Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Տիեզերք

Տիեզերք

Տիեզերքը շարունակում է զարմացնել աստղագետներին։ Այն ուսումնասիրելու համար նրանք երբեք այսքան շատ ու որակյալ սարքավորումներ չեն ունեցել։ Իսկ ի՞նչ են բացահայտել նրանք։

Ամեն բան կազմակերպված է։ Աստղագիտության մասին մի ամսագրում գրված է. «Գալակտիկաները անկանոն ցրված չեն երկնքում։ Դրանց դասավորվածությունը ցանց է հիշեցնում» (Astronomy)։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Գիտնականները կարծում են, որ գաղտնիքը մութ մատերիա կոչվող անտեսանելի նյութի մեջ է։ Այդ նույն ամսագրում ասվում է, որ մութ մատերիան ասես «անտեսանելի մի հիմք լինի, որի վրա հենվում են գալակտիկաները, գալակտիկաների կույտերը ու գերկույտերը»։

Արդյո՞ք տիեզերքում տիրող այսպիսի կազմակերպվածությունը պատահականության արդյունք է։ Նկատեք, թե ինչ է ասել ֆիզիկոս Ալան Սանդեյջը, ով համարվում է 20-րդ դարի ամենահեղինակավոր և մեծարգո աստղագետներից մեկը, և որը մինչև իր կյանքի վերջը հավատում էր Աստծու գոյությանը։

Նա ասել է. «Ես միանգամայն անհավանական եմ համարում այն գաղափարը, որ այսպիսի կարգուկանոնը առաջացել է քաոսից։ Դրա հիմքում հաստատ կա մի սկզբունք, որը կարգավորում է ամեն բան»։

Տիեզերքը կյանքի համար իդեալական պայմաններ է ապահովում։ Տիեզերքում գործող փոխազդեցություններից մեկը գիտնականները անվանում են թույլ փոխազդեցություն։ Դրա շնորհիվ մեր Արեգակը կայուն ընթացքով է այրվում։ Եթե այդ փոխազդեցությունը ավելի թույլ լիներ, արևը երբեք չէր էլ ձևավորվի, իսկ եթե ավելի ուժեղ լիներ, արևը վաղուց վերացած կլիներ։

Թույլ փոխազդեցությունից բացի՝ տիեզերքում գոյություն ունեն շատ այլ առանձնահատկություններ, որոնց շնորհիվ կյանքի համար կատարյալ պայմաններ կան։ Գիտական հոդվածների հեղինակ Էնիլ Անանթասուեմին ասում է, որ եթե այդ ուժերից անգամ մեկը այլ կերպ գործեր, «աստղերը, մոլորակներն ու գալակտիկաները երբեք չէին ձևավորվի, իսկ կյանքի գոյության մասին խոսք անգամ չէր կարող լինել»։

Տիեզերքում մարդկանց համար կատարյալ տուն կա։ Երկիր մոլորակի մթնոլորտը և ջրային պաշարները ճիշտ այնպիսին են, ինչպիսին անհրաժեշտ է կյանքի համար, իսկ լուսնի իդեալական չափը անխախտ է պահում երկրի դիրքը։ «Նեշնլ ջիոգրաֆիք» հանդեսում ասվում է. «Այս յուրահատուկ ապառաժը [երկիրը] մարդկանց հայտնի միակ մոլորակն է, որը երկրաբանության, էկոլոգիայի և կենսաբանության միահյուսված ցանցի շնորհիվ բնակության համար կատարյալ պայմաններ ունի» (National Geographic)։ *

Ինչպես նշում է մի գրող, արեգակնային համակարգը ասես մեր գալակտիկայի քարտեզից դուրս լինի, քանի որ Արեգակը գալակտիկայի մյուս աստղերից շատ հեռու է։ Բայց հենց այդ մեկուսացման շնորհիվ է, որ երկրի վրա կենսապահով պայմաններ կան։ Եթե մյուս աստղերին մի փոքր մոտ լինեինք՝ անկախ նրանից՝ դա կլիներ մեր գալակտիկայի կենտրոնում, թե ծայրամասում, ճառագայթումը կվտանգեր մեր գոյությունը։ Բայց երկիրը գտնվում է, ինչպես գիտնականներն են ասում, «գալակտիկական բնակելի գոտում»։

Տիեզերքի և դրա օրենքների մասին իր ակադեմիական գիտելիքների հիման վրա դատողություններ անելով՝ ֆիզիկոս Փոլ Դեյվիսը եզրակացնում է. «Ես չեմ կարողանում հավատալ, որ տիեզերքում կյանքի առաջացումը զուտ բախտի քմահաճույք է, պատմության մեջ մի պատահականություն և մի դիպված՝ մեծ տիեզերական դրամայում.... Մենք անշուշտ պատահաբար չենք հայտնվել այստեղ»։ Դեյվիսը չի սովորեցնում, որ Աստված է ստեղծել տիեզերքն ու մարդկային կյանքը։ Իսկ դո՞ւք ինչ եք կարծում։ Այն, որ տիեզերքն ու երկիրը կյանքի գոյության համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ունեն, արդյոք չի՞ փաստում, որ դրանք հենց այդ նպատակով էլ նախագծված են եղել։

^ պարբ. 8 «Նեշնլ ջիոգրաֆիք» հանդեսի այս հոդվածի նպատակը ցույց տալը չէ, որ Աստված է ստեղծել երկիրն ու մարդկանց։ Այնտեղ պարզապես նշվում է, որ երկիրը շատ համապատասխան է մարդկանց բնակության համար։