Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հարց 3. ինչո՞ւ ես թույլ տալիս, որ տառապեմ

Հարց 3. ինչո՞ւ ես թույլ տալիս, որ տառապեմ

ՅԱՆԻ հայրը հարբեցող էր։ Թեև նա փոքր տարիքում ոչ մի բանի կարիք չի ունեցել, սակայն հոր կողմից ջերմություն չի զգացել։ «Ես երբեք նրա հանդեպ կապվածություն չեմ ունեցել, քանի որ նա խմում էր ու վատ վերաբերվում մորս»,— պատմում է Յանը։ Երիտասարդ տարիքում նրան սկսեց հետաքրքրել, թե արդյոք Աստված գոյություն ունի։ Նա մտածում էր. «Եթե Աստված կա, ինչո՞ւ է թույլ տալիս, որ մարդիկ տառապեն»։

Ինչու է այս հարցը հետաքրքրում մեզ։

Եթե նույնիսկ քիչ խնդիրներ ունես, միևնույնն է, արդարացիորեն զայրանում ես՝ անմեղ մարդկանց տառապանքը տեսնելով։ Սակայն տառապանքի հարցը հատկապես սկսում է մտահոգել այն ժամանակ, երբ քո կյանքում դժվարություններ են լինում, հիվանդանում կամ մահանում է քո սիրելիներից մեկը։

Ինչպես են ոմանք պատասխանում։

Ոմանք այն կարծիքին են, թե Աստված թույլ է տալիս տառապանքը, որպեսզի սովորեցնի մեզ լինել խոնարհ ու կարեկից։ Ուրիշներն էլ կարծում են, թե մարդիկ տառապում են նախկին կյանքում գործած մեղքերի համար։

Ինչ են բացահայտում այս պատասխանները։

Աստված անտարբեր է տառապանքի նկատմամբ և հոգ չի տանում մեզ։ Նա դաժան է, ուստի դժվար է սիրել նրան։

Ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։

Աստվածաշունչը հստակ ասում է, որ Աստված չէ մեր տառապանքի պատճառը։ «Փորձության մեջ լինելիս թող ոչ ոք չասի՝ «Աստծուց եմ փորձվում», որովհետև Աստված չար բաներով չի կարող փորձվել, և ինքն էլ ոչ մեկին չի փորձում» (Հակոբոս 1։13)։ Այն միտքը, որ Աստված է մեղավոր մեր տառապանքի մեջ, հակասում է Աստվածաշնչին։ Տեսնենք, թե ինչպես է Սուրբ Գիրքը նկարագրում Աստծուն։

Աստծու գլխավոր հատկություններից մեկը սերն է (1 Հովհաննես 4։8)։ Այս հատկությունն ընդգծելու համար Աստվածաշունչը նրան համեմատում է կերակրող մոր հետ. «Մի՞թե կինը կարող է մոռանալ իր կաթնակեր երեխային, որ չխղճա իր որովայնի որդուն։ Նույնիսկ նա կարող է մոռանալ, բայց ես չեմ մոռանա քեզ» (Եսայիա 49։15)։ Մի՞թե սիրող ու հոգատար մայրը գիտակցաբար կվնասի իր երեխային։ Չէ՞ որ կփորձի թեթևացնել երեխայի ցավը։ Հետևաբար, Աստված չէ մեր տառապանքի պատճառը (Ծննդոց 18։25

Սակայն իրողությունն այն է, որ անմեղ մարդիկ տառապում են։ Ուստի գուցե մտածես, որ եթե Աստված հոգատար է և ամենազոր, ինչո՞ւ չի վերացնում տառապանքի պատճառները։

Աստված հիմքեր ունի թույլ տալու տառապանքը։ Հաճախ մարդիկ են միմյանց ցավ պատճառում։ Դաժան ու բռնավոր մարդկանցից շատերը չեն ուզում փոխել իրենց վարքը։ Ուստի տառապանքի պատճառը վերացնելու համար Աստված ոչնչացնելու է այդպիսի մարդկանց։

Բացատրելով, թե ինչու Աստված դեռ չի կործանել նման մարդկանց՝ Պետրոս առաքյալը գրում է. «Եհովան չի ուշացնում կատարել իր խոստումը, ինչպես որոշ մարդիկ են կարծում, այլ համբերատար է ձեր հանդեպ, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ որ բոլորը զղջան» (2 Պետրոս 3։9)։ Եհովա Աստծու համբերատարությունը սիրո և ողորմության դրսևորում է։

Սակայն շուտով Եհովա Աստված գործի է անցնելու։ Նա «նեղություն պատճառողներին նեղությամբ» է հատուցելու։ Այդպիսիները ենթարկվելու են «հավիտենական կործանման դատապարտությանը» (2 Թեսաղոնիկեցիներ 1։6–9

Յանը, որի մասին իմացանք այս հոդվածի սկզբում, գտավ տառապանքի մասին իր հարցերի գոհացուցիչ պատասխանները։ Նրա սովորածը փոխեց կյանքի վերաբերյալ իր տեսակետը։ Յանի պատմությունը կարող ես կարդալ 13-րդ էջում։