Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Ինչպե՞ս մի տղամարդ, որը դեռ պատանեկությունից սկսել էր ծխել ու կանեփ օգտագործել, իր մեջ ուժ գտավ՝ հրաժարվելու այդ սովորություններից։ Ի՞նչը օգնեց մի բռնի անձնավորության, որը բանդայի անդամ էր, զսպելու իր բարկությունը և ձերբազատվելու ուրիշ ռասայի մարդկանց նկատմամբ ունեցած ատելությունից։ Տեսնենք, թե ինչ են պատմում նրանք։

ՀԱԿԻՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

ԱՆՈՒՆԸ՝ ՀԵՆՐԻԿ ՄԱՌ

ՏԱՐԻՔԸ՝ 38

ԵՐԿԻՐԸ՝ ՂԱԶԱԽՍՏԱՆ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԾԽԱԽՈՏ ԵՎ ԹՄՐԱՆՅՈՒԹ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ծնվել եմ Ղազախստանի հարավում՝ Տաշքենտից մոտ 120 կիլոմետր հեռու։ Այդ տարածքում ամռանը չոր ու շոգ եղանակ է, ջերմաստիճանը հասնում է 45°C, իսկ ձմռանը՝ -10–ի. իդեալական պայմաններ խաղող և կանեփ աճեցնելու համար։

Պապերս ծագումով գերմանացիներ են եղել։ Մեր ընտանիքը ավետարանչական էր, բայց միայն անունով։ Ինձ սովորեցրել էին «Հայր մեր» աղոթքն անգիր ասել։ Երբ 14 տարեկան էի, մայրս և ավագ քույրս սկսեցին Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Մի անգամ լսեցի, թե ինչպես Վկաները մորս իր հին Աստվածաշնչով ցույց տվեցին Աստծու անունը՝ Եհովա։ Դա ինձ շատ տպավորեց։ Ցավոք, մայրս դադարեցրեց ուսումնասիրությունը, և ես այլևս չկարողացա շատ բան սովորել Աստծու մասին։ Մի օր դպրոցում ուսուցիչը Եհովայի վկաների մասին սկսեց սուտ բաներ պատմել։ Ու քանի որ քրոջս հետ եղել էի նրանց հանդիպումներին, ուսուցչին ասացի, որ իր պատմածները չեն համապատասխանում իրականությանը։

Երբ դարձա 15 տարեկան, ինձ ուղարկեցին Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)՝ ուսումնարանում սովորելու։ Սենյակակիցներիս պատմում էի այն, ինչ գիտեի Եհովայի մասին։ Այդ տարիներին սկսեցի ծխել։ Իսկ երբ վերադարձա Ղազախստան, սկսեցի նաև կանեփ օգտագործել, թեև դա արգելված էր օրենքով։ Բացի այդ, չափից շատ օղի և տնական գինի էի խմում։

Ուսումնարանն ավարտելուց հետո երկու տարով զորակոչվեցի սովետական բանակ։ Այն, ինչ իմացել էի Աստվածաշնչից, երբ փոքր էի, դեռ լավ հիշում էի։ Առիթի դեպքում զինվորներին պատմում էի Եհովայի մասին և պաշտպանում էի Վկաներին, երբ նրանց հասցեին սխալ բաներ էին ասում։

Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո գնացի Գերմանիա։ Փախստականների ճամբարում ինձ տվեցին Աստվածաշունչ ուսումնասիրելու մի ձեռնարկ, որը հրատարակել էին Վկաները։ Մեծ ոգևորությամբ կարդացի այն և համոզվեցի, որ գտել եմ ճշմարտությունը։ Որոշ ժամանակ անց տեղափոխվեցի մոտակա Կարլսռուհե քաղաք։ Այնտեղ հանդիպեցի մի Եհովայի վկայի ու նրա օգնությամբ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել։ Սակայն չէի կարողանում վերջ դնել ծխախոտ և կանեփ օգտագործելու սովորությանը։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Ես հավատում էի, որ Աստվածաշունչն Աստծու Խոսքն է։ Ու երբ կարդացի Աստվածաշունչն ուսումնասիրելու համար նախատեսված այդ գիրքը, ավելի համոզվեցի, որ Աստծու Խոսքը պատասխանում է կյանքին առնչվող բոլոր կարևոր հարցերին։ Այնուհանդերձ, պետք է ժամանակ անցներ, որ հրաժարվեի իմ վատ սովորություններից։ Ի վերջո սրտիս հասավ 2 Կորնթացիներ 7։1–ում արձանագրված խորհուրդը, և որոշեցի մաքրվել «մարմնի և ոգու ամեն պղծությունից» ու այլևս չօգտագործել կանեփ և ծխախոտ։

Գրեթե անմիջապես դադարեցի կանեփ օգտագործելուց, բայց ծխելը չկարողացա թողնել։ Մի օր ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրող Վկան հարցրեց. «Ո՞րն է քո կյանքի նպատակը»։ Այդ հարցն ինձ մղեց լրջորեն մտածելու ծխախոտ չօգտագործելու մասին, մի քանի անգամ փորձեցի, բայց չստացվեց։ Որոշեցի աղոթել ծխելուց առաջ, որպեսզի հետո Աստծուց ներողություն չխնդրեմ։ Վեց ամիս անց միայն կարողացա ձերբազատվել այդ սովորությունից։ 1993–ին օր նշանակեցի, որ էլ չծխեմ։ Առայսօր Եհովայի օգնությամբ ձեռքս ծխախոտ չեմ վերցրել։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Հիմա, երբ արդեն կանեփի ու ծխախոտի գերին չեմ, առողջությունս լավացել է։ Այսօր առանձնաշնորհում ունեմ ծառայելու Եհովայի վկաների՝ Գերմանիայի մասնաճյուղում։ Անչափ ուրախ եմ, որ սովորեցի կիրառել Աստվածաշնչի իմաստուն խորհուրդներն իմ կյանքում։ Աստծու Խոսքն իմաստավորեց կյանքս։

ՀԱԿԻՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

ԱՆՈՒՆԸ՝ ՏԻՏՈՍ ՇԱՆԳԱԴԻ

ՏԱՐԻՔԸ՝ 43

ԵՐԿԻՐԸ՝ ՆԱՄԻԲԻԱ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Մեծացել եմ Նամիբիայի հյուսիսային մասում գտնվող Օհանգվենա շրջանի գյուղերից մեկում։ 1980–ականներին այս շրջանում պատերազմ է եղել, և իմ գյուղի բնակիչներին ծեծի են ենթարկել ու սպանել են։ Այստեղ իսկական տղամարդը նա է, ով լավ կռվել է կարողանում։ Ուստի սովորեցի լավ կռվել։

Երբ դպրոցն ավարտեցի, տեղափոխվեցի ապրելու ափամերձ Սվակոպմունդ քաղաքում՝ մորեղբորս մոտ։ Որոշ ժամանակ անց դարձա ըմբոստ մի բանդայի անդամ։ Կռիվ անելու նպատակով գնում էինք քաղաքի այն հյուրանոցները և բարերը, որտեղ սևամորթներին լավ չէին վերաբերվում։ Մի քանի անգամ կռվել ենք ոստիկանների ու անվտանգության աշխատակիցների հետ։ Ամեն գիշեր զինվում էի սուր երկար դանակով, որ պատրաստ լինեի հարձակվելու ցանկացած մարդու վրա, ով կկանգներ իմ ճանապարհին։

Մի օր, երբ կռվում էի մեր թշնամի բանդայի անդամների հետ, քիչ էր մնում ինձ սպանեին։ Նրանցից մեկը թիկունքից հարձակվեց, որ գլուխս կտրի։ Բայց մեր խմբից մեկը այնպես հարվածեց նրան, որ վերջինս ուշաթափվեց։ Ճիշտ է, թեև մահն աչքիս առաջ եկավ, սակայն նորից շարունակեցի այդ կյանքով ապրել։ Միշտ առաջինը ես պետք է հարվածեի, անկախ նրանից՝ տղամարդու հետ էի վիճում, թե կնոջ։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Երբ առաջին անգամ հանդիպեցի Եհովայի վկա մի կնոջ, նա որոշ համարներ կարդաց Սաղմոս 37–րդ գլխից և ասաց, որ Աստվածաշնչի «Հայտնություն» գրքում ուրիշ շատ հրաշալի խոստումներ կան գրված ապագայի վերաբերյալ։ Սակայն նա չասաց, թե կոնկրետ որտեղ է այդ մասին ասվում, ուստի Աստվածաշունչ ձեռք բերեցի և ամբողջ գիշեր կարդացի «Հայտնություն» գիրքը։ Ինձ դուր եկան Հայտնություն 21։3, 4 համարները, որտեղ գրված էր. «Մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ ցավ այլևս չեն լինի»։ Երբ Վկաները վերադարձան, ես ընդունեցի Աստվածաշունչ ուսումնասիրելու առաջարկը։

Ինձ համար շատ դժվար էր փոխել իմ մտածելակերպն ու ապրելակերպը։ Բայց Գործեր 10։34, 35 համարներից սովորեցի, որ «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով որ վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան»։ Նաև շատ ջանքեր թափեցի, որ կիրառեմ Հռոմեացիներ 12։18–ի խոսքերը. «Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված, խաղաղությո՛ւն ունեցեք բոլոր մարդկանց հետ»։

Ես սովորեցի զսպել բարկությունս, բայց նաև պետք է թողնեի ծխելը։ Հաճախ արցունքն աչքերիս աղոթում էի Եհովային օգնության համար։ Սակայն սկզբում մի բան սխալ էի անում. ամեն անգամ ասում էի, որ «վերջին» ծխախոտն եմ ծխում ու հետո աղոթում էի։ Ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրող Վկան օգնեց հասկանալու, որ պիտի աղոթեմ մինչև ծխելը։ Նաև պետք է խուսափեի այնպիսի շրջապատում գտնվելուց, որտեղ ծխում են։ Ուստի իմ աշխատակիցներին սկսեցի պատմել ծխելու վնասների մասին։ Այս ամենն ինձ իսկապես օգնեց, քանի որ գործընկերներս այլևս ինձ ծխախոտ չէին առաջարկում։

Վերջապես թողեցի ծխելը և նախկին ապրելակերպս։ Աստվածաշնչի սկզբունքները սովորելուց և կիրառելուց վեց ամիս անց մկրտվեցի ու դարձա Եհովայի վկա։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Ես համոզվեցի, որ Եհովայի վկաները ճշմարիտ կրոնն են դավանում, երբ տեսա նրանց միջև եղող սերը։ Նրանք սեր են դրսևորում բոլորի հանդեպ՝ անկախ մարդու ռասայից, մաշկի գույնից։ Մի անգամ մինչև Վկա դառնալս ժողովի սպիտակամորթ անդամներից մեկը հրավիրեց ինձ իրենց տուն՝ ճաշի։ Այդ ամենն ասես երազ լիներ. երբևէ հանգիստ չէի նստել սպիտակամորթ մարդու կողքին, էլ ուր մնաց ճաշեի նրա հետ։ Իսկ հիմա միջազգային եղբայրության մի մասնիկն եմ։

Անվտանգության աշխատողները և ոստիկանները անվերջ համոզում էին, որ փոխվեմ։ Բայց նրանց դա չէր հաջողվում։ Միայն Աստվածաշունչը կարողացավ փոխել ինձ, ու ես երջանիկ մարդ դարձա։

[Մեջբերում 29–րդ էջի վրա]

«Հաճախ արցունքն աչքերիս աղոթում էի Եհովային օգնության համար»