Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երկրպագիր Եհովային՝ հավիտենության Թագավորին

Երկրպագիր Եհովային՝ հավիտենության Թագավորին

«Հավիտենության Թագավորին.... լինի փառք ու պատիվ հավիտյանս հավիտենից» (1 ՏԻՄՈԹ. 1։17

1, 2. ա) Ո՞վ է «հավիտենության Թագավորը», և ինչո՞ւ է տեղին նրան այս տիտղոսով կոչելը (տե՛ս այս էջի նկարը)։ բ) Ինչո՞ւ է Եհովայի իշխելու կերպը գրավում մեզ։

ՍՎԱԶԻԼԵՆԴԻ Սոբհուզա II թագավորը իշխեց մոտ 61 տարի։ Դա քիչ ժամանակ չէր ժամանակակից միապետի համար։ Ինչ խոսք, սա տպավորիչ է։ Այդուհանդերձ, կա մի թագավոր, որի իշխանությունը ժամանակային սահման չունի։ Աստվածաշունչը այդ թագավորին անվանում է «հավիտենության Թագավոր» (1 Տիմոթ. 1։17)։ Սաղմոսերգուն ասում է, թե ինչ է նրա անունը. «Եհովան թագավոր է դարեդար, այո՛, հավիտյան» (Սաղ. 10։16

2 Աստծու իշխանության ժամանակային առումով անսահմանափակ լինելը նրա իշխանությունը տարբեր է դարձնում մարդկային ցանկացած իշխանությունից։ Բայց դա չէ, որ մեզ ձգում է դեպի իրեն։ Մեզ ձգում է դեպի Եհովան նրա իշխելու կերպը։ Դավիթ թագավորը, որ Իսրայելի վրա իշխեց 40 տարի, գովաբանեց Աստծուն հետևյալ խոսքերով. «Եհովան բարեգութ է և ողորմած, դանդաղ է բարկանալու մեջ և լի է սիրառատ բարությամբ։ Եհովան իր գահը հաստատել է երկնքում, և նրա թագավորությունը տիրում է ամեն ինչի վրա» (Սաղ. 103։8, 19)։ Եհովան մեր ոչ միայն Թագավորն է, այլև Հայրը՝ մեր սիրառատ երկնային Հայրը։ Իսկ ինչպե՞ս է Եհովան դրսևորում իրեն որպես Հայր, և ինչպե՞ս է նա՝ որպես Թագավոր, դրսևորել իր իշխանությունը՝ սկսած Եդեմում բարձրացված ապստամբությունից։ Այս հարցերի պատասխաններն իմանալով՝ մենք կմղվենք ավելի մոտենալու  Գերիշխանին և ամբողջ սրտով երկրպագելու նրան։

ՀԱՎԻՏԵՆՈՒԹՅԱՆ ԹԱԳԱՎՈՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է ՄԻ ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔ

3. Ո՞վ է Եհովայի ընտանիքի առաջին անդամը, և ուրիշ ովքե՞ր ստեղծվեցին ու կոչվեցին Աստծու «որդիներ»։

3 Միայն կարելի է պատկերացնել, թե Եհովան ինչ մեծ հաճույք ստացավ՝ արարելով իր միածին Որդուն։ Աստված նրան չէր վերաբերվում ինչպես ստորադաս հպատակի։ Նա սիրում էր նրան՝ որպես իր Որդու, և հրավիրեց նրան իր հետ վայելելու մյուս կատարյալ հպատակներին ստեղծելու ուրախությունը (Կող. 1։15–17)։ Այդ կատարյալ հպատակներից են անթիվ-անհամար հրեշտակները։ Լինելով «սպասավորներ, որ Աստծու կամքն են կատարում»՝ նրանք ուրախությամբ են ծառայում նրան։ Իսկ Եհովան պատվի է արժանացնում հրեշտակներին՝ նրանց կոչելով իր «որդիներ»։ Նրանք Եհովայի մեծ ընտանիքի մաս են կազմում (Սաղ. 103։20–22; Հոբ 38։7

4. Ինչպե՞ս Եհովան ընդլայնեց իր ընտանիքը։

4 Երկինքն ու երկիրը ստեղծելուց հետո Եհովան ընդլայնեց իր ընտանիքը։ Մեր գեղեցիկ ինքնապահպանվող տունը՝ երկիրը, ստեղծելուց հետո նա երկրային արարչագործությունը իր փառահեղ ավարտին հասցրեց՝ իր պատկերով ստեղծելով առաջին մարդուն՝ Ադամին (Ծննդ. 1։26–28)։ Լինելով Ադամի Ստեղծիչը՝ Աստված իրավամբ կարող էր ակնկալել, որ նա հնազանդվի իրեն։ Որպես Հայր՝ Եհովան սիրով և բարությամբ հրահանգներ տվեց մարդուն։ Դրանք ամենևին էլ անտեղի կերպով չէին սահմանափակում նրա ազատությունը (կարդա՛  Ծննդոց 2։15–17

5. Ի՞նչ արեց Աստված, որպեսզի մոլորակը լցնի իր երկրային զավակներով։

5 Ի տարբերություն շատ միապետների՝ Եհովան հաճույքով պատասխանատվություններ է տալիս իր հպատակներին՝ նրանց հետ վարվելով ինչպես ընտանիքի անդամների։ Օրինակ՝ նա Ադամին իշխանություն տվեց բոլոր կենդանի արարածների վրա։ Գերիշխանը նաև մի հետաքրքիր ու դժվար առաջադրանք տվեց՝ անուններ դնել կենդանիներին (Ծննդ. 1։26; 2։19, 20)։ Աստված երկիրը բնակեցնելու համար ոչ թե միլիոնավոր կատարյալ մարդկանց ստեղծեց, այլ նախընտրեց ստեղծել մի կատարյալ լրացում Ադամի համար. Աստված արարեց կնոջը՝ Եվային (Ծննդ. 2։21, 22)։ Նա առաջին ամուսնական զույգին հնարավորություն տվեց երկիրը լցնելու իրենց երեխաներով։ Անթերի պայմաններում մարդիկ կարող էին աստիճանաբար ընդլայնել դրախտի սահմանները, մինչև որ ողջ երկիրը դրախտ դառնար։ Այդ ժամանակ բոլոր մարդիկ ու հրեշտակները, լինելով նույն ընտանիքի անդամ, կկարողանային հավիտյան երկրպագել Եհովային։ Ի՜նչ հիանալի հեռանկար, և հայրական սիրո ինչպիսի՜ դրսևորում։

ԸՄԲՈՍՏ ՈՐԴԻՆԵՐԸ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

6. ա) Աստծու ընտանիքում ինչպե՞ս ըմբոստություն ծագեց։ բ) Ինչո՞ւ այդ ապստամբությունը չէր նշանակում, որ Եհովան այլևս չէր տիրապետում իրավիճակին։

6 Ցավոք, Ադամն ու Եվան չուզեցին, որ Եհովան իշխի իրենց վրա։ Փոխարենը՝ նրանք որոշեցին հետևել Աստծու ըմբոստ որդուն՝ Սատանային (Ծննդ. 3։1–6)։ Բայց Աստծուց անկախ կյանքը նրանց ու նրանց սերունդներին բերեց ցավ, տառապանք և մահ (Ծննդ. 3։16–19; Հռոմ. 5։12)։ Աստված երկրի վրա այլևս չուներ հնազանդ հպատակներ։ Արդյոք սա նշանակո՞ւմ էր, որ նա չէր տիրապետում իրավիճակին և հրաժարվել էր երկրագնդի ու նրա բնակիչների նկատմամբ ունեցած իշխանությունից։ Միանշանակ՝ ո՛չ։ Նա գործի դրեց իր իշխանությունը՝ առաջին տղամարդուն ու կնոջը վտարելով Եդեմի պարտեզից և քերովբեներ դնելով մուտքի մոտ, որպեսզի նրանք չկարողանան վերադառնալ (Ծննդ. 3։23, 24)։ Բայց միևնույն ժամանակ Աստված ցույց տվեց իր հայրական սերը՝ հաստատելով, որ իր նպատակը՝ ունենալ նվիրված երկնային ու երկրային զավակների մեկ միասնական ընտանիք, անպայման կատարվելու է։ Նա խոստացավ առաջ բերել մի «սերունդ», որը վերացնելու  էր Սատանային ու ադամական մեղքի հետևանքները (կարդա՛  Ծննդոց 3։15

7, 8. ա) Ինչպիսի՞ն էր աշխարհը Նոյի ժամանակներում։ բ) Ի՞նչ քայլեր Եհովան ձեռնարկեց երկիրը մաքրելու և մարդկային ընտանիքը պահպանելու համար։

7 Հետագա դարերում եղան մարդիկ, ովքեր Եհովային նվիրված էին։ Նրանցից էին Աբելն ու Ենոքը։ Այդուհանդերձ, մարդկանց մեծամասնությունը մերժեց Եհովային՝ իրենց Հորը և Թագավորին։ Նոյի ժամանակներում երկիրը «բռնությամբ լցվեց» (Ծննդ. 6։11)։ Նշանակո՞ւմ էր սա, որ Եհովան այլևս իշխանություն չուներ երկրի նկատմամբ։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։

8 Աստվածաշունչը, օրինակ, ասում է, որ Եհովան Նոյին մանրամասն հրահանգներ տվեց, թե ինչպես կառուցի հսկայական տապանը, որի միջոցով Նոյն ու նրա ընտանիքի անդամները փրկվելու էին։ Աստված նաև մեծ սեր դրսևորեց իր ողջ երկրային ընտանիքի հանդեպ, երբ Նոյին հանձնարարեց լինել «արդարության քարոզիչ» (2 Պետ. 2։5)։ Անշուշտ, Նոյը կոչ էր անում իր ժամանակակիցներին զղջալու և զգուշացնում էր վերահաս կործանման մասին, բայց նրան լսող չկար։ Տասնամյակներ շարունակ Նոյն իր ընտանիքի հետ ապրում էր դաժան ու ծայրահեղ անբարո միջավայրում։ Եհովան՝ որպես հոգատար Հայր, պաշտպանեց և օրհնեց այդ ութ հավատարիմներին։ Համաշխարհային ջրհեղեղ բերելով՝ նա փաստեց, որ իշխանություն ունի ապստամբ մարդկանց և չար հրեշտակների վրա։ Այո՛, Եհովան ամբողջովին տիրապետում էր իրավիճակին (Ծննդ. 7։17–24

Եհովան միշտ դրսևորել է իր իշխանությունը (տե՛ս պարբերություններ 6, 8, 10, 12, 17)

ԵՀՈՎԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՋՐՀԵՂԵՂԻՑ ՀԵՏՈ

9. Ինչի՞ հնարավորություն Եհովան տվեց մարդկանց Ջրհեղեղից հետո։

9 Երբ Նոյն ու նրա ընտանիքը ոտք դրեցին մաքրված երկրի վրա ու շնչեցին թարմ օդը, նրանց սրտերը, անշուշտ, լցվեցին Եհովայի հանդեպ երախտագիտությամբ, որովհետև Նա հոգ էր տարել իրենց մասին և պաշտպանել էր։ Առանց հապաղելու՝ Նոյը կառուցեց զոհասեղան ու երկրպագեց Եհովային՝ զոհաբերություններ անելով։ Աստված օրհնեց Նոյին ու նրա ընտանիքին և պատվիրեց. «Բազմացեք, շատացեք ու լցրեք երկիրը» (Ծննդ. 8։20–9։1)։ Մարդիկ կրկին հնարավորություն ստացան միասնական կերպով երկրպագելու Եհովային ու «լցնելու երկիրը»։

10. ա) Ջրհեղեղից հետո որտե՞ղ և ինչպե՞ս ապստամբություն ծագեց Եհովայի դեմ։ բ) Ի՞նչ ձեռնարկեց Եհովան, որպեսզի իր կամքը անպայման կատարվի։

10 Ջրհեղեղը, սակայն, չվերացրեց անկատարությունը, և մարդիկ առաջվա պես ենթարկվում էին Սատանայի ու ապստամբ հրեշտակների անտեսանելի ազդեցությանը։ Շուտով Եհովայի բարեբեր իշխանության դեմ դարձյալ ապստամբություն ծագեց։ Հեղինակը Նոյի ծոռ Նեբրովթն էր։ Նա նկարագրվում է որպես «հզոր որսորդ ընդդեմ Եհովայի»։ Նեբրովթը կառուցեց մեծ քաղաքներ, օրինակ՝ Բաբելոնը, և իրեն հռչակեց թագավոր «Սենաար երկրում» (Ծննդ. 10։8–12)։ Ի՞նչ էր ձեռնարկելու հավիտենության Թագավորը այս ապստամբ թագավորի դեմ, որը մտադիր էր խափանելու «երկիրը լցնելու» վերաբերյալ Իր նպատակը։ Եհովան խառնեց մարդկանց լեզուն, ինչի պատճառով Նեբրովթի հուսախաբ հպատակները ցրվեցին «ողջ երկրի երեսով»։ Նրանք իրենց հետ տարան իրենց կեղծ երկրպագությունը և մարդկային ղեկավարման ձևը (Ծննդ. 11։1–9

11. Ինչպե՞ս Եհովան նվիրվածություն դրսևորեց իր ընկեր Աբրահամի հանդեպ։

11 Ջրհեղեղից հետո շատերը երկրպագում էին կեղծ աստվածների, այնուամենայնիվ, կային հավատարիմ մարդիկ, ովքեր երկրպագում էին Եհովային։ Նրանցից մեկը Աբրահամն էր, որը, հնազանդվելով Աստծուն, թողեց իր հայրենի Ուր քաղաքի հարմարավետ կյանքը և երկար տարիներ ապրեց վրաններում (Ծննդ. 11։31; Եբր. 11։8, 9)։ Նա, երբ մի վայրից մյուսն էր տեղափոխվում, պաշտպանություն չէր փնտրում որևէ թագավորի մոտ կամ որևէ պարսպավոր քաղաքում։ Նրա ու իր ընտանիքի պաշտպանը Եհովան էր։ Այս առնչությամբ սաղմոսերգուն մեր հոգատար Հոր մասին գրեց. «[Աստված] ոչ մեկի թույլ  չտվեց, որ խաբեն [ճնշեն] նրանց, և թագավորների հանդիմանեց նրանց համար» (Սաղ. 105։13, 14)։ Իր ընկերոջ՝ Աբրահամի հանդեպ նվիրվածությունից մղված՝ Եհովան նրան խոստացավ. «Քեզնից թագավորներ կսերվեն» (Ծննդ. 17։6; Հակ. 2։23

12. Եհովան ինչպե՞ս ցույց տվեց իր իշխանությունը Եգիպտոսի նկատմամբ, և դա ինչպե՞ս անդրադարձավ իր ընտրյալ ժողովրդի վրա։

12 Աստված Աբրահամի որդի Իսահակին ու թոռ Հակոբին խոստացավ, որ օրհնելու է նրանց, և որ նրանց սերունդներից թագավորներ են առաջ գալու (Ծննդ. 26։3–5; 35։11)։ Մինչդեռ հետագայում Հակոբի հետնորդները ստրուկներ դարձան Եգիպտոսում։ Արդյոք դա նշանակո՞ւմ էր, որ Եհովան չէր կատարելու իր խոստումը կամ հրաժարվել էր երկրի վրա իր իշխանությունից։ Ամենևի՛ն։ Համապատասխան ժամանակին Աստված դրսևորեց իր ուժը և իշխանությունը կամակոր փարավոնի նկատմամբ։ Ստրկության մեջ եղող իսրայելացիները հավատացին Եհովային, որը նրանց ազատագրեց փառահեղ ձևով՝ անցկացնելով Կարմիր ծովի միջով։ Ակնհայտ էր, որ Եհովան շարունակում էր լինել Գերիշխան, և լինելով հոգատար Հայր՝ իր մեծ զորությամբ պաշտպանեց իր ժողովրդին (կարդա՛  Ելք 14։13, 14

ԵՀՈՎԱՆ ԴԱՌՆՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻ ԹԱԳԱՎՈՐ

13, 14. ա) Երգով գովաբանելով Եհովային՝ ի՞նչ ասացին իսրայելացիները։ բ) Աստված թագավորության հետ կապված ի՞նչ խոստում տվեց Դավթին։

13 Եգիպտոսից ազատագրվելուց հետո իսրայելացիները հաղթական երգ երգեցին՝ գովաբանելով Եհովային։ Այդ երգը գրված է Ելք 15-րդ գլխում։ 18-րդ համարում կարդում ենք հետևյալ խոսքերը. «Եհովան կթագավորի դարեդար, այո՛, հավիտյան»։ Այո՛, Եհովան դարձավ նոր ազգի Թագավորը (2 Օրենք 33։5)։ Բայց իսրայելացիները չբավարարվեցին նրանով, որ Եհովան իրենց անտեսանելի Ղեկավարն է։ Եգիպտոսից դուրս գալուց մոտ 400 տարի անց նրանք ցանկացան, հեթանոս հարևանների պես, թագավոր ունենալ և Աստծուն խնդրեցին, որ իրենց վրա թագավոր նշանակի (1 Սամ. 8։5)։ Չնայած դրան՝ Եհովան շարունակում էր լինել Թագավոր, մի փաստ, որը երևաց Դավթի՝ Իսրայելի երկրորդ թագավորի իշխանության օրոք։

14 Դավիթը ուխտի սուրբ տապանակը բերեց Երուսաղեմ։ Այս ուրախալի իրադարձության ընթացքում ղևտացիները գովասանական երգ երգեցին։ Այդ երգում ասվեցին հետևյալ ուշագրավ խոսքերը. «Թող ասեն ազգերի մեջ. «Եհովան թագավոր է դարձել»»  (1 Տար. 16։31)։ Գուցե հարց առաջանա. «Եթե Եհովան հավիտենության Թագավոր է, ինչպե՞ս կարող էր նա այդ ժամանակ Թագավոր դառնալ»։ Նա Թագավոր է դառնում, երբ մի որոշակի իրավիճակ լուծելու նպատակով կամ մի որոշակի ժամանակ դրսևորում է իր իշխանությունը կամ ստեղծում է իրեն ներկայացնող որևէ միջոց։ Շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես է Եհովան դառնում Թագավոր։ Նա Դավթին խոստացավ, որ նրա թագավորությունը շարունակվելու է հավիտյան. «Ես անպատճառ կբարձրացնեմ քեզանից հետո քո միջից դուրս եկող սերնդին և նրա թագավորությունը կհաստատեմ» (2 Սամ. 7։12, 13)։ Այս խոստումը կատարվեց, երբ ավելի քան 1000 տարի անց հայտնվեց Դավթի «սերունդը»։ Ո՞վ եղավ այդ «սերունդը», և ե՞րբ նա դարձավ Թագավոր։

ԵՀՈՎԱՆ ՆՈՐ ԹԱԳԱՎՈՐ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ

15, 16. Ե՞րբ Հիսուսը ապագա Թագավոր նշանակվեց և երկրի վրա եղած ժամանակ ի՞նչ արեց իր ապագա Թագավորության համար։

15 29թ.-ին Հովհաննես Մկրտիչը սկսեց քարոզել՝ ասելով. «Մոտեցել է երկնքի թագավորությունը» (Մատթ. 3։2)։ Երբ նա մկրտեց Հիսուսին, Եհովան վերջինիս օծեց որպես խոստացված Մեսիայի և Աստծու Թագավորության ապագա Թագավորի։ Եհովան հայրական գորովանք դրսևորեց Հիսուսի հանդեպ՝ ասելով հետևյալ խոսքերը. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ» (Մատթ. 3։17

16 Իր ծառայության ողջ ընթացքում Հիսուսը փառաբանեց իր Հորը (Հովհ. 17։4)։ Նա դա անում էր՝ քարոզելով Աստծու Թագավորության մասին (Ղուկ. 4։43)։ Բացի այդ, Քրիստոսն իր հետևորդներին սովորեցրեց աղոթել այդ Թագավորության գալստյան համար (Մատթ. 6։10)։ Քանի որ Հիսուսը ապագա Թագավոր էր, իր հակառակորդներին կարող էր ասել. «Աստծու թագավորությունը ձեր մեջ է» (Ղուկ. 17։21)։ Իսկ իր մահվան նախօրյակին՝ երեկոյան, Հիսուսն իր աշակերտների հետ «ուխտ կապեց թագավորության համար»։ Դրանով նա իր հավատարիմ հետևորդներից ոմանց հնարավորություն տվեց իր թագավորակիցները լինելու Աստծու Թագավորությունում (կարդա՛  Ղուկաս 22։28–30

17. Հիսուսն ինչպե՞ս սկսեց ղեկավարել առաջին դարում, և ինչի՞ն նա պետք է սպասեր։

17 Ե՞րբ էր Հիսուսը սկսելու կառավարել որպես Աստծու Թագավորության Թագավոր։ Նա չէր կարող դա անել անմիջապես։ Հենց հաջորդ օրը՝ կեսօրից հետո, նրան սպանեցին, իսկ նրա հետևորդները ցրվեցին (Հովհ. 16։32)։ Բայց, ինչպես հնում, Եհովան տիրապետում էր իրավիճակին։ Երրորդ օրը նա հարություն տվեց իր Որդուն, իսկ 33թ. Պենտեկոստեին Հիսուսը հոգևոր թագավորություն հաստատեց. նա սկսեց ղեկավարել իր օծյալ եղբայրներից բաղկացած քրիստոնեական ժողովը (Կող. 1։13)։ Այդուհանդերձ, Հիսուսը՝ որպես խոստացված «սերունդ», պետք է սպասեր, մինչև որ ստանար ամբողջ իշխանությունը երկրի նկատմամբ։ Եհովան իր Որդուն ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմը, մինչև քո թշնամիներին ոտքերիդ համար պատվանդան դնեմ» (Սաղ. 110։1

ԵՐԿՐՊԱԳԻՐ ՀԱՎԻՏԵՆՈՒԹՅԱՆ ԹԱԳԱՎՈՐԻՆ

18, 19. Ի՞նչ ենք մղվում անելու, և ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

18 Հազարամյակներ շարունակ Եհովայի իշխանությանը մարտահրավեր է նետվել թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա։ Բայց Եհովան երբեք չի հրաժարվել իր իշխանությունից։ Նա միշտ տիրապետել է իրավիճակին։ Լինելով սիրառատ Հայր՝ նա պաշտպանել և հոգ է տարել իր հավատարիմ հպատակներին, օրինակ՝ Նոյին, Աբրահամին և Դավթին։ Մի՞թե դա չի մղում մեզ հնազանդ լինելու մեր Թագավորին և ավելի մոտենալու նրան։

19 Բայց գուցե հարցնենք. «Ինչպե՞ս է Եհովան Թագավոր դարձել մեր օրերում։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ Եհովայի Թագավորության նվիրված հպատակներ ենք, և ինչպե՞ս կարող ենք դառնալ նրա մեծ ընտանիքի կատարյալ զավակներ։ Ի՞նչ ենք խնդրում Աստծուց, երբ աղոթում ենք՝ «գա քո թագավորությունը»»։ Այս հարցերը կքննարկենք հաջորդ հոդվածում։