Անցնել բովանդակությանը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

Պոռնկագրությունը կարող է քայքայել ձեր ամուսնությունը

Պոռնկագրությունը կարող է քայքայել ձեր ամուսնությունը

 Նրա կինը բացահայտել է գաղտնիքը։ Նա ներողություն է աղերսում։ Խոստացել էր, որ այլևս այդպես չի վարվի, բայց չկարողացավ իր խոսքի տերը լինել։ Նա նորից նույն ծուղակն ընկավ, ու հիմա ամեն բան կրկնվում է։

 Նմանատիպ իրավիճակո՞ւմ ես։ Եթե այո, ապա պետք է հասկանաս, թե պոռնկագրություն դիտելու սովորությունդ ինչ ազդեցություն է թողնում կողակցիդ վրա, և թե ինչպես կարող ես մեկընդմիշտ վերջ տալ դրան։ a

Այս հոդվածում՝

 Ինչ պետք է իմանաս

 Պոռնկագրությունը կարող է քայքայել ամուսնությունը։ Այն կարող է խոցել անմեղ կողակցի սիրտը և անվստահության զգացում առաջացնել։ b

 Եթե ամուսինը պոռնկագրություն է դիտում, նրա կինը գուցե նման զգացումներ ունենա.

  •   Դավաճանված լինելու զգացում։ Սառա անունով մի կին ասում է. «Ծանր ապրումներ ունեի. ասես ամուսինս կրկին ու կրկին դավաճանում էր ինձ ուրիշ կնոջ հետ»։

  •   Թերարժեքության զգացում։ Մի կին ասում է, որ ամուսնու սովորության պատճառով այնքան էր ճնշվել, որ իրեն շատ տգեղ էր համարում և ամաչում էր ինքն իրենից։

  •   Անվստահության զգացում։ Հելեն անունով մի կին ասում է. «Ամուսնուս ամեն մի քայլը ինձ կասկածելի է թվում»։

  •   Տագնապի զգացում։ Քեթրին անունով մի կին խոստովանում է. «Ամուսնուս սովորության մասին մտքերը հանգիստ չէին տալիս ինձ. դրանք կյանքիս մշտական ուղեկիցն էին դարձել»։

 Մտածիր։ Աստվածաշունչը հորդորում է յուրաքանչյուր ամուսնու սիրել իր կնոջը (Եփեսացիներ 5։25)։ Արդյոք նա այդպե՞ս է վարվում, եթե թույլ է տալիս, որ իր կինը ունենա վերոհիշյալ ապրումները։

 Ինչ կարող ես անել

 Պոռնկագրություն դիտելու սովորությունից ազատվելը հեշտ չէ։ «Ամուսնուս հաջողվեց թողնել ծխելը, մարիխուանա օգտագործելը և ալկոհոլի չարաշահումը,— ասում է Սթեյսի անունով մի կին։— Բայց նա մինչ օրս պայքարում է պոռնկագրություն դիտելու սովորության դեմ»։

 Եթե դու էլ ես պոռնկագրության ճիրաններում, հետևյալ առաջարկները կօգնեն քեզ մեկընդմիշտ ազատվել այդ սովորությունից։

  •   Գիտակցիր, որ պոռնկագրությունը չարիք է։ Պոռնկագրությունը մղում է բավարարել եսասիրական ցանկությունները, ինչը քայքայում է երջանիկ ամուսնության հիմքը՝ սերը, վստահությունն ու նվիրվածությունը։ Այն նաև անարգում է ամուսնության Հիմնադրին՝ Եհովա Աստծուն։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Թող ամուսնությունը.... պատվական լինի» (Եբրայեցիներ 13։4

  •   Պատասխանատվություն կրիր արարքներիդ համար։ Մի՛ ասա՝ ես պոռնկագրություն չէի դիտի, եթե կնոջիցս բավականաչափ ուշադրություն ստանայի։ Մեղքը կնոջդ վրա գցելը անարդար է։ Դա հարմար պատրվակ է, որ կրկին վերադառնաս սովորությանդ, եթե կինդ հիասթափեցնի քեզ։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Ամեն մեկը փորձվում է, քանի որ տարվում և հրապուրվում է իր ցանկություններով» (Հակոբոս 1։14

  •   Բաց հաղորդակցություն պահպանիր կողակցիդ հետ։ Քեվին անունով մի ամուսին ասում է. «Ամեն օր անկեղծ խոսում եմ կնոջս հետ։ Ասում եմ՝ արդյոք հայացք գցել եմ որևէ անպարկեշտ բանի, թե կարողացել եմ դիմադրել ցանկությանը։ Դրա շնորհիվ կինս գիտի, որ իրենից գաղտնիքներ չունեմ»։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13։18

  •   Զգոն մնա։ Սովորությունդ գուցե կրկին գլուխ բարձրացնի, նույնիսկ այն հաղթահարելուց տարիներ հետո։ Քեվինը, որի խոսքերը նշվեցին վերևում, ասում է. «Տասը տարի հաջողությամբ դիմադրում էի պոռնկագրություն դիտելու ցանկությանը և ինքս ինձ համոզել էի, որ ազատվել եմ իմ խնդրից։ Բայց կախվածությունը դարան էր մտել իմ սրտում ու հարմար պահի էր սպասում, որ հարձակում գործի»։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Ով կարծում է, թե կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի» (1 Կորնթացիներ 10։12

  •   Երբ գայթակղություն է առաջանում, սպասիր։ Գուցե չկարողանաս կանխել սխալ ցանկությունը, բայց քեզնից է կախված՝ տեղի կտաս դրան, թե ոչ։ Ցանկությունը թերևս բավականին արագ նահանջի, եթե սովորես միտքդ շեղել օգտակար զբաղմունքներով։

     Աստվածաշնչյան սկզբունք. «[Թող] ձեզանից յուրաքանչյուրը իմանա, թե ինչպես պետք է տիրապետի իր մարմնին սրբությամբ ու պատվով և ոչ թե անհագ սեռական կրքով» (1 Թեսաղոնիկեցիներ 4։4, 5

  •   Խուսափիր սովորությունդ գրգռող իրավիճակներից։ «Կամքի ուժը բավական չէ» գրքում ասվում է. «Երբ գայթակղիչ իրավիճակում ես հայտնվում, ասես լուցկի ես վառում։ Մի փոքր վառելիք.... ու հրդեհ կբռնկվի» (Willpower’s Not Enough)։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Թող ոչ մի չար բան չտիրի ինձ վրա» (Սաղմոս 119։133

  •   Հույսդ մի՛ կտրիր։ Ինչ խոսք, գուցե երկար ժամանակ պահանջվի, նույնիսկ տարիներ, որ վերականգնես կողակցիդ վստահությունը։ Բայց փորձը ցույց է տալիս, որ դա հնարավո՛ր է։

     Աստվածաշնչյան սկզբունք. «Սերը համբերատար է» (1 Կորնթացիներ 13։4

a Թեպետ այս հոդվածում խոսքը ամուսիններին է ուղղված, սակայն սկզբունքները կիրառելի են նաև պոռնկագրություն դիտող կանանց դեպքում։

b Որոշ զույգեր կարծում են, թե միասին պոռնկագրություն դիտելը կարող է բարելավել իրենց փոխհարաբերությունները։ Սակայն այդ սովորությունը դեմ է աստվածաշնչյան սկզբունքներին (Առակներ 5։15-20; 1 Կորնթացիներ 13։4, 5; Գաղատացիներ 5։22, 23