Անցնել բովանդակությանը

Ինչո՞ւ են Եհովայի վկաները քաղաքականապես չեզոք

Ինչո՞ւ են Եհովայի վկաները քաղաքականապես չեզոք

 Եհովայի վկաները քաղաքականության մեջ չեզոք են կրոնական համոզմունքներից ելնելով, որոնք հիմնված են Աստվածաշնչի ուսմունքների վրա։ Մենք իշխանությունների վրա ճնշում չենք բանեցնում, ընտրությունների չենք մասնակցում, մեր թեկնածությունը չենք դնում քաղաքական որևէ ասպարեզում և չենք մասնակցում կառավարության դեմ ուղղված ոչ մի շարժման։ Աստվածաշունչը ակնհայտ պատճառներ է նշում քաղաքականապես չեզոք դիրք պահելու համար։

  •   Մենք հետևում ենք Հիսուսի օրինակին, ով հրաժարվեց քաղաքականության մեջ դիրք ստանձնելուց (Հովհաննես 6:15)։ Նա իր աշակերտներին պատվիրեց չլինել «աշխարհի մի մասը» և հստակ ցույց տվեց, որ չպետք է քաղաքական հարցերում որևէ դիրք բռնել (Հովհաննես 17:14, 16; 18:36; Մարկոս 12:13–17

  •   Մենք հավատարիմ ենք Աստծու Թագավորությանը, որի մասին Հիսուսն ասաց. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ» (Մատթեոս 24:14)։ Որպես Աստծու Թագավորության ներկայացուցիչներ՝ մենք ազդարարում ենք այդ Թագավորության գալուստը և չեզոք ենք մնում ոչ միայն մեր, այլև աշխարհի բոլոր երկրներին առնչվող քաղաքականությանը վերաբերող հարցերում (2 Կորնթացիներ 5:20; Եփեսացիներ 6:20

  •   Չեզոք լինելով՝ մենք խոսքի ազատություն ենք ունենում քաղաքական տարբեր հայացքներ ունեցող մարդկանց հայտնելու Աստծու Թագավորության բարի լուրը։ Մենք թե՛ խոսքով և թե՛ գործով ցույց ենք տալիս, որ աշխարհի խնդիրների լուծման հարցում ապավինում ենք Աստծու Թագավորությանը (Սաղմոս 56:11

  •   Քաղաքականության մեջ չեզոք լինելու շնորհիվ մեր մեջ պառակտումներ չկան, և մենք միաբանված ենք որպես մեկ միջազգային եղբայրություն (Կողոսացիներ 3:14; 1 Պետրոս 2:17)։ Իսկ այն կրոնները, որոնք միջամտում են քաղաքականությանը, պառակտված են (1 Կորնթացիներ 1:10

 Հարգանք իշխանությունների հանդեպ։ Թեև մենք չենք միջամտում քաղաքականությանը, սակայն հարգում ենք իշխանություններին, ինչպես որ պատվիրում է Աստվածաշունչը. «Թող ամեն անձ հպատակվի վերին իշխանություններին» (Հռոմեացիներ 13:1)։ Մենք հնազանդվում ենք մեր երկրի օրենքին, վճարում ենք հարկերը և համագործակցում ենք ղեկավար մարմինների հետ հանրօգուտ աշխատանքներում։ Հեղաշրջում անելու փոխարեն՝ հետևում ենք Աստվածաշնչի խորհրդին և աղոթում ենք «թագավորների և բոլոր բարձր դիրք ունեցողների համար», հատկապես երբ նրանք պետք է մեր երկրպագության ազատությանն առնչվող որոշումներ կայացնեն (1 Տիմոթեոս 2:1, 2

 Չնայած մեր դիրքորոշմանը՝ մենք հարգում ենք քաղաքական հարցերում ներգրավվելու ուրիշների իրավունքը։ Օրինակ՝ չենք խանգարում ընտրություններին և չենք արգելում մարդկանց քվեարկել։

 Չեզոքությունը նորամուծությո՞ւն է քրիստոնեության մեջ։ Բոլորովին։ Առաքյալները և առաջին դարի մյուս քրիստոնյաները նույն դիրքորոշումն ունեին քաղաքական հարցերում։ «Լավ մտադրությունների հետևում» գրքում հետևյալն է ասվում. «Առաջին դարի քրիստոնյաները այն համոզմունքն ունեին, որ պարտավոր են պատվել բարձր իշխանություններին, բայց չպետք է մասնակցեին քաղաքական գործերին» (Beyond Good Intentions)։ Նման միտք ենք կարդում «Քաղաքակրթության ճանապարհին» գրքում, որտեղ նշվում է, որ վաղ քրիստոնյաները «քաղաքական պաշտոն չէին զբաղեցնում» (On the Road to Civilization)։

 Մեր քաղաքական չեզոքությունը սպառնալի՞ք է երկրի անվտանգության համար։ Ո՛չ։ Մենք խաղաղասեր քաղաքացիներ ենք, որոնցից իշխանությունները վախենալու պատճառ չունեն։ Հետաքրքիր է, թե այդ մասին ինչ է գրվել Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի 2001թ. զեկույցում։ Խոսելով մեր չեզոքության մասին՝ զեկույցը նշում է. «Հնարավոր է՝ այսօր էլ ոմանց դուր չգա Եհովայի վկաների դիրքորոշումը։ Դա է եղել նացիստական և կոմունիստական վարչակարգերի կողմից նրանց հետապնդվելու հիմնական պատճառը»։ Սակայն, նույնիսկ խորհրդային ռեժիմի ռեպրեսիայի ժամանակներում Վկաները «մնացել են օրինապահ քաղաքացիներ։ Նրանք ազնվորեն և անշահախնդրորեն աշխատել են կոլտնտեսություններում և արդյունաբերական հիմնարկներում։ Նրանք սպառնալիք չեն եղել կոմունիստական վարչակարգի համար»։ Այսօր էլ, նախկինի պես, Եհովայի վկաների հավատալիքներն ու գործունեությունը «չի սպառնում որևէ երկրի անվտանգությանն ու ամբողջականությանը», ինչպես ամփոփվում էր զեկույցում։