, թե հարություն չկա, այդ օրը նրա մոտ եկան ու հարցրին+. 24  «Ուսուցի՛չ, Մովսեսն ասաց. «Եթե մի մարդ մահանա առանց երեխա ունենալու, ապա նրա եղբայրը պետք է ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար սերունդ առաջ բերի»+։ 25  Մեզ մոտ յոթ եղբայրներ կային։ Առաջինը ամուսնացավ, ապա մահացավ ու քանի որ սերունդ չուներ, կնոջն իր եղբորը թողեց+։ 26  Նույնը պատահեց նաև երկրորդի, երրորդի ու մնացածի հետ, մինչև յոթերորդը+։ 27  Բոլորից հետո կինն էլ մահացավ։ 28  Ուստի հարության ժամանակ նա այս յոթից ո՞ր մեկի կինն է լինելու, քանի որ բոլորն էլ ամուսնացան նրա հետ»+։ 29  Հիսուսը պատասխանեց նրանց. «Դուք սխալվում եք, որովհետև ո՛չ Գրքերը գիտեք, ո՛չ էլ Աստծու զորությունը+, 30  քանի որ հարության ժամանակ ո՛չ տղամարդիկ են ամուսնանալու, ո՛չ էլ կանայք+, այլ երկնքի հրեշտակների նման են լինելու։ 31  Մահացածների հարության մասին չե՞ք կարդացել, թե Աստված ինչ ասաց ձեզ+. 32  «Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»+։ Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի»+։ 33  Լսելով այս ամենը՝ ժողովուրդը զարմանում էր նրա սովորեցնելու կերպի վրա+։ 34  Երբ փարիսեցիները լսեցին, որ նա սադուկեցիներին պապանձեցրեց, մեկտեղ հավաքվեցին։ 35  Նրանցից մեկը, որ լավատեղյակ էր Օրենքից+, փորձելով նրան, հարցրեց. 36  «Ուսուցի՛չ, Օրենքի մեջ ո՞րն է մեծագույն պատվիրանը»+։ 37  Նա էլ ասաց. ««Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով»+։ 38  Սա է ամենամեծ և առաջին պատվիրանը։ 39  Երկրորդն էլ սրա նման է. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»+։ 40  Այս երկու պատվիրանների վրա են հիմնված ամբողջ Օրենքը և Մարգարեները*»+։ 41  Երբ փարիսեցիները մեկտեղ էին հավաքված, Հիսուսը հարցրեց նրանց+. 42  «Ի՞նչ կարծիք ունեք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է նա»։ Նրանք պատասխանեցին. «Դավթի»+։ 43  Նա էլ ասաց. «Այդ դեպքում ինչպե՞ս է Դավիթը, ներշնչված+ լինելով, նրան «Տեր» կոչում՝ ասելով. 44  «Եհովան ասաց իմ Տիրոջը. «Նստիր իմ աջ կողմը, մինչև քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ»»+։ 45  Ուրեմն եթե Դավիթը նրան «Տեր» է կոչում, ապա էլ ինչպե՞ս է նա նրա որդին»+։ 46  Ոչ ոք չկարողացավ նրան մի բառ անգամ պատասխանել, և այդ օրվանից ոչ մեկը այլևս չէր համարձակվում որևէ բան հարցնել նրան+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 20։2-ի ծնթ.։
Տե՛ս 5։17-ի ծնթ.։