Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թագավորության սրահների շինարարությունը «արագանում է»

Թագավորության սրահների շինարարությունը «արագանում է»

ՈՂՋ աշխարհում Եհովան արագացնում է ճշմարիտ երկրպագության տարածումը։ Արդյունքում՝ Թագավորության սրահների ավելի մեծ կարիք է առաջանում (Ես. 60։22)։ Ներկայումս ամբողջ աշխարհում ավելի քան 13000 սրահներ պետք է կառուցվեն կամ հիմնովին վերանորոգվեն։

Առավել արդյունավետ ու տնտեսող մեթոդներով գործը առաջ տանելու նպատակով Կառավարիչ մարմինը շինարարության տարբեր բաժիններում փոփոխություններ է արել։ Վերջերս ստեղծվել է մի նոր բաժին՝ նախագծման/շինարարության միջազգային բաժինը (ՆՇՄ), որը գտնվում է գլխավոր վարչությունում (Բրուքլին, Նյու Յորք)։ Այն մեծ աշխատանքներ է տանում, որպեսզի պարզի, թե ամբողջ աշխարհում շինարարության ու վերանորոգման նախագծերից որոնք են առավել առաջնային, և արագացնի դրանց իրականացումը։ Իսկ նախագծման/շինարարության տարածաշրջանային բաժինները (ՆՇՏՇ), որոնք գտնվում են Օվկիանիայի, Կենտրոնական Եվրոպայի, Հարավաֆրիկյան Հանրապետության և Միացյալ Նահանգների մասնաճյուղերում, վերահսկում են իրենց հոգածության տակ գտնվող տարածքներում իրականացվող նախագծերը և հոգ են տանում, որ Թագավորության սրահները կառուցվեն ավելի արագ ու արդյունավետ կերպով։ Յուրաքանչյուր ՆՇՏՇ նաև քայլեր է ձեռնարկում, որ իր տարածաշրջանի մասնաճյուղերը մարզում ստանան իրենց տարածքի աստվածապետական շինություններին հոգ տանելու համար։ Յուրաքանչյուր մասնաճյուղում գործում է նախագծման/շինարարության տեղի բաժին (ՆՇՏ), որը տվյալ տարածքում վերահսկում է Թագավորության սրահների և Համաժողովների սրահների շինարարությունն ու տեխսպասարկումը։

Միացյալ Նահանգներում ապրող բոլոր երեցները 2015թ. հունվարին տեսակապի միջոցով մասնակցեցին մի հանդիպման, որի ժամանակ խոսվում էր Թագավորության սրահների նախագծման, շինարարության և տեխսպասարկման մի նոր ծրագրի մասին։ Նրանք ստացան հետևյալ տեղեկությունները։

  • Շինարարություն։ Գոյություն ունեցող ստանդարտացված դիզայնն ու շինարարական նյութերը կհարմարեցվեն տեղի հանգամանքներին և հիմնված կլինեն Կառավարիչ մարմնի հրատարակչական կոմիտեի տված առաջնորդության վրա։ Շինությունները կլինեն քիչ խնամք պահանջող, դիմացկուն, բայց միևնույն ժամանակ՝ գեղեցիկ ու ոչ ծախսատար։

  • Տեխսպասարկում։ Յուրաքանչյուր ժողովում մի խումբ կամավորների կսովորեցնեն, թե ինչպես հոգ տանել երկրպագության վայրերի մասին, որպեսզի դրանք հնարավորինս երկար ծառայեն։

Ճիշտ է, շինարարական և տեխսպասարկման աշխատանքների մասշտաբները հսկայական են, բայց Աստծու ժողովրդի միասնական ջանքերի շնորհիվ գործն այնպես է կազմակերպվում, որ արագ արվի, և նվիրաբերված միջոցները իմաստնորեն օգտագործվեն։