Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս հաղթահարեմ միայնության զգացումը

Ինչպե՞ս հաղթահարեմ միայնության զգացումը

ԳԼՈՒԽ 9

Ինչպե՞ս հաղթահարեմ միայնության զգացումը

Գեղեցիկ օր է, և դու ծրագրեր չունե՞ս։ Իսկ ընկերներդ ունեն։ Նրանք միասին լավ ժամանակ են անցկացնում, իսկ դու նորից տանը մենակ նստած ես։ Թերևս վիրավորվել ես, որ քեզ չեն հրավիրել։ Բայց երբ մտածում ես, թե ինչու, ավելի շատ ես ընկճվում. «Գուցե ինձ հետ ինչ-որ բան այն չէ։ Ինչո՞ւ ոչ ոք չի շփվում ինձ հետ»։

ԳՈՒՑԵ դու էլ նման զգացումներ ունես։ Թվում է, թե քո ու հասակակիցներիդ միջև խոր անդունդ կա։ Ամեն անգամ, երբ ուզում ես զրույցի բռնվել, սկսում ես կմկմալ։ Իսկ երբ առիթ ես ունենում նրանց հետ ժամանակ անցկացնելու, ամաչկոտությունն է գլուխ բարձրացնում։ Ինչո՞ւ է այդքան դժվար շփվել մարդկանց հետ։

Մեկուսանալու փոխարեն՝ կարող ես կամուրջ գցել։

Անդունդ 1. անարժեքության զգացում։ Որոշ պատանիներ մշտապես թերագնահատում են իրենց։ Նրանք մտածում են, որ ոչ ոքի չեն հետաքրքրում ու չեն կարող հետաքրքիր զրույցներ վարել։ Դու է՞լ ունես այդպիսի կարծիք քո մասին։ Եթե այո, ապա այդպես միայն խորացնում ես անդունդը։

Կամուրջ. հիշիր քո արժանիքները (2 Կորնթացիներ 11։6)։ Մտածիր, թե ինչ լավ հատկություններ ունես։ Գրի առ, թե ինչ արժանիքներ և առավելություններ ունես։

․․․․․

Ինչ խոսք, դու ունես թերի կողմեր և դա գիտակցելը կարևոր է (1 Կորնթացիներ 10։12)։ Բայց ունես նաև լավ կողմեր։ Դա հիշելը կօգնի քեզ, որ չտառապես անարժեքության զգացումից։

Անդունդ 2. ամաչկոտություն։ Դու ուզում ես զրույց սկսել, բայց հենց առիթ է բացվում, բերանդ ջուր ես առնում։ 19-ամյա Էլիզաբեթը դժգոհում է. «Ես չափազանց ամաչկոտ եմ։ Ինձ համար շատ դժվար է ժողովում մոտենալ մարդկանց ու շփվել։ Ես հիանում եմ նրանցով, ովքեր կարողանում են շփվել»։ Եթե դու էլ ես Էլիզաբեթի նման ամաչկոտ, գուցե մտածես, որ այդ անդունդն անհաղթահարելի է։

Կամուրջ. անկեղծորեն հետաքրքրվիր ուրիշներով։ Պարտադիր չէ, որ աշխարհի ամենաշփվող մարդը լինես։ Սկսիր հետաքրքրություն ցույց տալ ընդամենը մեկ հոգու հանդեպ։ Ջորջ անունով մի երիտասարդ ասում է. «Բավական է միայն հարցնել՝ ինչպե՞ս ես, գործերդ լա՞վ են, և ծանոթության հիմքն արդեն դրված է»։

Առաջարկ. մի՛ շփվիր միայն հասակակիցներիդ հետ։ Աստվածաշնչում նշվում է մտերիմ ընկերների մասին, ովքեր տարբեր տարիքի են եղել, օրինակ՝ Հռութն ու Նոեմին, Դավիթն ու Հովնաթանը, Տիմոթեոսն ու Պողոսը (Հռութ 1։16, 17; 1 Սամուել 18։1; 1 Կորնթացիներ 4։17)։ Զրույցը երկխոսություն է, ոչ թե մենախոսություն։ Մարդիկ գնահատում են, երբ իրենց լսում են։ Ուստի եթե ամաչկոտ ես, հիշիր, որ կարիք չկա շատախոս լինելու։

Գրի առ տարիքով մեծ երկու հոգու անուն, ում հետ կուզեիր շփվել։

․․․․․

Փորձիր մոտենալ նրանցից մեկին ու զրույց սկսել։ Որքան շատ մարդկանց հետ ծանոթանաս «ողջ եղբայրության» մեջ, այնքան ավելի շատ ընկերներ ձեռք կբերես ու քեզ միայնակ չես զգա (1 Պետրոս 2։17

Անդունդ 3. վանող նշաններ։ Որոշ մարդիկ, ովքեր իրենց ամենագետ են ձևացնում, սիրում են վիրավորել ուրիշներին, հեգնել, նսեմացնել։ Իսկ ոմանք էլ սիրում են վիճել և իրենց կարծիքը պնդել։ Այսպիսի «չափից դուրս արդար» մարդիկ արագ դատում են նրանց, ովքեր չեն համապատասխանում իրենց չափանիշներին (Ժողովող 7։16)։ Ո՞վ կուզեր շփվել նման մարդու հետ։ Իսկ հնարավո՞ր է՝ անդունդը առաջացել է այն պատճառով, որ դու նման հատկություններ ունես։ Աստվածաշունչն ասում է. «Հիմարը շատ խոսքեր է ասում» և «խոսքերի շատության դեպքում հանցանքն անպակաս է» (Ժողովող 10։14; Առակներ 10։19

Կամուրջ. եղիր նրբանկատ (1 Պետրոս 3։8)։ Նույնիսկ եթե համաձայն չես դիմացինի հետ, համբերատարությամբ լսիր նրան։ Փորձիր ընդհանուր եզրեր գտնել։ Իսկ եթե ուզում ես ասել, որ համաձայն չես, ապա կարծիքդ հայտնիր մեղմությամբ և նրբանկատորեն։

Ուրիշների հետ խոսիր այնպես, ինչպես որ կուզեիր քեզ հետ խոսեն։ Աստվածաշունչը հետևյալ խորհուրդն է տալիս. «Շարունակեք ամեն ինչ անել առանց տրտունջի և վիճաբանության» (Փիլիպպեցիներ 2։14)։ Եթե վիճես, ծաղրես, վիրավորես և ինքնագոհաբար դատես ուրիշներին, մարդկանց կվանես քեզանից։ Եվ հակառակը՝ մարդիկ հաճույքով կշփվեն քեզ հետ, եթե քո «խոսքը միշտ վայելուչ լինի» (Կողոսացիներ 4։6

Ամեն գնո՞վ

Կարճ ինքնաքննություն անելուց հետո թերևս տեսնես, թե ինչպես կարող ես կամուրջ գցել և հաղթահարել շփման հետ կապված խնդիրները։ Բայց պետք է իրատես լինես։ Հնարավոր չէ շահել բոլորի սերը։ Հիսուսն ասաց, որ ատելության կարժանանան նույնիսկ նրանք, ովքեր ճիշտ են վարվում (Հովհաննես 15։19)։ Ուստի մի՛ փորձիր ընկերներ ձեռք բերել ամեն գնով։

Այդուհանդերձ, պետք է ջանքեր թափես, որ լինես բարեհամբույր և հաճելի անձնավորություն, բայց միևնույն ժամանակ զիջումների չգնաս աստվածաշնչյան չափանիշները պահելու հարցում։ Հնում ապրած Սամուելը հաստատակամորեն վճռել էր անել այն, ինչ հաճելի է Աստծուն։ Այդպես նա «ավելի հաճելի էր դառնում թե՛ Եհովային և թե՛ մարդկանց» (1 Սամուել 2։26)։ Եթե ջանքեր թափես, դու էլ այդպիսին կլինես։

ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ 1-ԻՆ ՀԱՏՈՐԻ 8-ՐԴ ԳԼԽՈՒՄ։

Լրացուցիչ ինֆորմացիայի համար դիտիր «Երիտասարդների հարցերը. ինչպե՞ս իսկական ընկերներ գտնեմ» տեսաֆիլմը։ Թողարկվել է ավելի քան 40 լեզուներով։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Մտերիմ ընկերդ հանկարծ թշնամի է դառնում։ Ի՞նչ կարող ես անել։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Ուրիշներին առատորեն ոռոգողը ինքն էլ առատորեն կոռոգվի» (Առակներ 11։25

ԱՌԱՋԱՐԿ

Փորձիր շարունակել զրույցը։ Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը հարցնում է՝ «լավ անցկացրի՞ր հանգստյան օրերը», պարզապես մի՛ ասա այո։ Պատմիր, թե ինչու լավ անցան, իսկ հետո հարցրու, թե ինքը ինչպես է անցկացրել։

ԳԻՏԵԻ՞Ր

Աստվածաշնչից իմանում ենք, որ Մովսեսը, Երեմիան և Տիմոթեոսը թերևս ամաչկոտ են եղել (Ելք 3։11, 13; 4։1, 10; Երեմիա 1։6–8; 1 Տիմոթեոս 4։12; 2 Տիմոթեոս 1։6–8

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Ընկերներ ձեռք բերելու հարցում ամենամեծ դժվարությունը ինձ համար ․․․․․

Այս դժվարությունը հաղթահարելու համար ես ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչո՞ւ են որոշ քրիստոնյաներ միայնության զգացում ունենում։

● Ի՞նչը կօգնի քեզ հավասարակշռված տեսակետ ունենալու քո հանդեպ և չհամակվելու բացասական մտքերով։

● Ինչպե՞ս կարող ես մխիթարել եղբորդ կամ քրոջդ, որը պայքարում է միայնության զգացումի դեմ։

[մեջբերում 88-րդ էջի վրա]

«Մի քույր անընդհատ փորձում էր ընկերանալ ինձ հետ, բայց ես չէի արձագանքում։ Ի՜նչ անմիտ էի։ Սակայն նա դարձավ իմ ամենալավ ընկերներից մեկը, չնայած 25 տարով մեծ էր ինձնից» (Մարի)։

[նկար 87-րդ էջի վրա]

Քեզ ուրիշներից բաժանող անդունդի վրա կամուրջ գցիր