Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ անեմ, որ սեքսի մասին չմտածեմ

Ի՞նչ անեմ, որ սեքսի մասին չմտածեմ

 «Սեքսի մասին մտքերը ծագում են անսպասելիորեն, և ես չեմ կարողանում գլխիցս հանել դրանք։ Ասես ինչ-որ մեկը ղեկավարում է միտքս» (Վերա)։

 «Թվում է՝ հնարավոր չէ չմտածել սեքսի մասին։ Իմ կարծիքով՝ ավելի հեշտ կլիներ թռչել սովորել» (Ջոն)։

 Դու է՞լ այնպիսի զգացումներ ունես, ինչպիսիք ունեն Վերան ու Ջոնը։ Եթե այո, այս հոդվածը կարող է օգնել քեզ։

 Ինչո՞ւ է դա կարևոր

 «Քեռիս ասաց, որ Աստված իմ մեջ սեռական ցանկություն չէր դնի, եթե չուզենար, որ բավարարեմ այն»,— ասում է Ալեքս անունով մի երիտասարդ։

 Ալեքսի քեռու խոսքերի մեջ ճշմարտություն կա։ Աստված իսկապես մեր մեջ սեռական ցանկություն է դրել, և դրա համար հիմնավոր պատճառ կա. եթե մարդիկ սեռական հարաբերություններ չունենային, մարդկությունն այսօր գոյություն չէր ունենա։ Այդ դեպքում ինչո՞ւ պետք է ջանք թափես, որ չմտածես սեքսի մասին։ Ահա երկու հիմնավոր պատճառ։

  •   Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստծու նպատակն է, որ սեքսով զբաղվեն միայն իրար հետ ամուսնացած տղամարդն ու կինը (Ծննդոց 1:28; 2:24

     Եթե դու հարգում ես Աստծու սահմանած այդ բարոյական չափանիշը և ամուսնացած չես, շարունակ սեքսի մասին մտածելը միայն հիասթափություն կպատճառի քեզ։ Դա նույնիսկ կարող է խանգարել քեզ դիմադրել սեռական իմպուլսներին և դրդել տրվելու սեքսով զբաղվելու գայթակղությանը։ Շատերը, ովքեր այդպիսի քայլ են կատարել, հետագայում ափսոսացել են դրա համար։

  •   Սովորելով վերահսկել սեքսի մասին մտքերը՝ կկարողանաս զարգացնել ինքնատիրապետում, հատկություն, որը կօգնի քեզ կյանքի մյուս ոլորտներում (1 Կորնթացիներ 9:25

 Ինքնատիրապետումը շատ կարևոր է թե՛ հիմա, թե՛ ապագայում երջանիկ և հաջողակ կյանք ունենալու համար։ Ըստ մի հետազոտության՝ այդ հատկությունն ունեցող երեխաները ավելի քիչ հավանական է, որ հասուն տարիքում կունենան առողջական, ֆինանսական և օրենքի հետ կապված խնդիրներ։ a

 Ինչո՞ւ է դա այդքան դժվար

 Հորմոնները, ինչպես նաև այն, որ ապրում ենք սեքսի մոլուցքով տարված աշխարհում, դժվարացնում են սեքսի մասին մտքերի դեմ պայքարը։

 «Թվում է՝ բոլոր հեռուստաշոուներում մինչամուսնական սեքսը ներկայացվում է որպես դրական մի բան, որը չունի բացասական հետևանք։ Հեշտ է տարվել անբարո մտքերով, երբ անթույլատրելի սեքսը այդպես է ներկայացվում» (Ռութ)։

 «Աշխատավայրում անընդհատ լսում եմ սեքսի մասին գռեհիկ զրույցներ, և հետաքրքրությունս սկսում է շարժվել։ Անբարոյությունը ներկայացվում է որպես նորմալ մի բան, և դժվար է այն սխալ համարել» (Նիկոլ)։

 «Հեշտ է զգոնությունը թուլացնել, երբ սոցիալական կայքերում նկարներ ես նայում։ Մեկ սեքսուալ պատկերը կարող է դաջվել քո մտքում, և այն գլխից հանելը չափազանց դժվար լինի» (Մարիա)։

 Այս ամենի պատճառով գուցե ունենաս Պողոս առաքյալի զգացումները, որն ասաց. «Երբ ուզում եմ անել այն, ինչը ճիշտ է, չարն ինձ մոտ է» (Հռոմեացիներ 7։21

Թույլ մի՛ տուր, որ սխալ մտքերը բույն դնեն գլխիդ վրա

 Ինչ կարող ես անել

 Մտածիր ուրիշ բաների մասին։ Փորձիր միտքդ կենտրոնացնել այնպիսի բաների վրա, որոնք սեքսի հետ որևէ առնչություն չունեն։ Դա կարող է լինել հոբբի, սպորտ, մարմնամարզություն կամ ցանկացած այլ բան։ «Աստվածաշունչ կարդալը օգնում է,— ասում է Վալերիա անունով մի աղջիկ։— Այն պարունակում է մտքեր, որոնք շատ վեհ են, և երբ միտքդ լցնում ես դրանցով, այլ բաների համար այլևս տեղ չի մնում»։

 Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ քո գլխում կարող են սեքսի մասին մտքեր ծագել։ Բայց քեզնից է կախված, թե ինչպես կարձագանքես դրանց։ Եթե ցանկանաս, կարող ես վանել դրանք։

 «Երբ սկսում եմ մտածել սեքսի մասին, ինձ ստիպում եմ կենտրոնանալ ուրիշ բաների վրա։ Նաև փորձում եմ պարզել, թե ինչը դրդեց ինձ մտածելու այդ մասին։ Դա կարող է լինել որևէ երգ կամ նկար, որը պետք է ջնջեմ» (Հելենա)։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Ինչը որ արդար է, ինչը որ մաքուր է.... շարունակ այս բաների մասին մտածեք» (Փիլիպպեցիներ 4։8

 Ընտրիր լավ ընկերներ։ Եթե ընկերներդ միշտ սեքսի մասին են խոսում, քեզ համար դժվար կլինի միտքդ մաքուր պահել։

 «Դեռահասության տարիքում ինձ համար շատ դժվար էր չմտածել սխալ բաների մասին, և դրանում մեծ դեր ունեին ընկերներս։ Երբ ժամանակ ես անցկացնում այնպիսի մարդկանց հետ, ովքեր խրախուսում են սխալ ցանկություններ, կենտրոնանում ես քո զգացմունքների վրա և այդպիսով կրակի վրա յուղ ես լցնում» (Սառա)։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա, բայց հիմարների հետ գործ ունեցողը կտուժի» (Առակներ 13։20

 Հեռու մնա ժամանցի անպատշաճ ձևերից։ Գաղտնիք չէ, որ զվարճությունների գրեթե բոլոր ձևերում սեքսի հետ կապված ինչ-որ բան կա։ «Ինձ վրա ամենից շատ ազդում է երաժշտությունը, որի պատճառով ցանկություններս այն աստիճան են ուժգնանում, որ ինձ համար դժվար է լինում պայքարել դրանց դեմ»,— ասում է Նիկոլը։

 «Ես սկսեցի սեքսուալ բովանդակություն ունեցող ֆիլմեր ու հեռուստաշոուներ դիտել և չհասկացա էլ, թե ինչպես միտքս տարվեց սեքսով։ Դժվար չէր կռահել, թե ինչու էին առաջանում այդ մտքերը։ Հենց որ դադարեցի այդ ֆիլմերն ու հեռուստաշոուները դիտելուց, դադարեցի նաև սեքսի մասին այդքան շատ մտածելուց։ Երբ զգուշությամբ ես ընտրում ժամանցի ձևերը, շատ ավելի հեշտ է լինում պայքարել անպատշաճ մտքերի դեմ» (Ջոան)։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Թող պոռնկություն և ամեն տեսակ անմաքրություն կամ ագահություն նույնիսկ չհիշատակվեն ձեր մեջ» (Եփեսացիներ 5։3

 Ամփոփում։ Ոմանք այնքան են կարևորում իրենց սեռական ցանկությունները, որ կարծում են, թե պետք չէ վերահսկել դրանք, և որ եթե անգամ ուզենան էլ, չեն կարողանա դա անել։ Սակայն Աստվածաշունչը այլ բան է ասում։ Այն ցույց է տալիս, որ մենք վսեմ էակներ ենք և ունակ ենք ղեկավարելու մեր մտքերը։

 Աստվածաշնչյան սկզբունք. «Նորոգվեք՝ փոխելով ձեր միտքը խթանող ուժը» (Եփեսացիներ 4։23

a Ինքնատիրապետում հատկությունն անհրաժեշտ է նաև ամուսնացածներին։ Դա ևս մեկ պատճառ է, թե ինչու պետք է ձգտես զարգացնել այն, քանի դեռ ամուրի ես։