Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընտանեկան երջանկության բանալին

Ինչպե՞ս տնօրինել փողը

Ինչպե՞ս տնօրինել փողը

Ամուսինը ասում է. «Կարծում եմ, որ կինս՝ Լոռան a, անտեղի ծախսեր է անում և գնում է բաներ, որոնց կարիքը չունենք։ Նա չի կարողանում գումար խնայել։ Մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնում չնախատեսված ծախսերի պատճառով։ Եթե կնոջս գրպանում փող կա, նա անպայման ծախսում է»։

Կինը ասում է. «Միգուցե ես չեմ կարողանում խնայողություններ անել, բայց ամուսինս պատկերացում չունի գների մասին՝ սննդամթերքի, տան համար անհրաժեշտ պարագաների, վարձավճարների։ Քանի որ մեծ մասամբ ես եմ տանը լինում, գիտեմ, թե ինչի կարիք ունենք, ու գնում եմ այն, ինչ պետք է, թեև վստահ եմ, որ նորից փողի մասին խոսակցություն է լինելու»։

ՇԱՏ ամուսնական զույգեր դժվարանում են հանգիստ խոսել ֆինանսական հարցերի մասին։ Զարմանալի չէ, որ հաճախ ամուսինները վիճում են հենց փողի պատճառով։

Կողակիցները, որոնք չունեն հավասարակշռված տեսակետ փողի մասին, հաճախ են սթրեսի մեջ ընկնում, ընդհարվում և նույնիսկ հոգևորապես թուլանում (1 Տիմոթեոս 6։9, 10)։ Իսկ այն ծնողները, ովքեր չեն քննարկում ֆինանսական հարցերը և չեն կարողանում իմաստնորեն տնօրինել իրենց փողը, ստիպված են լինում շատ աշխատել։ Արդյունքում նրանք ժամանակ չեն ունենում բավարարելու իրենց և երեխաների հոգևոր ու էմոցիոնալ կարիքները։ Երեխաները ևս չեն սովորում խելամտորեն ծախսել փողը։

Աստվածաշնչում կարդում ենք. «Արծաթի հովանիի տակ՝ մէկ է [«փողը պաշտպանություն է», ՆԱ] (Ժողովող 7։12)։ Փողը կպաշտպանի ձեր ամուսնությունը և ընտանիքը այն դեպքում, եթե սովորեք ոչ միայն տնօրինել այն, այլև կարողանաք կողակցի հետ խոսել փողի մասին b։ Իրականում ֆինանսական հարցերի մասին քննարկումները վեճերի պատճառ լինելու փոխարեն՝ կարող են ամրացնել ամուսնական միությունը։

Այդուհանդերձ, ինչո՞ւ են փողի հետ կապված խնդիրներ առաջանում ընտանիքում։ Ի՞նչ գործնական քայլեր կարող ես անել, որպեսզի փողի մասին քննարկումները օգնեն լուծելու խնդիրները և ոչ թե վեճերի պատճառ դառնան։

Որո՞նք են դժվարությունները

Հաճախ ֆինանսական հարցերի մասին տարաձայնությունների պատճառը ոչ թե փողն է, այլ կողակիցների միջև փոխադարձ վստահության պակասը կամ անհանգստությունը։ Օրինակ՝ եթե ամուսինը պահանջում է, որ իր կինը հաշիվ տա նույնիսկ աննշան գնումների վերաբերյալ, ապա կարելի է ասել, որ նա չի վստահում իր կնոջը։ Իսկ եթե կինն է շարունակ դժգոհում, որ ամուսինը քիչ խնայողություններ է անում, ապա հնարավոր է՝ նա անհանգստանում է, որ իր ընտանիքը հետագայում, երբ ինչ–որ բան պատահի, ֆինանսական դժվարություններ կունենա։

Դժվարություններից մեկն էլ այն է, որ ամուսինները մեծացել են տարբեր ընտանիքներում և տարբեր դաստիարակություն են ստացել։ «Կինս մեծացել է այնպիսի ընտանիքում, որտեղ փողի հետ կապված խնդիրներ չեն եղել, քանի որ նրա ծնողները կարողացել են լավ տնօրինել իրենց փողը,— ասում է Մեթյուն, որը ութ տարի է, ինչ ամուսնացած է,— այդ պատճառով էլ նա ինձ պես չի անհանգստանում։ Իսկ իմ հայրը հարբեցող և մոլի ծխող է եղել ու երկար ժամանակ չի աշխատել։ Հաճախ անհրաժեշտ բաներ անգամ չենք ունեցել։ Այդ պատճառով երբեմն փողի հետ կապված հարցերում խելամիտ կերպով չեմ վարվում կնոջս հետ»։ Իսկ ի՞նչ կարելի է անել, որ նման հարցերը խնդիրներ ստեղծելու փոխարեն հարթվեն։

Ի՞նչն է քեզ համար կարևոր՝ փո՞ղը, թե՞ ամուսնությունը

Հաջողության բանալին

Թեև Աստվածաշունչը ֆինանսավարության ուղեցույց չէ, սակայն պարունակում է գործնական խորհուրդներ, որոնք օգնում են ճիշտ տնօրինելու փողը և խուսափելու անտեղի խնդիրներից։ Քննենք ներքոհիշյալ խորհուրդները։

1. Սովորեք հանգիստ խոսել փողի մասին։

«Խրատուածների [«խորհրդակցողների», ՆԱ] մօտ իմաստութիւն կայ» (Առակաց 13։10)։ Գուցե անհարմար զգաս այսպիսի հարցերի շուրջ խորհրդակցել ուրիշների, հատկապես կողակցիդ հետ։ Սակայն խելամիտ կլինի սովորել այս կարևոր թեմայի վերաբերյալ քննարկումներ անել։ Օրինակ՝ կարող ես կողակցիդ պատմել, թե ինչպես են ձեր ընտանիքում նման հարցերը լուծվել, և թե դա ինչ ազդեցություն է ունեցել քեզ վրա։ Փորձիր նաև հասկանալ, թե ինչպես է անդրադարձել կողակցիդ դաստիարակությունը նրա մտածելակերպի վրա։

Պետք է նշել, որ փողի մասին կարելի է զրուցել, երբ դեռ խնդիրներ չեն ծագել։ Աստվածաշունչը գրողներից մեկն ասել է. «Մի՞թէ երկուսը կ’գնան միասին, եթէ համաձայնուած չ’լինեն» (Ամովս 3։3)։ Ինչպե՞ս կիրառել այս սկզբունքը։ Եթե կոնկրետ ժամանակ հատկացնես ֆինանսական հարցերի շուրջ խոսելուն, ապա թերևս կնվազեցնես խնդիրներ ունենալու հավանականությունը։

ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Կանոնավորաբար ժամանակ հատկացրեք ֆինանսական հարցերի շուրջ խոսելուն։ Դուք կարող եք միասին զրուցել յուրաքանչյուր ամսվա առաջին օրը կամ ամեն շաբաթ կոնկրետ որևէ օր։ Տրամադրեք 15 րոպե կամ ավելի քիչ։ Խոսեք այն ժամանակ, երբ երկուսդ էլ տրամադրված եք զրույցին։ Պայմանավորվեք, որ չեք խոսելու նման հարցերի մասին ճաշի ժամին կամ երեխաների ներկայությամբ։

2. Պայմանավորվեք, թե ինչպես պետք է ծախսեք փողը։

«Միմյանց պատիվ տալու մեջ առաջի՛նը եղեք» (Հռոմեացիներ 12։10)։ Եթե միայն դու ես փող վաստակում, ապա կարող ես պատվի արժանացնել կողակցիդ՝ քո ստացած եկամուտը ոչ թե քոնը համարելով, այլ ընտանիքինը (1 Տիմոթեոս 5։8

Իսկ եթե երկուսդ էլ աշխատում եք, ապա կարող եք պատիվ տալ իրար՝ անկեղծ ասելով, թե որքան եք վաստակում և ինչի վրա եք ծախսում ձեր փողը։ Բայց եթե որևէ բան թաքցնեք ձեր կողակցից, ապա նա այլևս ձեզ չի վստահի, և դուք կվնասեք ձեր փոխհարաբերությունները։ Ինչ խոսք, կարիք չկա խորհրդակցելու կողակցի հետ ամեն չնչին բանի համար։ Պետք է հիշել, սակայն, որ եթե մեծ ծախսերի մասին քննարկում ես կողակցիդ հետ, ապա այդպիսով ցույց ես տալիս, որ հաշվի ես առնում նրա կարծիքը։

ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Պայմանավորվեք, թե յուրաքանչյուրդ, առանց իրար հետ խորհրդակցելու, որքան գումար եք ծախսելու, օրինակ՝ 2 000 դրամ, 20 000 դրամ և այլն։ Միշտ խորհրդակցիր կողակցիդ հետ, եթե ծրագրում ես նախատեսվածից ավելի շատ փող ծախսել։

_3. Ձեր ծրագրերը գրի առեք։

«Աշխատասէրի մտածողութիւնները [«ծրագրերը», ՆԱ] միայն դէպի առատութիւն են» (Առակաց 21։5)։ Ընտանեկան բյուջե ունենալու շնորհիվ կկարողանաք ծրագրեր կազմել և չեք վատնի ծանր աշխատանքով վաստակած ձեր գումարը։ Նինան, որը հինգ տարի է, ինչ ամուսնացած է, ասում է. «Երբ թղթի վրա գրում ես, թե որքան եկամուտ ես ունեցել և թե որքան ես ծախսել, շատ ես զարմանում, քանի որ իրական պատկերն ես տեսնում։ Ինչ խոսք, փաստերի հետ չես կարող վիճել»։

Ընտրեք ձեր ընտանիքին հարմար բյուջե կազմելու ձև։ Դարենը, որը 26 տարի է, ինչ ամուսնացած է և երկու տղա ունի, պատմում է. «Սկզբում փողը տնօրինելու համար օգտագործեցինք ծրարներ։ Շաբաթվա համար նախատեսված գումարը դնում էինք տարբեր ծրարների մեջ։ Օրինակ՝ մենք ունեինք ծրար՝ սննդի, զվարճությունների, անգամ վարսավիրանոցի համար։ Երբ մի ծրարի միջի փողը վերջանում էր, անցնում էինք մյուսին, բայց ամեն անգամ այնպես էինք անում, որ հնարավորության դեպքում վերցրած գումարը հետ դնենք նույն ծրարի մեջ»։ Իսկ եթե վճարումներդ կատարում ես ոչ թե կանխիկ փողի, այլ վարկաքարտի կամ համակարգչային դրամագործության միջոցով, ապա շատ կարևոր է, որ գրի առնես քո ծախսերը։

ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Գրի առեք, թե ամեն ամիս որքան փող եք ծախսում այն ապրանքների համար, որոնք միշտ նույն գումարն են կազմում։ Պայմանավորվեք, թե ձեր եկամտի քանի տոկոսը պետք է խնայեք։ Այնուհետև գրեք, թե որքան եք ծախսում, օրինակ, սննդի, էլեկտրականության, հեռախոսի համար, քանի որ ամեն ամիս այս վճարումները տարբեր կարող են լինել։ Մի քանի ամիս պահեք ձեր ծախսերի վերաբերյալ արած նշումները։ Անհրաժեշտության դեպքում փոփոխություններ մտցրեք ձեր կյանքում, որպեսզի պարտքերի մեջ չընկնեք։

4. Պայմանավորվեք, թե ով ինչ է անելու։

«Երկուսը լաւ է քան թէ մէկը. որ նորանք վարձք ունին իրանց աշխատանքիցը» (Ժողովող 4։9, 10)։ Որոշ ընտանիքներում ֆինանսական հարցերը ամուսնու հոգածության տակ են։ Երբեմն կինն է ստանձնում այս պարտականությունը (Առակաց 31։10–28)։ Իսկ շատ ամուսիններ էլ որոշում են երկուսով կրել այս բեռը։ «Կինս կատարում է կոմունալ վճարումները և փոքր գնումները,— ասում է Մարիոն, որը 21 տարի է, ինչ ամուսնացած է,— ես էլ վճարում եմ հարկերը, վարձը և ֆինանսական այլ գործեր եմ անում։ Իրար տեղեկացնում ենք մեր անելիքների մասին։ Մենք կարծես գործընկերներ լինենք»։ Այո՛, հաջողության բանալին համագործակցելն է։

ՓՈՐՁԵՔ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Միմյանց կարծիքը լսելուց և ամեն բան ծանրութեթև անելուց հետո որոշեք, թե ով ինչ պատասխանատվություններ է ստանձնելու։ Մի քանի ամսից տեսեք, թե ինչ արդյունքներ են եղել։ Պատրաստ եղեք փոփոխություններ անելու։ Գուցե հարկ լինի, որ այս անգամ դուք ստանձնեք այն պարտականությունը, որը ձեր կողակիցն էր անում, որպեսզի գնահատեք այն, ինչ նա էր անում։

Ինչ պետք է երևա ձեր զրույցներից

Փողի մասին զրույցները չպետք է բացասաբար անդրադառնան ձեր սիրո վրա։ Լիան, որը հինգ տարի է, ինչ ամուսնացած է, համաձայն է այս մտքին։ Նա պատմում է. «Ամուսինս և ես սովորել ենք բաց հաղորդակցություն պահել և անկեղծորեն քննարկել փողի հետ կապված հարցերը։ Արդյունքում մենք կարողացել ենք լավ համագործակցել իրար հետ, իսկ մեր միջև եղած սերը ավելի է մեծացել»։

Երբ ամուսինները քննարկում են, թե ինչպես պետք է ծախսեն փողը, իրականում նրանք իրենց մտադրություններն ու ցանկություններն են արտահայտում և այդպիսով ցույց են տալիս իրենց նվիրվածությունը։ Երբ նրանք մեծ ծախսեր կատարելուց առաջ խորհրդակցում են միասին, միմյանց հանդեպ հարգանք են դրսևորում և ցույց են տալիս, որ հաշվի են առնում իրենց կողակցի կարծիքը և զգացմունքները։ Իսկ երբ որոշում են, որ կարող են փոքր ծախսեր անել առանց իրար հետ խորհրդակցելու, այդպիսով ցույց են տալիս, որ վստահում են իրար։ Փաստորեն, նվիրվածությունը, հարգանքը և վստահությունը օգնում են ամուսիններին մտերիմ հարաբերություններ ունենալու։ Ինչ խոսք, լավ փոխհարաբերությունները փողից էլ թանկ են։ Ուրեմն, արժե՞ վիճել։

a Անունները փոխված են։

b Աստծու Խոսքում ասվում է, որ «ամուսինը իր կնոջ գլուխն է»։ Սա նշանակում է, որ ամուսինը պատասխանատվություն է կրում, թե ինչպես պետք է օգտագործել փողը։ Սակայն նաև պարտավոր է կնոջը վերաբերվել սիրով, առանց եսասիրության (Եփեսացիներ 5։23, 25

ՀԱՐՑՐԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ...

  • Վերջին անգամ ե՞րբ եմ կողակցիս հետ հանգիստ զրուցել փողի մասին։

  • Ի՞նչ կարող եմ անել կամ ասել, որ իմ գնահատանքը ցույց տամ կողակցիս հանդեպ՝ ֆինանսական հարցերում ինձ աջակցելու համար։