Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հնագույն կնիքներ. ի՞նչ էին դրանք

Հնագույն կնիքներ. ի՞նչ էին դրանք

Կնիքները փորագրված նշաններով փոքր սարքեր էին, որոնք օգտագործվում էին սովորաբար կավի կամ մոմի վրա դրոշմ դնելու համար։ Դրանք եղել են տարբեր ձևերի՝ կոնաձև, քառակուսի, գլանաձև, նույնիսկ ունեցել են կենդանիների գլխի ձև։ Կնիքի թողած դրոշմը կարող էր ցույց տալ, թե ով է սեփականատերը, և հաստատել վկայագրի իսկությունը։ Այն օգտագործվում էր պայուսակներ կամ մուտքեր փակելու համար, օրինակ՝ դամբարանի դուռը կամ մուտքը, որպեսզի իրավասություն չունեցող ոչ մի մարդ չկարողանար մտնել։

Պարսից Դարեհ I թագավորի գլանաձև կնիքը և դրա դրոշմվածքը կավի վրա։ Կնիքի վրա փորագրված է Դարեհ թագավորը որս անելիս

Կնիքները պատրաստում էին տարբեր նյութերից, այդ թվում՝ ոսկորից, կրաքարից, մետաղից, կիսաթանկարժեք քարերից և փայտից։ Երբեմն կնիքի վրա փորագրված էին լինում դրա տիրոջ և նրա հոր անունները։ Իսկ որոշ կնիքների վրա կարելի էր տեսնել տիրոջ տիտղոսը։

Որևէ փաստաթուղթ վավերացնելու համար կնիքի տերը դրա վրայի փորագրությունը դրոշմում էր փաստաթղթին ամրացված կավի, մոմի կամ այլ փափուկ նյութի վրա (Հոբ 38։14)։ Այնուհետև նյութը պնդանում էր։ Քիչ հավանական էր, որ այդ կերպ կնքված փաստաթուղթը կարողանային կեղծել։

Կնիքները կարող էին օգտագործվել լիազորություններ ընձեռելու նպատակով

Եթե անհատը իր կնիքը տալիս էր մեկ ուրիշին, այդպիսով նրան լիազորում էր իր անունից ինչ-որ բան անելու։ Դա կարելի է տեսնել հին Եգիպտոսի փարավոնի և Հակոբ նահապետի որդի եբրայեցի Հովսեփի օրինակից։ Հովսեփը Եգիպտոսում ստրուկ էր։ Հետագայում նրան անարդարացի կերպով բանտարկեցին։ Սակայն ժամանակի ընթացքում փարավոնը ազատ արձակեց Հովսեփին՝ բարձրացնելով նրան այն դիրքին, ինչը հավասարազոր է ներկայիս վարչապետի պաշտոնին։ Աստվածաշունչն ասում է. «Ապա [փարավոնը] իր ձեռքից հանեց կնքամատանին և դրեց Հովսեփի ձեռքին» (Ծննդոց 41։42)։ Քանի որ կնքամատանու վրա պաշտոնական կնիք կար, Հովսեփն այժմ լիազորություն ուներ իրականացնելու իր կարևոր գործը։

Հին Իսրայելի Հեզաբել թագուհին օգտագործեց իր ամուսնու կնիքը, երբ դավադրություն կազմակերպեց, որ սպանի Նաբովթ անունով մի մարդու։ Նա Աքաաբ թագավորի անունով նամակներ գրեց որոշ երեցների և նրանց ասաց, որ անմեղ Նաբովթին մեղադրեն Աստծուն անիծելու մեջ։ Հեզաբելը թագավորի կնիքով կնքեց այդ նամակները, և նրա չարանենգ ծրագիրը հաջողություն ունեցավ (1 Թագավորներ 21։5–14

Պարսից Ասուերոս թագավորը իր կնքամատանիով վավերացրեց իր պաշտոնական հրամանները (Եսթեր 3։10, 12

Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Նեեմիան, նշում է, որ իսրայելացի իշխանները, ղևտացիները և քահանաները համաձայնություն տվեցին գրավոր ուխտին՝ իրենց կնիքները դնելով դրա վրա (Նեեմիա 1։1; 9։38

Աստվածաշնչում երկու դեպք է հիշատակվում, երբ մուտքերի վրա կնիքներ են դրված եղել։ Երբ Դանիել մարգարեին գցեցին առյուծների գուբը, «մի քար բերեցին ու դրեցին գուբի բերանին»։ Այնուհետև Դարեհ թագավորը՝ Մարաստանի և Պարսկաստանի կառավարիչը, «իր և իր մեծամեծների կնքամատանիներով կնքեց այն, որպեսզի Դանիելի վերաբերյալ ոչ մի բան չփոխվի» (Դանիել 6։17

Երբ Հիսուս Քրիստոսի մարմինը գերեզմանի մեջ դրեցին ու մի քար գլորեցին դրա մուտքը փակելու համար, նրա թշնամիները «հսկեցին գերեզմանը՝ քարի վրա կնիք դնելով» (Մատթեոս 27։66)։ Դեյվիդ Լ. Թերները իր՝ «Մատթեոսի Ավետարանի մեկնություն» աշխատության մեջ ասել է, որ եթե դա իշխանությունների կողմից դրված պաշտոնական կնիք էր, ապա այն «կավ կամ մոմ էր՝ դրված քարի և գերեզմանի մուտքի.... արանքում» (Bible commentary on Matthew)։

Հնագետներն ու պատմաբանները մեծապես հետաքրքրված են հնագույն կնիքներով, քանի որ դրանք կարող են լույս սփռել անցյալի վրա։ Զարմանալի չէ, որ կնքագիտությունը (կամ՝ սիգիլոգրաֆիա) ուսումնասիրության կարևոր ոլորտ է դարձել։