Անցնել բովանդակությանը

Արշավ Մարոնի գետի երկայնքով

Արշավ Մարոնի գետի երկայնքով

 Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում (Հարավային Ամերիկա)՝ քաղաքի եռուզեռից հեռու, ապրում են տարբեր ցեղերի, լեզուների և ազգերի մարդիկ։ 2017 թ. հուլիսին Եհովայի վկաները, 13-հոգանոց խմբով անցնելով Ֆրանսիական Գվիանայում գտնվող Մարոնի գետի և դրա արևելյան վտակների երկայնքով, մեկնեցին այնտեղ՝ արշավի։ Ո՞րն էր նրանց նպատակը։ Արշավի մասնակիցները ցանկանում էին աստվածաշնչյան հուսադրող լուրը հասցնել այդ տարածքներում բնակվող մարդկանց։

Նախապատրաստվում են արշավի

 12-օրյա արշավից մեկ ամիս առաջ բոլոր մասնակիցները ներկա եղան նախապատրաստական հանդիպման։ «Մենք որոշ տեղեկություններ իմացանք այդ տարածքի և դրա պատմության մասին, նաև քննարկեցինք, թե ինչպես պետք է նախապատրաստվենք ճանապարհորդությանը»,— հիշում է Ուինսլին։ Յուրաքանչյուր մասնակցի հերմետիկ տարա տրվեց, որի մեջ կարող էին դնել իրենց գամակն ու մոծակապաշտպան ցանցը։ Առջևում երկու թռիչք էր սպասվում, ինչպես նաև երկար ժամերի թիավարություն մակույկներով։

Քլոդն ու Լիզետը

 Իսկ ինչպե՞ս էին այս 13 հոգին արձագանքել հրավերին։ Քլոդն ու Լիզետը, որոնք արդեն թոշակի էին անցել, միանգամից ընդունել էին հրավերը։ «Ես ուրախությունից ցնծում էի, բայց մի քիչ վախ կար սրտումս,— պատմում է Քլոդը։— Հաճախ էի լսել Մարոնիի վտանգավոր սահանքների մասին»։ Լիզետն էլ մտավախություն ուներ. «Անհանգստանում էի, որ չեմ կարողանա ամերիկյան հնդկացիական լեզուներով խոսել»,— ասում է նա։

 Խմբի անդամներից Միքայելը նույնպես այդպիսի զգացումներ ուներ։ «Մենք վայանա ցեղի մասին շատ բան չգիտեինք,— պատմում է նա։— Ինտերնետում փնտրտուք արեցի, որ մի քանի բառ սովորեմ ու իրենց լեզվով ողջունեմ նրանց»։

 Շերլին, որը ճամփորդում էր ամուսնու՝ Յոհանի հետ, կազմեց այն բոլոր լեզուների ցուցակը, որով խոսում էին այդ գետի ափին բնակվող ցեղերը։ «Մենք jw.org կայքից այդ լեզուներով տեսանյութեր ներբեռնեցինք ու հետներս վայանա լեզվով զրուցարան վերցրինք»,— ասում է Շերլին։

Հասնում են ամերիկյան հնդկացիների երկիր

 Հուլիսի 4-ին՝ երեքշաբթի, խմբի անդամները Սեն Լորան դյու Մարոնի քաղաքում ինքնաթիռ նստեցին և թռան Մարիպասուլա, որը փոքր քաղաք է Ֆրանսիական Գվիանայում։

 Հաջորդ չորս օրերի ընթացքում խումբը շարժիչ ունեցող մակույկներով, որոնք կոչվում են պիրոգա, հասավ Մարոնի գետի վերին վտակների ափամերձ գյուղերը և քարոզեց բնակիչներին։ «Նկատեցինք, որ այնտեղ ապրող հնդկացիները շատ հետաքրքրված էին հոգևոր թեմաներով,— պատմում է Ռոլանդը՝ խմբի անդամներից մեկը։— Նրանք շատ հարցեր ունեին, և ոմանք խնդրեցին, որ իրենց հետ Աստվածաշունչ ուսումնասիրենք»։

 Գյուղերից մեկում Յոհանն ու Շերլին երիտասարդ ամուսինների հանդիպեցին, որոնց ազգականը վերջերս ինքնասպան էր եղել։ «Մենք «JW Broadcasting»-ով նրանց ցույց տվեցինք «Բնիկ ամերիկացի, որ գտավ իր Ստեղծչին» վերնագրով տեսանյութը,— ասում է Յոհանը։— Նրանք շատ էին տպավորվել և մեզ իրենց էլեկտրոնային հասցեն տվեցին, որ կապի մեջ մնանք»:

 Ամենահեռավոր գյուղը, որ Վկաները գնացին, Անտեյկում Պատան էր։ Խմբի անդամները հոգնած էին, ուստի գյուղապետը թույլ տվեց, որ իրենց գամակները կապեն հասարակական տարածքում։ Նրանք նաև լողացան գետում, ինչպես որ տեղաբնակներն են անում։

 Խումբն այդ վայրից ճանապարհ ընկավ դեպի Թվենքե գյուղ, որի բնակիչները սգում էին իրենց սիրելի համագյուղացու մահը։ ««Գլխավոր մարդը»՝ ցեղապետը, թույլ տվեց, որ ազատ շրջենք գյուղում ու մխիթարենք սգացողներին,— ասում է Էրիկը՝ արշավի կազմակերպիչներից մեկը։— Երբ ցեղապետի և նրա ընտանիքի համար վայանա լեզվով Աստվածաշնչից համարներ էինք կարդում, նրանք հետաքրքրությամբ հետևում էին։ Մենք նաև մահացածների հարությանը վերաբերող տեսանյութեր ցույց տվեցինք»։

Ուղևորվում են Գրան Սանտի և Ապատու

 Արշավը շարունակվեց Գրան Սանտիում։ Մասնակիցները կես ժամում Մարիպասուլայից ինքնաթիռով հասան այդ փոքր քաղաք։ Նրանք երեքշաբթի և չորեքշաբթի օրերին քարոզեցին այնտեղի բնակիչներին, իսկ հինգշաբթի Մարոնի գետի երկայնքով ճանապարհ ընկան դեպի Ապատու գյուղ։ Ճամփորդությունը տևեց հինգուկես ժամ։

Մարոնի գետը և Ամազոնի խոնավ արևադարձային անտառները, որոնք գտնվում են Մարիպասուլայի և Գրան Սանտի գետի միջև

 Արշավի նախավերջին օրը խումբը այցելեց մարոններին, որոնք հարևան Սուրինամի գաղութացման ժամանակաշրջանում Աֆրիկայից Հարավային Ամերիկա բերված ստրուկների հետնորդներն են։ Նրանք ապրում են անտառներում գտնվող գյուղերում։ Վկաները մի մեծ վրան խփեցին անտառում ու բոլորին հրավիրեցին ժողովի հանդիպման։ «Երբ տեսանք, թե որքան մարդ է եկել, մեր սիրտն ուրախությամբ լցվեց։ Հենց այդ առավոտ էինք նրանց հրավիրել»,— պատմում է Քլոդը։ Քարստենը, որը առաջին անգամ էր մասնակցում այդպիսի քարոզարշավի, աուկան լեզվով հանրային ելույթ ներկայացրեց, որի վերնագիրն էր «Մի՞թե սա է ամբողջ կյանքը»։ Ժողովի հանդիպմանը տարբեր գյուղերից 91 հոգի էր եկել։

«Մենք պատրաստ ենք նորից գնալու»

 Արշավի ավարտից հետո խումբը վերադարձավ Սեն Լորան դյու Մարոնի։ Բոլորը ոգևորված էին բնակիչների դրական արձագանքից։ Այդ մարդիկ բազմաթիվ հրատարակություններ էին վերցրել ու տասնյակ տեսանյութեր էին դիտել։

 «Բառերով անհնար է նկարագրել, թե որքան ուրախ եմ, որ մասնակցել եմ այս արշավին»— ասում է Լիզետը։ Սինդին հավելում է. «Եթե հնարավորություն լիներ, հաստատ նորից կգնայի։ Մինչև չմասնակցես, չես զգա այդ ուրախությունը»։

 Մասնակիցներից մի քանիսի սրտում արշավը այդ վայրեր կրկին այցելելու ցանկություն առաջացրեց։ «Մենք պատրաստ ենք նորից գնալու»,— ասում է Միքայելը։ Ուինսլին տեղափոխվել է Սեն Լորան դյու Մարոնի։ Քլոդն ու Լիզետն էլ, որոնք 60-ն անց են, որոշել են տեղափոխվել Ապատու։