Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ճշմարիտ կրոնը սովորեցնում է սիրել միմյանց

Ճշմարիտ կրոնը սովորեցնում է սիրել միմյանց

«ՆԱ, ՈՎ չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստուած սէր է» (1 Հովհաննես 4։8, էԹ)։ Հետևաբար ճշմարիտ կրոնը պետք է սովորեցնի եղբայրական սեր դրսևորել։

Շատ կրոնական խմբեր հոգ են տանում տարեցների, հիվանդների և կարիքավորների մասին։ Նրանք քաջալերում են իրենց կրոնի անդամներին կիրառել Հովհաննես առաքյալի խորհուրդը, որը գրել է. «Ով որ այս աշխարհքի ապրանքն ունենայ, եւ տեսնէ իր եղբայրը կարօտ մի բանի, եւ իր գութը փակէ նորանից, ի՞նչպէս Աստուծոյ սէրը բնակուած կ’լինի նորանում։ Որդեակներ, չ’սիրենք խօսքով եւ ոչ էլ լեզուով, այլ գործով եւ ճշմարտութիւնով» (1 Հովհաննես 3։17, 18, ԱԹ)։

Իսկ ի՞նչ կարելի է ասել այն մասին, որ ազգերը պատերազմում են իրար հետ։ «Սիրիր քո ընկերին քո անձի պէս» պատվիրանը արդյոք կիրառելի է միայն խաղա՞ղ ժամանակներում, կարելի՞ է անտեսել այն, երբ թագավորը կամ պետական գործիչը հրամայում է պատերազմել հարևան ազգի հետ (Մատթեոս 22։39, ԱԹ)։

Հիսուսն ասել է. «Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք» (Հովհաննես 13։35, էԹ)։ Հետևյալ հարցերին պատասխանելիս հարցրու ինքդ քեզ. «Այդ կրոնի անդամները միշտ սեր դրսևորո՞ւմ են բոլոր մարդկանց հանդեպ ոչ միայն խոսքերով, այլ նաև գործերով»։

ԹԵՄԱ։ Պատերազմ։

ԻՆՉ է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Հիսուսն իր աշակերտներին պատվիրեց. «Սիրեցէք ձեր թշնամիները ... բարիք ըրէք անոնց որ ձեզ կ’ատեն» (Մատթեոս 5։44, ԱԱ)։

Երբ զինվորները եկան Հիսուսին ձերբակալելու, Պետրոսը իր սուրը հանեց, որպեսզի պաշտպանի նրան։ Սակայն վերջինս ասաց. «Սուրդ տեղը դիր. որովհետեւ բոլոր սուր վեր առնողները սրով պիտի կորչեն» (Մատթեոս 26։52, ԱԹ)։

Հովհաննես առաքյալը գրել է. «Սորանով են յայտնի Աստուծոյ Որդիքը եւ սատանայի որդիքը։ Ամեն ով որ արդարութիւն չէ անում, նա Աստուածանից չէ, եւ ոչ էլ նա՝ որ իր եղբօրը չէ սիրում։ Որովհետեւ սա է պատուիրանքը, որ սկզբիցը լսեցիք, որ իրար սիրենք։ Ոչ թէ այնպէս ինչպէս որ Կայէնն էր չարիցը եւ իր եղբօրն սպանեց» (1 Հովհաննես 3։10–12, ԱԹ)։

ՀԱՐՑ։ Այդ կրոնը սովորեցնո՞ւմ է իր անդամներին պատերազմել։

ԹԵՄԱ։ Քաղաքականություն։

ԻՆՉ է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Երբ շատերը տեսան, թե ինչ հրաշքներ է անում Հիսուսը, ցանկացան նրան ներգրավել քաղաքականության մեջ։ Իսկ ինչպե՞ս արձագանքեց Աստծու Որդին։ Կարդում ենք. «Յիսուսն էլ իմանալով թէ գալու են իրան յափշտակեն, որ թագաւոր շինեն իրան, դարձեալ մինակ գնաց սարը» (Հովհաննես 6։15, ԱԹ)։

Իսկ երբ ձերբակալեցին Հիսուսին և մեղադրեցին կառավարության դեմ ըմբոստություն հրահրելու մեջ, նա պատասխանեց. «Իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը չէ. եթէ իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը լինէր, ապա իմ ծառաները կռիւ կ’անէին որ չ’մատնուիմ Հրէաների ձեռը. բայց հիմա իմ թագաւորութիւնը այս տեղից չէ» (Հովհաննես 18։36, ԱԹ)։

Մի անգամ էլ, երբ Հիսուսն աղոթում էր Աստծուն իր աշակերտների համար, ասաց. «Ես նրանց տուի քո խօսքը, եւ աշխարհը նրանց ատեց, որովհետեւ նրանք աշխարհից չեն, ինչպէս ես էլ աշխարհից չեմ» (Հովհաննես 17։14, էԹ)։

ՀԱՐՑ։ Այդ կրոնի անդամները հետևո՞ւմ են Հիսուսի օրինակին և խուսափո՞ւմ են քաղաքականության մեջ ներգրավվելուց, նույնիսկ եթե դրա պատճառով պետք է ատվեն քաղաքական գործիչների կողմից։

ԹԵՄԱ։ Կանխակալ կարծիք։

ԻՆՉ է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Այն բանից հետո, երբ անթլփատ ոչ հրեաները առաջին անգամ քրիստոնյա դարձան, Պետրոս առաքյալը հիշեցրեց քրիստոնյաներին՝ գրելով. «Աստծու կողմից աչառութիւն չկայ, այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է նրանից եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։34, 35, էԹ)։

Իսկ Հակոբոսը առաջին դարի քրիստոնյաներին գրեց. «Եղբայրնե՛ր իմ, մարդկանց միջև երբեք խտրություն մի՛ դրեք, դուք՝ որպես հավատացողներ Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ ... եթե պատահի, օրինակ, որ ոսկի մատանի դրած և փառավոր զգեստներ հագած մի մարդ գա ձեր հավաքույթին, և մյուս կողմից գա նաև աղքատ մի մարդ՝ մաշված զգեստներով, և դուք փառավոր հագուստներ ունեցողին մեծ հարգանքով ասեք՝ «Վերևո՛ւմ նստիր, խնդրեմ», մինչ աղքատին ասեք՝ «Դու այստեղ ոտքի՛ կանգնիր» և կամ՝ «Ե՛կ այստեղ գետնի՛ն նստիր՝ ոտքերիս մոտ», արդյոք դուք ձեր մեջ խտրություն դրած չե՞ք լինի և դատած չե՞ք լինի սխալ սկզբունքով» (Հակոբոս 2։1–4, ԱՆԹ)։

ՀԱՐՑ։ Այդ կրոնը սովորեցնո՞ւմ է, որ բոլոր մարդիկ հավասար են Աստծու աչքին, և որ չպետք է տարբերություն դնել մարդկանց միջև ռասայի կամ նյութական ունեցվածքի պատճառով։

Ո՞ր կրոնն է սովորեցնում հեռու մնալ քաղաքականությունից և տարբերություն չդնել մարդկանց միջև