Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 3, 2017
ՂԱԶԱԽՍՏԱՆ

Ղազախստանը ոտնահարում է կրոնի ազատությունը և դատապարտում Թեյմուր Ահմեդովին

Ղազախստանը ոտնահարում է կրոնի ազատությունը և դատապարտում Թեյմուր Ահմեդովին

2017թ. մայիսի 2-ին Աստանայի դատարաններից մեկը դատապարտեց Թեյմուր Ահմեդովին հինգ տարվա ազատազրկման իր կրոնական համոզմունքների մասին ուրիշների հետ զրուցելու համար։ 1991թ.-ին Ղազախստանի անկախության հռչակումից ի վեր նա առաջին Եհովայի վկան է, ով այդ երկրում դատապարտվել է իր կրոնական գործունեության համար։

Չնայած միջազգային մարմինների՝ նախնական կալանքը տնային կալանքով փոխարինելու ջանքերին՝ պրն Ահմեդովը 3 ամսից ավելի նախնական կալանքի տակ է եղել։ Նա 61 տարեկան է, ամուսնացած է և ունի 3 տղա։ Պրն Ահմեդովը վատառողջ է։

Պատժվում է կրոնի ազատության իրավունքը իրականացնելու համար

Պրն Ահմեդովի դժվարությունները սկսվեցին 2017թ. հունվարին, երբ Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) գաղտնի ծառայությունները ձերբակալեցին նրան Ղազախստանի քրեական օրենսգրքի 174-րդ հոդվածի 2-րդ մասը «խախտելու» համար։ ԱԱԿ-ն նրան մեղադրեց «կրոնական թշնամանք.... հարուցելու» մեջ՝ մասնավոր կարգով այլոց հետ իր կրոնական համոզմունքների մասին խոսելու համար։

Դատավոր Տալգաթ Սերլիբաևը վճռեց, որ պրն Ահմեդովն իր զրույցով «հրահրել է կրոնական պառակտում» և նպաստել «կրոնական պատկանելության հողի վրա գերազանցության և բացառիկության քարոզչությանը»։ Դատարանը նաև 3 տարով սահմանափակեց պրն Ահմեդովի՝ «գաղափարախոսական կրոնական գործունեությանը» մասնակցելու ազատությունը՝ իրականում արգելելով նրան դավանել իր կրոնը։

Եհովայի վկաների իրավախորհրդատու Ֆիլիպ Բրամլին ասում է. «Իշխանությունները միանգամայն սխալ են կիրառում օրենքը։ 2016թ.-ին մի քանի տղամարդ հրավիրել էին Թեյմուրին մի բնակարան՝ նրա կրոնական համոզմունքների մասին զրուցելու։ Նրանք նույնիսկ եկել էին Թեյմուրի տուն։ Նա չի էլ պատկերացրել, որ այդ զրույցները գաղտնի ձայնագրվում են և հետո օգտագործվելու են իր դեմ շինծու քրեական գործ հարուցելու համար։ Սա ցույց է տալիս, թե ինչի են պատրաստ իշխանությունները՝ խաղաղ կրոնական գործունեությունը ճնշելու և քրեականացնելու համար։ Սա արդարադատության ծաղրանմանություն է»:

Բացի այդ, պրն Ահմեդովի ընտանիքը խիստ մտահոգված է նրա առողջությամբ, քանի որ նա ունի արյունահոսող ուռուցք (քաղցկեղի կասկած)։ Չնայած պրն Ահմեդովի վատառողջ լինելուն՝ իշխանությունները մերժել են նրա կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին միջնորդությունները և չեն տրամադրել բուժօգնություն, որը նրան խիստ անհրաժեշտ է։ Նրա փաստաբանները բողոքներ են ներկայացրել ՄԱԿ-ի Կամայական կալանավորման հարցով աշխատանքային խմբին, ՄԱԿ-ի Կրոնի և համոզմունքի ազատության հարցերով հատուկ զեկուցողին ու ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցողին։

Արդյո՞ք կրոնի ազատության իրավունքը կպաշտպանվի Ղազախստանում

Ղազախստանում Եհովայի վկաները բազմաթիվ խոչընդոտների են բախվել իրենց կրոնական գործունեությունը իրականացնելու հարցում։ Սակայն պրն Ահմեդովի անհիմն ազատազրկումը նոր և ցնցող հարձակում է նրանց դավանանքի վրա։ Վկաների ներկայացուցիչները շարունակում են դիմել Ղազախստանի իշխանություններին, որպեսզի վերջիններս իրականացնեն առանց պետական միջամտության կրոնը դավանելու հիմնարար ազատությունը պաշտպանելու վերաբերյալ իրենց միջազգային պարտավորությունները։